Մատչելիության հղումներ

Զինադադարից մեկ ամիս անց էլ շատ անհետ կորածների հարազատներ անորոշության մեջ են


Ալվարդ Աղախանյանը գրեթե ամեն օր Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողով է գալիս՝ 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած ժամկետային զինծառայող որդուց մի լուր իմանալու։ Բայց որևէ սպառիչ պատասխան ինչպես նա, այնպես էլ անհետ կորած շատ զինվորների ծնողները այդպես էլ դեռ չեն ստանում։

«Թալիշում է եղել էդ օրը, սեպտեմբերի 26-ին գիշերը խոսել եմ հետը ու էլ տեղեկություն չունենք ու ոչ մեկ տեղեկություն չունի: Ցավալին դա է, որ ոչ մեկից ոչ մի բան չենք կարողանում իմանալ», - ասաց Աղախանյանը:

Գլխիկոր, թևաթափ դուրս են գալիս հանձնաժողովի շենքից։ «40 օրից ավելի ա արդեն տեղեկություն չունեմ, ոչ մի բան էլ չեն ասում: Ջաբրայիլում զինվոր է եղել, եկել է Հադրութ ու էլ տեղեկություն չունենք», - նշեց անհետ կորած զինվորներից մեկի հարազատը:

Ալվարդ Աղախանյանի որդու՝ 20-ամյա Էդգար Խաչատրյանի ծառայության ժամկետը հունվարին է լրանում։ Թալիշում ծառայող որդուց երկու ամսից ավելի լուր չունեցող մայրն արդեն չգիտի՝ ինչ անի, ում դիմի։ «Նահանջ են տվել, ով իրա համար առանձին գնացել է, նահանջել է, բայց էդ ընթացքում մեկը մյուսից տեղեկություն չունեն...., մի քանիսին մենակ անուններով գիտենք, էդ պահին ամեն մեկն իր համար հասցրել է մենակ իր մասին մտածի», - նշեց Աղախանյանը:

Որոնողական աշխատանքները նաև Թալիշում, որտեղ ծառայում էր Ալվարդ Աղախանյանի որդին, դեռ շարունակվում են։ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկատվության բաժնի սպա Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ աշխատանքներ տարվում են նաև Մարտակերտի, Մարտունու հարակից հատվածներում։ Առաջիկայում որոնումներ կսկսվեն նաև Ջաբրայիլում։

«Մեխակավանում, Ջաբրայիլի հատվածում դեռ որոնողական աշխատանքները չեն սկսվել, բայց արդեն պայմանավորվածություն կա, այս հատվածներում ավարտելուց հետո կտեղափոխվի այդ ուղղություն», - նշեց Թադևոսյանը:

Անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս միայն մեկ հայ զինծառայող է հայտնաբերվել՝ ոստիկանական ջոկատից, որ մի քանի օր շարունակ թաքնվել էր անտառներում։ Նույն՝ Շուշիի մերձակայքից հայտնաբերվել է նաև մեկ ադրբեջանցի զինծառայող։

Մոտ մեկ ամիս շարունակվող որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել են ավելի քան 700 զինծառայողների մարմիններ, որոնց մի մասը փոխանցել է ադրբեջանական կողմը, հայտնեց Հունան Թադևոսյանը։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում որոնողական վերջին աշխատանքներն են տարվում։

«Առաջինը սկսվել է Շուշի քաղաքից և մերձակա տարածքներից, հիմնականում անտառային գոտիներից, այս պահի դրությամբ Շուշին գրեթե ավարտված է, այնտեղ վերջին որոնողական աշխատանքներն են տարվում՝ արդեն ջոկատների քիչ թվաքանակով: Որոնողական աշխատանքները հիմնականում արդեն ծավալված են Հադրութի ուղղությամբ, արդեն երրորդ օրն է Արցախի փրկարարները շարունակում են ձեռք բերված պայմանավորվածության համաձայն որոնումները Հադրութ քաղաքի և հարակից գյուղերի, այդ թվում՝ Այգեստանի, Արմենակավանի հատվածներում, ինչպես նաև Ֆիզուլի քաղաքում», - ասաց Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկատվության բաժնի սպան:

Թադևոսյանի փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքները երեկվանից արդեն ընթանում են ադրբեջանական զինուժի կողմից գրավված Ֆիզուլիում։

Մեկ այլ ջոկատ էլ աշխատում է Քաշաթաղի շրջանում։ Որոնողական աշխատանքներն իրականացվում են տարածաշրջանում մարդասիրական առաքելություն իրականացնող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ՝ գեներալ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ։ Բուն որոնողական գործողություններին մասնակցում են Արցախի փրկարարական ջոկատները և սակրավորական խմբերը։

«Մի առանձին ջոկատ աշխատում է Քաշաթաղի շրջանում, հարավային թևում, Իշխանաձորի հարակից տարածքներն են, այնտեղ, որտեղ տեղի են ունեցել ռազմագործողություններ, այդ վայրերում: Ի տարբերություն առաջին օրերի, այդ օրերին ջոկատները մի քիչ ավելի ընդլայնված են, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն է այդպես ստացվել և համաձայնությամբ նաև ադրբեջանական կողմի, սկզբից նրանք չէին համաձայնում, կոնկրետ թիվ էին ասում, որ թող լինեն 30 հոգանոց ջոկատներ կամ 50 հոգանոց», - նշեց Թադևոսյանը:

Օրերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հաղորդեց, որ հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցեց, որ շարունակում են իրենց միջնորդական առաքելությունը՝ չմանրամասնելով փոխանցված ցուցակների շուրջ տարվող աշխատանքները։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկու օր առաջ Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին այցելած Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովը իրեն է փոխանցել ռազմագերիների անուն-ազգանունները։ Թե քանի ռազմագերու մասին է խոսքը, Արցախի նախագահը չի մանրամասնել։ Ադրբեջան՝ Մուրադովի այցից հետո հայկական կողմին փոխանցվեց 2 քաղաքացիական անձ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի նախնական տվյալներով, սահմանից այն կողմ պահվում են 60 ռազմագերիներ և 40 քաղաքացիական անձինք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG