Մատչելիության հղումներ

Ինչպես ընկավ Շուշին. մեղավորների փնտրտուքը շարունակվում է


Ինչպես ընկավ Շուշին, ինչու տապալվեց Շուշիի պաշտպանությունը, ով էր Շուշիի կորստի պատասխանատուն, ինչպես ի վերջո հայտնի դարձավ, որ քաղաքն այլևս հայկական վերահսկողության տակ չէր, ինչ փուլում է քրեական գործը. այս հարցերի մասին է «Ազատության» հատուկ հաղորդումը: Տեսակետները այս հարցերի վերաբերյալ ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա տարբեր են...

Ինչպես սկսվեց Շուշիի անկումը

Պաշտոնական քարոզչությունը նոյեմբերի 4-ին շատ հպանցիկ՝ ժլատ բառերով տեղեկացնում էր, թե Շուշիի ուղղությամբ դիվերսիոն մի խումբ է նկատվել, ադրբեջանցիներից միայն «մնացորդներ» են փրկվել, նրանց տեղն էլ լավ գիտեն: Մարդկանց հանգստացնում էին՝ ամենածանր օրերն անցյալում են: Իսկ Շուշին, ըստ ականատեսների, արդեն հարձակման տակ էր:

Ադրբեջանցիները Շուշիի մատույցներ հասան այդ օրը լուսաբացին, մարտերը քաղաքի մուտքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կառուցված էլեկտրացանցի մոտ էին։ Մի քանի ժամ տևած պաշտպանության ընթացքում զոհվեց նաև քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի եղբայրը: Դիրքը հնարավոր չեղավ պահել, հենց այդտեղով էլ, ըստ Սարգսյանի, ադրբեջանցիները պիկապներով հասան քիչ հեռու գտնվող Իսայի աղբյուր կոչվող տեղանք, ժամեր հետո մտան Շուշի՝ նախ թիկունքից:

«Ամսի 5-ին ես մեր ընկերներին ասացի` տղե՛րք, հրետանին արդեն թիկունքից է կրակում, այսինքն` հրետանին նահանջել է», - պատմում է Շուշիի Պատմության թանգարանի տնօրեն Աշուտ Հարությունյանը:

«4 հոգով մենք նստեցինք մեքենան և փաստորեն իրարից լուր չունեինք, թշնամին լրիվությամբ ճնշել էր հեռակապը, ոչ մի ձև չէինք կարողանում բջջային հեռախոսներով ինչ-որ տեղ զանգել, միայն աշխատում էին ռացիաները: Կոնկրետ մենք` այդ 4 հոգին չենք տեսել ադրբեջանցի, երբ որ մենք տեսանք մեր նահանջող բանակը: Խումբ-խումբ իջնում էին Ստեփանակերտ: Երկու խմբի ես կանգնեցրել եմ: Իրենք ասել են` հրամանատար չունենք, նահանջում ենք Ստեփանակերտ:

Եթե զորքը կանգներ, ուրիշ բան կլիներ, լրիվ ուրիշ սցենար կգնար, փաստացի այդ օրը զորքը չի կատարել իր պարտականությունները, եթե կատարեր, ինչի՞ է նահանջում»:

Պատերազմից տասն օր առաջ Հակաօդային պաշտպանության զորամասում պայմանագրային ծառայության անցած Անանիա Աբալյանը 3 զինակիցների հետ Շուշիից ներքև՝ «3 աշտարակ»-ի տարածքում էր։ 2.5 օրվա մեջ միայն մեկ՝ նահանջի հրաման են ստացել. «Որ տեսել ենք` զորք է իջնում` 200 հոգի մոտավորապես, մենք իջել ենք ներքև, ես ՄՈԲ-երից գրանատ էի վերցրել, մտածում էի` թուրքերն են իջնում դեպի Ստեփանակերտ:

Ու մեզանից մի 100 մետր վերև` Շուշիի ներքևը տանկը որ կա, այդտեղ էլ էն տղերք եղել մեր չաստից` 2-3 հոգի, իրենք էլ են ավտոյով իջել նույն պանիկայի տակ, էդ տղան զանգել է մեր կամբատին, ասում է կամբատը` 2000 հոգի մարդ է իջնում, թողեք, մենք էլ իջնենք, էնքան է ասել էդ տղեն, որ կամբատը զանգել է մեր անմիջական օբշի հրամանատարին, ասել, որ տղերքն այնտեղ են, գործ չունեն անելու, ի՞նչ անեն, ասել է` թող իջնեն»:

