Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները՝ Շուշիի մատույցներում․ Պատերազմի հինգերորդ շաբաթը


«Ազատությունն» ամփոփել է 44-օրյա պատերազմն ըստ 6 շաբաթների։ Առաջին մասում ներկայացվել է պատերազմի մեկնարկը, Մատաղիսի անկման շուրջ հակասական մեկնաբանություններն ու թուրքական գործոնի ընդգծումը։ Երկրորդ մասում «Ազատությունը» պատմում է Ջաբրայիլի անկման, Հադրութում գործողությունների մասին: Երրորդ մասը նվիրված է Հադրութի կորստին և հաջորդած իրադարձություններին: Չորրորդ մասում ներկայացված է իրադրությունը հարավային ուղղությամբ, հայկական ուժերի նահանջը:

Պատերազմի հինգերորդ շաբաթը մեկնարկեց այդպես էլ կյանքի չկոչված հերթական հրադադարով, այդ մասին հայտնեց վարչապետ Փաշինյանը հերթական ֆեյսբուքյան լայվով: Հայաստանի կառավարության ղեկավարի՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ի ուղերձը էականորեն տարբերվում էր նախորդներից։

Պատերազմի մեկնարկից գրեթե մեկ ամիս անց, երբ կորսված էին Հադրութը, Ջաբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանն ու Կուբաթլուն, Նիկոլ Փաշինյանը վերջապես որոշեց խոսել այն գնի մասին, որ պետք է վճարի Հայաստանը պատերազմը դադարեցնելու և ավելի լայն իմաստով՝ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հասնելու համար։

«Հիմա ես ուզում եմ, որ մենք հստակ պատասխանենք մի հարցի՝ հայ ժողովուրդը պատրա՞ստ է փոխզիջումների։ Ես կարծում եմ, որ, այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների։ Ես կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը, մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների։ Բայց արդյոք պատրա՞ստ է հայ ժողովուրդը կապիտուլյացիայի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի։ Եվ հայ ժողովուրդը, ինչքան էլ սա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու», - հոկտեմբերի 26-ին հայտարարում էր Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի այս ելույթը հանրության վրա ծանր տպավորություն թողեց, ինչը պատահական չէր։ Մեկ ամիս շարունակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո ապրող հայաստանցիները Փաշինյանի այս ուղերձում առնվազն ինը անգամ լսեցին կապիտուլյացիա բառը։ Բացի այդ, դրանից ընդամենը հինգ օր առաջ էր, հոկտեմբերի 21-ին, որ Փաշինյանը վստահորեն խոսում էր մոտալուտ բեկման և Լեռնային Ղարաբաղի խնդրի դիվանագիտական լուծման փաստացի անհնարինության մասին։ Այժմ սակայն՝ հոկտեմբերի 26-ին, իրավիճակն ու տրամադրությունները իշխանության միջանցքներում ակնհայտորեն փոխվել էին։

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմում է հայ ժողովրդին, հոկտեմբեր, 2020թ.
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմում է հայ ժողովրդին, հոկտեմբեր, 2020թ.

«Այ, մեկը հիմա էկրանին նստած կարող է ինձ ասի՝ կաբինետումդ նստել ես, դու գնա առաջնագիծ։ Հա էլի գնամ առաջնագիծ։ Եթե պահանջն էն է, որ ես էստեղից գնամ և իմանամ, որ դա է ժողովրդի ուզածը, ես էդ էլ կանեմ։ Բայց էստեղ [մեկը] պետք ա լինի։ Կարող են ասել, որ Գլխավոր շտաբի պետը ենթադրենք կամ Պաշտպանության բանակի հրամանատարը թող գնան կռվեն։ Հա, շատ լավ, բայց մեկը պե՞տք ա լինի ՊԲ հրամանատար», - հոկտեմբերի 26-ին հայտարարում էր Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց այս ուղերձից մեկ օր անց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական ուժերն արդեն նոր հրամանատար ունեին։ 2020-ի հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի ծանր վիրավորման մասին։ Այս լուրը Պաշտպանության բանակի հրամանատարական կետում՝ տեսախցիկների առջև, առաջինը հրապարակայնորեն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին ազատել Արցախի Պաշտպանության նախարարի-ՊԲ հրամանատարի պաշտոնից և գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանին նշանակել Արցախի Պաշտպանության նախարարի-ՊԲ հրամանատար՝ շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Պարոն Արզումանյան, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս», -2020 թվականի հոկտեմբերի 27-ին Պաշտպանության բանակի հրամանատարական կետում հայտարարում էր Արայիկ Հարությունյանը։

Պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխությունը տեղի ունեցավ պատերազմի ամենածանր պահին։ Ադրբեջանական ուժերը հոկտեմբերի վերջին լայնածավալ հարձակման էին անցել միանգամից երեք ուղղություններով։ Հարավ-արևելքում նրանց հիմնական թիրախներն էին Մարտունին և Կարմիր Շուկան, որոնց գրավման դեպքում կարող էր ուղիղ ճանապարհ բացվել դեպի Ստեփանակերտ։ Հարավ-արևմուտքում՝ Կուբաթլուի գրավումից հետո, ադրբեջանական ուժերը փորձում էին շարժվել հյուսիս և կտրել Ղարաբաղը Հայաստանին կապող հիմնական ուղին՝ Լաչինի միջանցքը։

Հարավում էլ ադրբեջանական լավ պատրաստված մոբիլ խմբերը շարունակում էին Հադրութից շարժվել դեպի հյուսիս՝ մեկը մյուսի հետևից գրավելով իրենց ճանապարհին գտնվող հայկական գյուղերը։ Հոկտեմբերի 27-ին ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցավ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, մյուս օրը՝ հոկտեմբերի 28-ին, ուղիղ գծով Ստեփանակերտից շուրջ 10 կիլոմետրի վրա գտնվող Սղնախը։

Ստեփանակերտի ծննդատան հրթիռակոծման հետևանքները, 28-ը հոկտեմբերի, 2020թ:
Ստեփանակերտի ծննդատան հրթիռակոծման հետևանքները, 28-ը հոկտեմբերի, 2020թ:

Շարունակվում էին նաև փոխադարձ հրթիռակոծությունները։ Հոկտեմբերի 28-ի կեսօրին կրկին հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Այս անգամ ադրբեջանական «Սմերչների» թիրախում էին Ստեփանակերտի հիվանդանոցն ու ծննդատունը։

Նույն օրը հայկական ուժերը հրթիռակոծեցին ավելի քան 40 հազար բնակչություն ունեցող ադրբեջանական Բարդա քաղաքը։ Պաշտոնական Բաքուն պնդում էր, որ այս հարվածի հետևանքով 21 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 70 մարդ վիրավորվել է։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական հրետանու հիմնական հարվածն իրենց վրա էին վերցրել քաղաքի կենտրոնում գործող շուկայի վաճառողները։

Ժամեր անց միանգամից երկու արևմտյան իրավապաշտպան կազմակերպություններ՝Amnesty International-ը և Human Rights Watch-ը կհայտարարեն, որ Բարդայի հրթիռակոծության ընթացքում հայկական ուժերը միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային ռումբեր են կիրառել։

Պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխության, չդադարող նահանջի, հրթիռակոծությունների՝ մի խոսքով ծանրագույն պատերազմական այս ճգնաժամի պայմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 27-ին հանդես եկավ նոր ուղերձով։

Հոկտեմբերի 27-ին հեռարձակված այս ելույթը տոնայնությամբ և տրամադրությամբ տրամագծորեն տարբերվում էր նախորդ օրվա ֆեյսբուքյան լայվից։ Ակնհայտ էր՝ Փաշինյանը փորձում է որոշակիորեն ցրել ցավոտ փոխզիջումների մասին իր ելույթից հետո ստեղծված ծանր մթնոլորտը՝ պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ լավատեսության նոր չափաբաժին ներարկելով հայ հանրությանը։

«Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին։ Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները։ Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ, ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի և ամեն միլիմետրի համար։ Եվ անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու», -հայտարարում էր Փաշինյանը։

Շուշի քաղաքը ադրբեջանական հրթիռակոծությունից հետո, 29-ը հոկտեմբերի, 2020թ:
Շուշի քաղաքը ադրբեջանական հրթիռակոծությունից հետո, 29-ը հոկտեմբերի, 2020թ:

Իրականում, սակայն, հայկական ուժերը հոկտեմբերի վերջին ռազմաճակատի ողջ երկայնքով բացառապես ծանր պաշտպանական մարտեր էին մղում։ Փաշինյանի գոտեպնդող ուղերձից մեկ օր անց՝ հոկտեմբերի 29-ին, հայկական կողմն առաջին անգամ պաշտոնապես չբացառեց Շուշիի կորուստը։ Այս մասին հոկտեմբերի 29-ին՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեսագրված ուղերձի ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Թշնամին այստեղից գտնվում է ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը՝ հինգ», -2020-ի հոկտեմբերի 29-ին հայտարարում էր Լեռնային Ղարաբաղի նախագահը

«Միգուցե հինգ [կիլոմետր] չէ, յոթ է, բայց մոտավորապես այդպիսի հեռավորության վրա է», - Արայիկ Հարությունյանի ելույթին Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի առաջին արձագանքն էր, որ հնչեց նույն օրը՝ ուշ երեկոյան։

Ընդհանրապես, այդ օրը տպավորություն էր ստեղծվում, որ Արայիկ Հարությունյանի ելույթը Հայաստանի մայրաքաղաքում փորձում են ներկայացնել, որպես շարքային մի իրադարձություն։

«Արցախի նախագահը ըստ էության մարտակոչ է հնչեցրել և դա ըստ էության նորմալ է։ Նման իրավիճակներում երկրների ռազմաքաղաքական ղեկավարները, զինված ուժերի հրամանատարները ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, քանի որ մարտական գործողությունները ընթանում են, շարունակվում է պատերազմը։ Ինտենսիվությունն այլ է, մարտական գործողությունների բնույթը փոխվել է, հակառակորդի հիմնական, հարձակողական, խոշորածավալ կարողություն ունեցող զորախմբերի մեջքը կոտրված է, բայց դիվերսիոն խմբերը, փոքր խմբերը փորձելու են ինչ-որ բաներ իրականացնել։ Գրեթե ամեն օր որոշակի գործողություններ կան, և եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններում դիվերսիոն գործողությունների և դրանց տապալման մասին, չի նշանակում, որ ուրիշ ուղղություններով ինչ-որ բան չի կատարվում», -հոկտեմբերի 29-ին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Պատերազմի հինգերորդ շաբաթը մեկ այլ առումով ևս աչքի ընկավ՝ ռազմական գործողությունները կանգնեցնելուն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների առատությամբ։ Այդ քայլերին երբեմն դիմում էին հակադիր, միմյանց թշնամաբար տրամադրված բևեռներ՝ այն էլ զուգահեռաբար։

Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 30-ը հոկտեմբերի, 2020թ.
Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 30-ը հոկտեմբերի, 2020թ.

Նախ Ղարաբաղում պատերազմի դադարեցման և հարցի կարգավորման սեփական տարբերակով հանդես եկավ պաշտոնական Թեհրանը։ Իրանի Իսլամական Հանրապետության առաջ քաշած ծրագրի հիմքում, ըստ այդ երկրի դիվանագետների հետևյալ սկզբունքներն էին՝ «օկուպացիայի դադարեցում, հարգանք պետությունների տարածքային ամբողջականության հանդեպ, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիություն, ինչպես նաև փոքրամասնությունների շահերը պաշտպանելու անհրաժեշտություն»։

2020- ի հոկտեմբերի 30-ին այս ծրագիրը Երևանում Հայաստանի ղեկավարներին ներկայացրեց Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։

Եվ եթե իրանցիները իրենց ներկայացրած կարգավորման պլանը առանց ավելորդ համեստության իրատեսական էին անվանում, ապա նույնը չէր կարելի ասել Արաքչիի երևանյան այցի օրը ամերիկացիների կողմից շրջանառության մեջ դրված առաջարկների մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ Բրայենը 2020-ի հոկտեմբերի 30-ին հայտարարեց, թե Վաշինգտոնն աշխատում է սկանդինավյան մի շարք պետությունների հետ, որպեսզի նրանք խաղաղապահներ ուղարկեն Լեռնային Ղարաբաղ։

