Մատչելիության հղումներ

Շուշիի քաղաքապետի փոխանցմամբ` «մարտերը շարունակվում են, մաքրման աշխատանքներ են կատարում»


Շուշիում ծանր մարտերը շարունակվում են, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մարտերը շարունակվում են Շուշիում, մեր զորքերը վարում են հերոսական, վստահ գործողություններ: Ամփոփիչ որևէ բան ասել այս պահին չեմ կարող և խորհուրդ կտամ որևէ կերպ ընդհանրացնող գնահատականներ, ամփոփիչ գնահատականներ առայժմ չնհչեցնենք», - «Ազատությանը» փոխանցեց Հովհաննիսյանը:

«Բերդաքաղաքը դիմանում է հարվածներին», Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը Շուշիի մատույցներում ու քաղաքում իրավիճակը ներկայացնում է երկու նախադասությամբ. «Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանք»։

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը քիչ առաջ տեղեկացրեց` «մարտերը շարունակվում են, մաքրման աշխատանքներ են կատարում»: «Գիշերը ռմբակոծվել են մատույցները, որտեղ գտնվում է թշնամին, և շարժ է նկատվել թշնամու կողմից իրենց պիկապներով, բազմաթիվ պիկապներ Իսայի աղբյուրի հատվածում, գազի խողովակների կողքով, անձամբ ես եմ այդքանը տեսել, որ շարժվում են դեպի Իսայի աղբյուր: Այդտեղ էլ նրանց ոչնչացրել են, իսկ հիմիկվա դրությամբ մարտերը շարունակվում են հենց Շուշիի մատույցներում», - ասում է նա:

Ժամեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ ուղերձով ազդարարեց, թե Շուշին ազատագրել են: Շուշիի քաղաքապետը շեշտեց` ողջ հայությունն է այժմ պայքարում քաղաքի համար, որ միշտ է երազելի ուղղություն եղել Ադրբեջանի համար. - «Շուշիի համար իրենք լացում են, մուղամներ են երգում»:

Քաղաքապետը չի կասկածում՝ Շուշին ոչ միայն հայկական է մնալու, այլև վերականգնվելու է կայծակնային արագությամբ. - «Աստված առաջ, սարքվելու է Շուշին, պատմության մեջ եղել է, քանի անգամ վառվել է ու նորից ոտքի է կանգնել, իր հպարտության մեջ է գտնվել»:

Շուշին ու մերձակայքը չեն միայն Արցախի թեժ կետերը, ոչ այդքան ինտենսիվ, բայց մարտեր են նաև Արցախի հարավում ու Մարտունու ուղղությամբ, տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը. - «Մի փոքր ավելի ինտենսիվ, բայց էլի ոչ Շուշիի մակարդակի մարտեր գնում են նաև Մարտունիի ուղղությամբ, որտեղ 1-2 հարձակողական գործողություն ու գրոհ հետ ենք մղել այսօր: Ստաբիլություն կա այդ հատվածում»:

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը գիշերը հեռահար հրթիռների 8 հարված է ստացել բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։

Ստեփանակերտի ամենակենտրոնից՝ Վերածննդի հրապարակից առավոտյան լուսանկար ու գրառում է տարածել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. «Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է», - գրել է նա:

XS
SM
MD
LG