Արդեն ամսի 5-ին իրավիճակը ժամ- ժամ էր փոխվում՝ դեպի վատը։ Այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հիշում է՝ երբ այդ օրը կեսօրին Ստեփանակերտից բարձրանում էր Շուշի, ճանապարհը հանգիստ էր, նույն երեկոյան վիճակն ակնհայտ ծանրացավ՝ քաղաքը ռմբակոծվում էր, զորքը հարյուրներով լքում էր Շուշին, կրակոցների ձայները ավելի ու ավելի մոտ էին դառնում:

Լույս 6-ի գիշերը մասնակցեց քաղաքի կանգուն մնացած վերջին Բերդ-2 դիրքի բարեհաջող պաշտպանությանը։ Բայց առավոտյան դիրքից դուրս գալու որոշում է կայացվել, որովհետև ժամեր շարունակ չէր հաջողվում կապ հաստատել Շուշիում տեղակայված հրամանատարական շտաբի հետ։ Հետո Վարագ Սիսեռյանն իմացել է՝ կեսգիշերից հետո, երբ իրավիճակն ավելի է լարվել, որոշում է կայացվել շտաբը հանել Շուշիից, իսկ իրենց մնալու կամ դուրս գալու հրաման չի տրվել:

Շուշին ռմբակոծվում էր օրեր շարունակ
Շուշին ռմբակոծվում էր օրեր շարունակ

«Մենք երբ իջանք մեր դիրքից, մի քանի կիլոմետր քայլեցինք, Շուշիից արդեն կրակում էին մեզ վրա դիպուկահարներ, ու դրանից կարող ենք եզրակացնել, որ քաղաքն արդեն մեր վերահսկողության տակ չէր գտնվում», - հիշում է նա:

Ինչո՞ւ տապալվեց Շուշիի պաշտպանությունը

Ադրբեջանցիների մուտքը Շուշի կայծակնային էր, եկել են երկու ուղղությունով` նույն ճանապարհներով, ինչպես 28 տարի առաջ հայկական զորքերը: Տարբերությունն այն է, ասում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ 1992-ին հայկական ուժերը Շոշից էին Շուշի հասել, ադրբեջանցիները՝ 2020-ին՝ Հադրութից։ Անառիկ համարվող բերդաքաղաքը, ըստ Բաբայանի, գրավվել է ընդամենը 500 հոգանոց ադրբեջանցի ու թուրք հատուկ ջոկատայիններով ու ավտոմատներով` առանց հրետանիի։

«Եկել են Ավետարանոց, այստեղ բազա են դրել, երկրորդ բազան դրել են Սղնախի, շրջանցել, Զառուսլուով մտել, եկել, Իսաբուլաղում բազան մտել, այնտեղից մտել Շուշի, ադրբեջանցին ամսի 5-ին մտել է Շուշի»:

«Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու». հեռուստացույցից որոտում էր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի վեցի դրությամբ: Հայաստանցիները շարունակում էին հավատալ, որ Շուշին գրավելու ադրբեջանական երազանքը «գյոռբագյոռ» է արվում:

Շուշին կարող էր չընկնել, եթե ամսի 6-ի լուսադեմին Սղնախ-Չանախչի օպերացիան իրականացվեր, չի կասկածում Սամվել Բաբայանը:

Գործողությանն, ըստ Բաբայանի, երեք 250 հոգանոց գումարտակներ պետք է ներգրավվեին, բայց իր առաջարկած օպերացիան չսկսված տապալվել է․ նրանց մեծ մասը չէր ներկայացել։

«Եթե մենք խփում ենք և Ավետարանոցն ու Սղնախը վերցնում ենք, իրենք որևիցե շանս չունեն` շարունակելու այս ճանապարհը, Քարին տակ կոչված ձորը պիտի հետ գային, փորձեին ճանապարհը բացել, մենք էլ նորմալ դիրքավորված իրենց դիմավորեինք, ու վերջ...