Պատերազմի հինգերորդ շաբաթվա ավարտին, սակայն, գնալով ավելի ակնհայտ էր դառնում՝ ռազմական գործողությունները դադարեցնելու իրական լծակները Ռուսաստանի ձեռքում են և Կրեմլը արյունահեղությանը վերջ կտա Ղարաբաղում ռուսաստանցի, բայց ոչ նորվեգացի կամ ասենք շվեդ խաղաղապահների՝ տեղակայման համար։ Հայ-ադրբեջանական հակամարտության կոնտեքստում Ռուսաստանի դերի աճին զուգահեռ հայաստանյան քաղաքական շրջանակներում գերակշիռ էր դառնում այն կարծիքը, որ գործող իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը Կրեմլի հետ լեզու գտնել չի կարողանում։

Այս կարծիքի տարածմանը նպաստում էր նաև այն հանգամանքը, որ Մոսկվայի նկատմամբ Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշումը պատերազմի ողջ ընթացքում աչքի էր ընկնում հակասականությամբ և անհետևողականությամբ։ Հայ պաշտոնյաները միաժամանակ կարող էին հանդես գալ Ռուսաստանի կարևոր դերակատարության և Մոսկվայի ներկայացրած առաջարկների անընդունելիության մասին հայտարարություններով։ Ինչպես, օրինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը 2020-ի հոկտեմբերի 16-ին, երբ արդեն կորսված էին Հադրութը, Ջաբրայիլը, Մարտակերտի շրջանի մի մասը, «Լավրովի պլանի» իրագործումը համեմատում էր հայ ժողովրդի վերացման հետ։

«Մենք ունենք երկու ընտրություն` «Լավրովի պլանն է», որը Ալիևը հնչեցնում էր, որ հետ է վերադարձվում, «ազատագրվում է» հինգ շրջանը, հետո՝ երկուսը, իսկ Արցախի կարգավիճակը մնում է հետագա քննարկումների վրա: Սա ինձ համար անընդունելի է, որովհետև դրան հաջորդելու է Մեղրին, դրան հաջորդելու է Երևանը, և այլևս հայ ազգ որպես այդպիսին գոյություն չի ունենալու», - հայտարարում էր Սիմոնյանը։

Բնական է, որ նման պահվածքը բացարձակապես չէր նպաստում հայկական կողմի դիրքերի ամրապնդմանը և հենց այդ պատճառով էր, որ երբեմնի քաղաքական հակառակորդներ և նույնիսկ թշնամիներ համարվող Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը 2020-ի հոկտեմբերի վերջին պատրաստակամություն հայտնեցին մի կողմ դնել հին հակասությունները և միասին մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի ղեկավարության հետ Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակը քննարկելու համար։

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի իշխանությունների հետ շփումների հարուստ փորձ ունեցող Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը, սակայն, Մոսկվա այդպես էլ չմեկնեցին։ Ուղևորությունից առաջ երկրորդ նախագահի մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց՝ չնայած ախտանշանների իսպառ բացակայությանը։ Տեր-Պետրոսյանն էլ միայնակ Մոսկվա չուղևորվեց՝ այդ պահին խուսափելով մեկնաբանություններից։ Միայն պատերազմի ավարտից 10 օր անց՝ նոյեմբերի 20-ին, Տեր-Պետրոսյանի մերձավոր զինակիցներից Լևոն Զուրաբյանը «Ազատության» եթերում պատմեց պաշտոնաթող նախագահների այցի տապալման իրական պատճառների մասին։

«Այո՛, նրանք դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ նաև տրամադրվի, օրինակի համար, Տեր-Պետրոսյանին մանդատ, որ ինքը կարողանա բանակցել և գոնե պահպանել այն, ինչ որ հնարավոր էր պահպանել։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց դա անել։

«Ազատություն»․ - Ասում է՝ ասել եմ, թող գնան։

Զուրաբյան․ - Դա էլ է ցույց տալիս, որ նա ոչ մի բան քաղաքականությունից չի հասկանում։ Որովհետև ռուսները մանկապարտեզի երեխաներ չեն, որ խոսեն ինչ-որ մեկի հետ, որքան էլ հարգեն այդ մարդուն, առանց համապատասխան լիազորությունների։ Նրանք դրա ժամանակը չունեն․․․ Նա ասել է՝ գնացեք, բայց ես ձեզ լիազորություն չեմ տալիս»։

Այն, որ Փաշինյանը Պուտինի հետ շփումների իր մենաշնորհը որևէ մեկին չի զիջի՝ պարզ դարձավ արդեն հոկտեմբերի 31-ին։ Այդ օրը Հայաստանի վարչապետը պաշտոնական նամակով դիմեց Ռուսաստանի ղեկավարին՝ առաջարկելով անհապաղ խորհրդակցություններ սկսել՝ «սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար»։

Մոսկվայի պատասխանը չուշացավ։ Փաշինյանի նամակի հանրայնացումից մի քանի ժամ անց Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ 1997 թվականին կնքված հայ-ռուսական պայմանագրի համաձայն, Ռուսաստանը Երևանի կտրամադրի ողջ անհրաժեշտ օժանդակությունը, եթե «ռազմական գործողությունները անմիջականորեն Հայաստանի տարածք տեղափոխվեն» ։

Ռուսական կողմի ուղերձը հստակ էր՝ Հայաստանի տարածքին Ադրբեջանից հասցված հարվածները Մոսկվայում համարում էին ոչ թե լայնածավալ ագրեսիա կամ հայ-ադրբեջանական պատերազմի սկիզբ, այլ Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների յուրատեսակ շարունակություն, որն ինչ-ինչ պատճառներով դուրս էր եկել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից։ Եվ չնայած Մոսկվան այս ուղերձով հստակորեն հասկացնում էր, որ Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմում կողմերից որևէ մեկին օժանդակելու ցանկություն չունի, հայաստանյան պաշտոնական քարոզչությունը, իշխող կուսակցության անդամները, քաղաքագետներն ու վերլուծաբանները պատերազմի 35-րդ օրը փորձում էին համոզել հայ հանրությանը, որ Ռուսաստանի հետ այս թեմայով առարկայական խորհրդակցությունները մեկնարկել են և Մոսկվան Փաշինյանի դիմումը չի մերժել։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ազատության» տաղավարում, 31-ը հոկտեմբերի, 2020թ:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ազատության» տաղավարում, 31-ը հոկտեմբերի, 2020թ:

«Ես չեմ կարծում, որ դա մերժում է։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը, վարչապետը, դիմել է նախօրոք չճշտելով Ռուսաստանի տեսակետը։ Մինչև այդ էլ կոնսուլտացիաներ կային։ Ռուսաստանը, իմ կարծիքով, աջակցություն այնուամենայնիվ կտա», -2020 թվականի հոկտեմբերի 31-ին «Ազատության» եթերում հայտարարում էր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Ռուսաստանի հնարավոր աջակցության շուրջ ակտիվորեն գեներացվող այս սպասումներն էին թերևս պատճառը, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2020-ի հոկտեմբերի 31-ին կրկին ստիպված եղավ խախտել լռությունը։

«Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։ Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ», -2020-ի հոկտեմբերի 31-ին գրել էր առաջին նախագահը։

Շուշիում ադրբեջանական գնդակոծության հետևանքները, 31 հոկտեմբերի, 2020թ.
Շուշիում ադրբեջանական գնդակոծության հետևանքները, 31 հոկտեմբերի, 2020թ.

Պատերազմի հինգերորդ շաբաթվա ավարտին, սակայն, իրադրությունը սթափ գնահատելու կոչերը հիմնականում անտեսվում էին։ Պաշտոնական քարզչության կողմից փոխանցվող լավատեսական ուղերձների և ռազմական դրության պայմաններում անկախ լրատվության տարածման փաստացի անհնարինության պայմաններում հայ հանրության զգալի մասը շարունակում էր մնալ այն նույն էյֆորիկ տրամադրությունների ազդեցության տակ, որոնք բնորոշ էին լայնածավալ մարտերի առաջին օրերին։ Իսկ առջևում 44-օրյա պատերազմի վերջին շաբաթն էր և դրա ամենաողբերգական դրվագը՝ Շուշիի անկումը։

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG