Մատչելիության հղումներ

Հայկական կողմը ևս մեկ անգամ է դիմելու ՅՈւՆԵՍԿՕ-ին` «սպիտակ եղեռնի դեմն առնելու համար»


Արցախի մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն ասում է` պատրաստվում են երկրորդ անգամ դիմել ՅՈւՆԵՍԿՕ-ին, որ գոնե Ադրբեջանի տիրապետության տակ մնացած թանգարանային նմուշները հնարավոր լինի փրկել, դուրս բերել, թեև միջազգային կառույցներից առանձնապես մեծ հույսեր չկան։

«Մենք պետք է, իհարկե, ամեն ինչ անենք եղածը փրկելու համար, որովհետև դրանց ճակատագրին արդեն իսկ վտանգ է սպառնում», - նշում է նա:

Առաջին անգամ ասում է՝ դիմել էին հոկտեմբերի 10-ին, ստացել էին ընդհանուր մի արձագանք. «Որում երկու կողմերին հորդորում են չթիրախավորել, չոչնչացնել ուղղակի մշակութային արժեքները»:

Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ Ադրբեջանի տիրապետության տակ է անցել շատ մեծ մշակութային ժառանգություն` եկեղեցիներ, խաչքարեր, թանգարաններ, հնավայրեր, ամրոցներ, և դրանք բոլորը վտանգված են։ Վառ օրինակը Շուշիի Ղազանչեցոց և Կանաչ Ժամ եկեղեցիների ճակատագիրն է, Ղազանչեցոցը պատերազմի ընթացքում երկու անգամ թիրախավորվեց գերճշգրիտ զինատեսակներից, ապա նաև պղծվեց՝ պատերին գրություններ հայտնվեցին, Կանաչ Ժամն էլ օրերս համացանցում հայտնված տեսանյությում երևում է արդեն առանց գմբեթների։

«Սպիտակ եղեռն է, և սրա դեմը պետք է առնել, որովհետև այս ամեն ինչը շատ բացասաբար է անդրադառնալու ապագայի վրա ունեցած մեր տեսլականի, սերունդների տեսլականի, ապագայի նկատմամբ ունեցած հավատի նկատմամբ ուղղակի», - շեշտում է նախարարը:

Ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել Շուշիում Ղազանչեցոց, Կանաչ Ժամ եկեղեցիները, Երկրագիտական, Պատմության թանգարանները՝ յուրօրինակ հավաքածուներով, Կերպարվեստի թանգարանը՝ այնտեղ ցուցադրվում էր Գառզու և Սարյան, Հադրութում են մնացել Տողի Մելիքական ապարանքը, Կատարո վանքը, Ազոխի թանգարանը, շատ եկեղեցիներ, խաչքարեր։ Տիգրանակերտի հնավայրը, օրերս պարզվեց, ևս այն տարածքներում է, որ հանձնվում են Ադրբեջանին։ Ղարախանյանը թվարկում է այն, ինչ կարողացել են դուրս բերել. «Մեզ հաջողվել է ժամանակին տարհանել Տիգրանակերտի, Բերձորի Երկրագիտական թանգարանը, Տիգրանակերտի թանգարանը, Կերենի դամբարանադաշտի ցուցանմուշներ, Շուշիից որոշ գորգեր` մասնավոր հավաքածու էր, բայց կապ չունի, մշակութային բարձր արժեք ներկայացնող գորգեր էին դրանք: Մեզ հաջողվել է Քարվաճառի շրջանից ևս որոշ բաներ տարհանել, բայց Հադրութում են մնացել թանգարանային արժեքավոր նմուշները և Շուշիում են մնացել: Այդ երկու տեղերում փաստորեն մշակույթն անպաշտպան է մնացել, որովհետև Հադրութի մարտական գործողություններն էլ են եղել անկանխատեսելի, Շուշիինը` առավել ևս»:

Մեղադրանքները, թե ինչու դուրս չեն բերել մշակութային արժեքները պատերազմի ընթացքում, Լուսինե Ղարախանյանը հարցի շահարկում է համարում։ Ոչ ոք, ասում է, նույնիսկ ամենավատ մղձավանջում չէր կարող պատկերացնել, որ Շուշիի պես անառիկ ամրոցը կարող է անցնել Ադրբեջանին. «Ասենք ռմբակոծում էին, չենք հասցրել հանենք մնացած մշակութային ժառանգությունը, բայց հիմա տարբեր մարդիկ շահարկում են թեման»:

Այսօր Մարտունու շրջանի Մաճկալաշենի գյուղապետարանի ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ գյուղի մոտ գտնվող Ամարաս վանական համալիրը գրավված չէ։ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հաստատում է՝ վանական համալիրը Արցախի տարածքում է, սակայն ադրբեջանական դիրքերը Ամարասից առավելագույնը մեկ կիլոմետրի վրա են, այն նշանառության տակ է. «Վանական կյանք, աղոթական կյանք այդպիսին հնարավոր չէ անել, քանզի հնարավոր է, որ նաև դիպուկահարներ կամ որոշ զենքի տեսակով իրենք կարող են վնաս հասցնել հոգևորականներին: Այդ իսկ պատճառով հիմա հոգևոր կյանքը դադարեցված է Ամարասի վանքում, բայց հուսով եմ, որ շատ շուտով մենք այնտեղ նորից կվերականգնենք հոգևոր կյանքը, և միաբանները կարող են աղոթել և մնալ վանական խցերում»:

Երեկ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին նամակ է հղել Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ներկայացրել ադրբեջանական կողմի իրականացրած հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերն ու վանդալիզմի ակտերը և կոչ արել կառույցին արդյունավետ քայլեր ձեռնարկել` ապահովելու հայկական, պատմական, մշակութային և հոգևոր հուշարձանների պաշտպանությունը և երաշխավորելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը։

Այսօր էլ Ֆրանսիայի նախագահն է Թվիթերում գրել, որ Ֆրանսիան ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության գործում: ՅՈւՆԵՍԿՕ-ին բաց նամակով դիմել են նաև Ռուսաստանի մշակույթի գործիչները, այդ թվում` դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, երաժիշտ Բորիս Գրեբենշիկովը, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը: Նրանք խնդրել են պաշտպանության տակ առնել Արցախի մշակութային ժառանգությունը։

Հայաստանի մշակույթի գծով փոխնախարար Նարինե Խաչատուրյանն ասում է՝ ցավոք պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ չկան. «Սրանք ավելի բարոյական բաներ են, որ արվում են: Հիմա տեսեք, ասենք թե ՅՈւՆԵՍԿՕ-ն ասաց` ես իմ հովանու տակ եմ առնում, այսինքն` ինքն այնտեղ ի՞նչ պիտի դնի` խաղաղապահ կամ փրկարար, ի՞նչ պիտի դնի: Ինքն ասում է` հա, ես իմ հովանու տակ առա, գիտեք ինչ, Պալմիրան էլ էր իր հովանու տակ, Ափամիան էլ էր իր հովանու տակ և ի՞նչ»:

XS
SM
MD
LG