Խի՞ չարեցինք, ժողովո՛ւրդ, տեսնում եք, որ մենք ենք մեղավոր, որ պարտվել ենք` զինվորականները` նրանք, ովքեր պարտավոր էին այս հասարակ խնդիրը գիտակցել, հասկանալ:

Մի մասը գալիս է` մի վաշտից, մնացածը հրաժարվում են, պատճառն էլ շատ պարզ է. այնտեղ ինչ-որ շրջանի ղեկավարը ղեկավարը, որ մենք իրիկունը Շուշում խորհրդակցություն ենք անում, գնում են, այդ տղաների հետ խոսում, նրանք էլ ասում են` դե գիտեք` ճիշտ կլինի` մեր գյուղերի տարածքներում մենք պաշտպանության նստենք: Մարդը, չիմանալով ոչինչ, թե գիշերվա կես ինչի՞ է գնացել այդ խորհրդակցությանը, ո՞վ է հրավիրել...

Ասողը լինում է Մարտակերտի շրջանի ղեկավարը` ում հրահանգով, ոնց, ինքնուրույն է արել այդքանը», - հիշում է Բաբայանը:

Շուշին պատերազմի օրերին
Շուշին պատերազմի օրերին

Մարտակերտի շրջանը պատերազմի օրերին Հայկ Բախշիյանն էր ղեկավարում։ «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ինքը նաև Արցախի դատախազությունում որպես վկա ցուցմունք է տվել, ասել՝ հակառակը` գնացել էր համոզելու, որ զորքը գա՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով։ Բողոքել են, որ մի օր առաջ են դիրքերից իջել, մի մասը, որ իրենց ասվել է` Մարտակերտից այլ տեղ չեք գնալու։ Գումարտակի մի մասին է տեսել, նրա խոսքով, մյուսներն ովքեր էին, չեն կարողացել ճշտել։

«Սամվել Բաբայանն ամսի 5-ին այդտեղ չի եղել, իրեն սխալ զեկուցել են դպրոցում, դահլիճում է ժողովը եղել, այդտեղից ենք ուղարկել, նշված տեղը ես ի սկզբանե տեղն էլ չգիտեի` որտեղ պիտի տանեին մեր զորքը, կամ այդպիսի օպերացիա կա, թե չկա: Տարբեր բաներ են է խոսալուց եղել, ասում ա` մենք պոստավիկ ենք, թե շտուռմավիկ: Ասում եմ` համ էլ լյոդչիկ եք, ամեն ինչ պիտի անեք, ես էլ ձեզ հետ», - շեշտում է Հայկ Բախշիյանը:

Վերջին օրերի մարտերը Շուշիում էին, թե Շուշիի համար, տեսակետները տարբեր են։

Շուշիի քաղաքապետը լսել է առանձին պատմություններ, թե վերջին օրերին քաղաք մտնողներ եղել են, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, բայց ուրիշներից էլ ձախողված գործողության մասին խոսակցություններ են ականջին հասել. «Կազմակերպված օպերացիան ինչքանով տեղյակ եմ` լրիվ պռավալվել ա»:

Վերջին օրերին մարտերն արդեն Ստեփանակերտի համար էին, ասում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որ Շուշիում էր վերջին օրերին:

«Մարտերը շարունակվում էին ոչ թե Շուշիի համար, այլ Շուշիի մոտակայքում, Շուշին արդեն մեր վերահսկողությունից դուրս էր: Շուշիի աջ կողմում կար բենզալցակայան, մեր դիրքերն այդտեղ էին», - ասում է Վանեցյանը:
«Մարտերը շարունակվում էին ոչ թե Շուշիի համար, այլ Շուշիի մոտակայքում, Շուշին արդեն մեր վերահսկողությունից դուրս էր: Շուշիի աջ կողմում կար բենզալցակայան, մեր դիրքերն այդտեղ էին», - ասում է Վանեցյանը:

«Ցավը նա է, որ մենք տեսնում էինք` լուծումը կա, ցանկություն չունեինք կռվելու, բայց տանում էին Շուշիի ուղղությամբ, 500 հոգի զոհ տալիս, ո՞վ է հրաման տվել` այդ 500 հոգին բոյի մեջ մտնի այդ ուղղությամբ, և չի արել այս խնդիրը», - հարցնում է Սամվել Բաբայանը` հավելելով. «Շուշիի համար էր դա, և Շուշիում էր դա»:

Ո՞վ է Շուշիի կորստի պատասխանատուն

Պատերազմն ավարտվեց, Շուշիի անկման մեղավորների փնտրտուքը շարունակվում է: Շուշին չգրավվեց, հանձնվեց: Ընդդիմադիրների մի մասը անհասցե՝ իշխանությանն էին ուղղում այս մեղադրանքը, մյուսները՝ կոնկրետ Փաշինյանին։

Գերագույն հրամանատարն անցավ հակահարձակման՝ եթե սկզբից բացառել էր դավաճանությունն ու Շուշին հանձնելու վարկածը, ամիսներ անց ինքը շրջանառեց՝ «բա իհարկե, Շուշին հանձնվել է»: Սկսեց մեղավորներ փնտրել իր հրաժարականը պահանջողների շարքերում։ Ինչո՞ւ, օրինակ, մարտադաշտ չհասան ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի՝ բանակային զարդարանքով նիվաները, ամիսներ անց՝ քարոզարշավին, իր ընտրազանգվածի առջև Շուշիի անկման պատասխանատու համարեց պատերազմի օրերին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբը ղեկավարած Օնիկ Գասպարյանին:

Պատերազմից անմիջապես հետո Արցախի հերոսի կոչումից հրաժարված ու ԱԽ-ի քարտուղարի պաշտոնից հեռացած Սամվել Բաբայանը նոյեմբերի տասի իր հայտարարության մեջ Արցախի ու Հայաստանի ղեկավարությանն էր մեղադրում միանձնյա դավադիր որոշումների համար, այսօր պարտության համար սպայական կազմին է մեղադրում։ Ինքն էլ էր պաշտոնյա՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը. իր պաշտոնը, ասում է, որոշումներ կայացնելու լծակ չի տվել, ինքը սոսկ խորհուրդ տվող էր։

«Դեմը կտրեինք, կանգնեցինք, Ասկերանի 5-6 գյուղը հանձնել ենք, մի բոյ չենք տվել, մի զոհ չունենք, մի դիակ չենք թողել այնտեղ, անցնենք Հադրութի Մեծ Թաղլարից մինչև… էլի նույն ձևի, այսինքն` բա ո՞նց էիք ուզում կռվել, որ կանգնեցնեինք հակառակորդին: Հիմա էն էլ խնդալով ասում է` երկու սպեցնազի օտդիլենիայով եկել եմ, Շուշին գրավել, ու մենք ազգովի, գլուխներս կախած, ասում ենք` պարտվել ենք: Մենք չենք պարտվել, ղեկավար չենք ունեցել, կառավարման մեխանիզմ չի եղել: Սպայական կազմը ծանոթ-բարեկամով էին բերել` աշխատավարձ ստանալու: Սա է պրոբլեմը», - պնդում է նա:

Ինչո՞ւ ընկավ Շուշին

«Սպասում եմ ձեզ Երևանում, վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»: Վարչապետ Փաշինյանի հետպատերազմյան այս գրառումից հետո թե ՔՊ-ը, թե՝ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնը լքած Վարագ Սիսեռյանը կարծում է՝ Շուշին ընկավ, որովհետև կար անկազմակերպվածություն, խուճապ, իշխանությունը, ինչպես հանրությունը, մոլորության մեջ էր. «Մենք մեր ուժերն իրականում ճիշտ չենք գնահատել:

Տեսել եմ, որ այո, ինչ որ գետնի վրա կատարվում է, և այն ինֆորմացիան, որ մատուցվում է թե՛ մեր հանրության, թե՛ կառավարությանը, վարչապետին, չի համապատասխանում իրականությանը, հիմա թե ով, ովքեր են դրա համար պատասխանատու: Չեմ արդարացնում, որ մենք չգիտեինք, կամ մենք տեղյակ չէինք, չէ, դա էլ է ինչ-որ տեղ, իհարկե, սխալ, եթե նման բան կար, մենք պետք է 3 տարիներին փորձեինք այդ բանը կոտրել»:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է՝ վարչապետը նաև ԱԱԾ-ից ամենօրյա ռեժիմով ստացել է բավարար ինֆորմացիա՝ թե՛ մարդկային, թե՛ տարածքային կորուստների, թե՛ առաջնագծում տիրող իրավիճակի մասին. «Փաստը մնում է այն, որ ողջ ընթացքը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը, իսկ ղեկավարի ամենագլխավոր, ամենակարևոր պարտականությունը ստացած տեղեկությունը վերլուծել և կայացնել հստակ որոշում, ինչը Նիկոլ Փաշինյանը չի արել: Մեղավորներ, իհարկե, կարող ենք գտնել շատ-շատ, բայց գլխավոր մեղավորը, պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»:

Ծավալուն քրեական գործ, ոչ մի մեղադրյալ

Մեկ տարվա քննություն, 12 հատոր, բայց ոչ մի կասկածյալ ու մեղադրյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով։ Ինչպե՞ս ընկավ Շուշին, ո՞վ կամ ո՞վքեր մեղքի ի՞նչ բաժին ունեն. իրավապահները որոշել են մեկ գործի շրջանակներում պարզել ինչպես այս, այնպես էլ ողջ հարավային ուղղության՝ Հադրութի, Սղնախի, Թաղավարդի, Քարին տակի ճեղքմանը վերաբերող բազում հարցերը։

Մեկ տարի անց հայտնի է միայն, որ գործը ԱԱԾ-ից տեղափոխվում է Քննչական կոմիտե՝ միացնելու այնտեղ գտնվող գործերին։ Սա կարող է կրկին դանդաղեցնել քննության ընթացքը։

«Ազատության» զրուցակիցներից այս գործով միայն Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է հարցաքննվել։ Մնացածը, որ նաև ռազմական գործողությունների անմիջական մասնակիցներ են, տեղյակ էլ չէին։ Դատախազությունը պնդում է՝ մոտ 200 հոգու են լսել, նրանց թվում՝ Արցախի նախագահին, ՊԲ հրամանատարին։

2 ամսվա ժամկետային զինծառայող 18-ամյա Կարեն Հովհաննիսյանի մայրը գիտեր մի բան՝ Հադրութի N զորամաս որդուն ծառայության է ուղարկում, զոհվեց: Մի տարի է` ոչ մի հարցի պատասխան չի ստացել՝ ինչպե՞ս էր որդին հայտնվել Շուշիում, ի՞նչ պայմաններում, կոնկրետ ո՞ր օրն է մահացել հրազենային վնասվածք ստացած Կարենը։ Միայն մահվան վկայականն են տվել մոր ձեռքը՝ զոհվել է նոյեմբերի 9-ին, զինկոմիսարիատից հավելել են՝ Շուշիի մատույցներում։

«Ոչ մի նախարարություն, վայենկոմատի անձնակազմից ոչ մեկն էլ մեզ տեղյակ չի պահել, մեզ տեղեկացրել է մի մարդ, որը իմ երեխու դին տեղափոխել է` շտապօգնության վարորդն է եղել:

Չափից ավելի փորձել ենք, տղաների հետ էլ ենք կապնվել, երևի ահ են տվել երեխեքին, ոչ մեկը ոչ մի բան չի պատմում, չի ասում: Մեկը` շուտ ենք մենք վիրավորվել, եկել, էլ իրար չենք տեսել: Գոնե վերջին օրերից մեր երեխու մասին ինչ-որ մի բան իմանանք»:

Տղայի հետ վերջին անգամ նոյեմբերի 7-ին են խոսել, Կարենը նույնիսկ չի ասել, որ Շուշիում է։ Այս ամիսներին սեփական հետաքննությունն էլ չի օգնել. «Սարի պես երեխա եմ տվել, սապոգներն են տվել, էդա մնացել իմ երեխուց»:

Քրեական գործից Կարեն Հովհաննիսյանի հարազատները տեղյակ չէին, իսկ դատախազությունից պնդում են՝ նաև զոհերի մահվան պատճառներն են քննության առարկա։

Իրավապահները նաև չեն բացահայտում՝ ով էր Շուշիի պաշտպանության պատասխանատուն։ Պաշտպանության նախարարությունը ևս մեր այս հարցն անպատասխան է թողել։

Ո՞վ էր Շուշիի պաշտպանության պատասխանատուն. այս հարցի պատասխանը հանրությունը մինչև այսօր էլ չունի։

Շուշիի քաղաքապետը տեղյակ չէ, աշխարհազորային Աշոտ Հարությունյանին էլ է այդ հարցը հետաքրքրում՝ մի տարի է` չի կարողանում պարզել։ Պատերազմի վերջին օրերին փոխվարչապետի հետ Շուշիում եղած Վարագ Սիսեռյանը պնդում է՝ պատասխանատուն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էր:

«Հրամանատարն այդ օրերին Շուշիի Սեյրան Օհանյանն էր, ինչը նշանակում է, որ ինքն է պատասխանատու: Ես չեմ տանում խոսակցությունն այնտեղ, որ Սեյրան Օհանյանն էր պատասխանատուն, ուրեմն ինքը պիտի պատասխանատվության... բոլորովին նման բան չունեմ, և ես նաև հարգանք ունեմ Սեյրան Օհանյանի նկատմամբ, բայց փաստացի ինքն էր հրամանատարը: Ես կարծում եմ` ինքը` որպես հրամանատար, պատասխանատու է, կամ պետք է ավելի բացի, բացահայտի, եթե ինքը ինչ-որ բաներ գիտի, որոնց մասին մենք տեղյակ չենք»:

Սեյրան Օհանյանը պնդել է՝ չկա որևէ հրաման, որով Շուշիի մարտական գործողությունների պատասխանատուն ինքն է եղել՝ պատասխանելով վարչապետի ուղիղ մեղադրանքներին։

Փաշինյանը Շուշիի պաշտպանության պատասխանատուներից էր համարել նաև պաշտպանության նախկին նախարարին, ակնարկել, թե նա էլ է քաղաքը լքողներից եղել։

«Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին ոչ կառավարման համակարգում, ոչ էլ ռազմական համակարգում: Եթե նա ուզում է փնտրել տարբեր պատճառներ` սկսած ռազմական ձախողումից մինչև դավաճանություն, այդ հարցերը թող ուղղի իր անմիջական ենթականերին: Ես իր անմիջական ենթական երբևիցե չեմ եղել, մինչև պատերազմը 1-2 անգամ նաև ասել եմ, որ անվտանգության հարցերով առաջարկություններ ունեմ, նա ինձ չի ընդունել, և թող գնա իր կառավարության, իր ղեկավարման դասերը սովորի և իմանա` ումից ինչ հարցնել», - ասում է Սեյրան Օհանյանը:

Ընդդիմադիր Արթուր Վանեցյանն ասում է՝ պաշտպանության նախկին նախարարը օգնում էր կազմակերպչական հարցերում։ Պնդում էր՝ գիտի՝ ով է եղել Շուշիի պաշտպանության պատասխանատուն, տեսել է հրամանը, բայց ում անունն էր փաստաթղթում, հրաժարվեց բացահայտել. «Գնդապետի կոչում ունեցող մի զինվորական է, անկեղծ ասած չգիտեմ` հիմա աշխատում է, թե չէ, բայց մինչև վերջերս այո»:

Պաշտոնական քարոզչության «զոհերը»

Չորս ամիս ադրբեջանական գերության մեջ անցկացրած Մարալ Նաջարյանի առաջին իսկ բառերն ադրբեջանցիներին հանել են հունից: Նոյեմբերի 10-ին պատերազմի ավարտի մասին լուրն առնելով՝ Մարալն ու ընկերը՝ Վիգենը ճանապարհվել էին Արցախ, Բերձորից վերցրել Մարալի իրերը, ապա շարժվել Շուշի՝ Վիգենի իրերի հետևից, բայց քաղաք մտել արդեն որպես գերիներ:

Մարալ Նաջարյանը
Մարալ Նաջարյանը

Հետո 2 տարբեր բանտեր Բաքվում, 15 օր անդադար հարցաքննություններ, ապա երեք ամսվա լռություն ու մենախուց, մինչև Մարալին այցելել է Կարմիր խաչը։ Վիգենն Էուլջեքյանը ուղիղ մեկ տարի է` Բաքվում է՝ 20 տարվա ազատազրկման դատավճռով։

«Մենք, հավատալով մեր կառավարությանը, մեր ժողովրդին, որովհետև մենք ամեն օր, որ դիտում էինք Ֆեյսբուք, միշտ ասում էին` Ջաբրայիլ, Հադրութ, որ իրենք գրավել էին, մերոնք ասում էին` չէ, ժողովուրդ ջան մի՛ հավատացեք: Կառավարությունը պետք է իմանար, որ ժողովուրդը գնում է և ետ չի գալիս», - նկատում է Մարալ Նաջարյանը:

Եռակողմ համաձայնագրի ստորագրման մասին լուրը հայտնի դառնալուց հետո` նոյեմբերի 10-ին, Նիկոլ Փաշինյանը մեկը մյուսի հետևից մեկ տասնյակ գրառումներ արեց Ֆեյսբուքում, այդ թվում` հայտարարելով՝ Արցախը կանգուն է, 4 անգամ ուղիղ եթեր մտավ, բայց այդպես էլ պաշտոնապես չհայտարարեց՝ Շուշին ընկել է։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG