Մատչելիության հղումներ

Մարդիկ իրենց մշակույթը չեն գնահատում, բայց պրոֆեսիոնալ են ուրիշի մշակույթը կողոպտելու մեջ. Արցախի Մշակույթի նախարար


Ժանսեմի «Պարուհին»
Ժանսեմի «Պարուհին»

Ադրբեջանցի գեղանկարիչների շուրջ 50 աշխատանքներ պահվում են Ստեփանակերտի պատկերասրահում։

«Նախատեսված հատուկ տարածքում, որտեղ առկա են գեղանկարների պահպանման համար նախատեսված բոլոր պայմանները։ Հիսունի մոտ աշխատանքներ են 1970-ական թվականների», - ասում է Ստեփանակերտի պատկերասրահի էքսկուրսավար Նոնա Գրիգորյանը։
Նա շեշտում է, որ այս աշխատանքները երբևէ չեն ցուցադրվել և կարիք չի եղել ուսումնասիրելու դրանք ու դրանց հեղինակներին, բայց կարծում է, որ գոնե Ադրբեջանում հայտնի հեղինակներ են։

Այս աշխատանքներն Արցախում են մնացել 90-ականների պատերազմից հետո։ Արցախի Մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հույս ուներ, որ այս պատերազմից հետո դրանք կհետաքրքրեն Բաքվին և հնարավոր կլինի փոխանակել Շուշիի կերպարվեստի թանգարանի՝ Ադրբեջանին մնացած գործերի հետ. - «Խաղաղապահ կոնտինգենտի մշակույթի հարցերով զբաղվողների հետ փորձել ենք առաջարկել փոխանակման մեխանիզմը, Շուշիի պատկերասրահից հետ բերել մեր նկարները, փոխարենը տալ արցախյան առաջին պատերազմից մնացած ադրբեջանցի նկարիչների գործեր։ Բայց չի ստացվել»։

Նախարար Ղարախանյանը մտածում է առաջիկայում կրկնել առաջարկը, բայց հիշելով ռուսների փոխանցած կտրուկ մերժումը՝ բարկանում է. - «Մարդիկ իրենց մշակույթը չեն գնահատում, բայց շատ պորֆեսիոնալ են այլ մարդկանց մշակույթը տանելու և կողոպտելու մեջ»։

Շուշիի կերպարվեստի թանգարանը մինչև պատերազմը քովիդի պատճառով առցանց ցուցադրություններ էր սկսել, դրա շնորհիվ այդ թանգարանի նմուշները մնացել են գոնե համացանցում։ Ժանսեմի «Պարուհին», «Երիտասարդ մայրը», Գառզուի, էդգար Շահինի, Ռուդոլֆ Խաչատրյանի գործերից, մի դիմանկար Սարյանից, Կալենց, Հակոբ Հակոբյան... Հայ անվանիներից բացի, Շուշիի թանգարանում նաև ռուս հեղինակներ էին ներկայացված... Ամեն ինչ մնաց Ադրբեջանին։

«Թանգարանի հավաքածուն՝ թվով 673 ցուցանմուշ, կազմված էր բացառապես նվիրատվություններից», - ասում է Շուշիի թանգարանների տնօրեն Լուսինե Գասպարյանը՝ հավելելով, որ դրանցից միայն 100-ը փրկվեց, այն էլ պատահականորեն. դրանք ժամանակավոր ցուցադրության էին ուղարկվել Ստեփանակերտ՝ Ուռուցքաբանական հիվանդանոցի շենք, Երաժշտական քոլեջ ու Կենտրոնկան ընտրական հանձնաժողով։

Գասպարյանը լավատես չէ, թե ադրբեջանական կողմը Շուշիի թանգարանում մնացած արվեստի գործերը կցանկանա փոխանակել ադրբեջանցի հեղինակներին հետ։ Ադրբեջանցիներն արդեն իսկ ակտիվ եռուզեռ են սկսել Շուշիի թանգարաններում...

Պատերազմի ժամանակ, Գասպարյանի փոխանցմամբ, կերպարվեստի թանգարանի կտավները հավաքել ու նկուղ էին իջեցրել։ Թանգարանն ապահով ռմբապաստարան ուներ, ոչինչ չտարհանվեց, որովհետև ո՞վ կմտածեր, որ Շուշին հաշված օրերի ընթացքում ադրբեջանական է դառնալու։

«Շուշին ուղղակի համարվել է ապահով, մարդիկ իրենց աղջիկների օժիտները բերել են Շուշի, Շուշին համարվել է անառիկ», - ասում է նախարար Լուսինե Ղարախանյանը։

Կերպարվեստի թանգարան մի քանի տարի առաջ Երևանից ժամանակավոր ցուցադրության էին տեղափոխվել Գյուրջյանի երեք քանդակները՝ «Հաղթանակը», «Տանգոն» ու «Կնոջ դիմանկարը»։ Շուշիի անկումից առաջ Հայաստանի մշակութային գերատեսչությունը հանեց դրանք թանգարանից, իսկ Շուշիի մշակութային, պատմական ժառանգությունը հիմնականում մնաց տեղում՝ բերդաքաղաքի անառիկության վստահությամբ։

«Սխալ ենք արել, շատ վատ ենք արել, պատասխանատու ենք», - խոստովանում է նախարարը։

Այս պատերազմում Ադրբեջանին մնաց 20 հազար 385 թանգարանային նմուշ, երկու հազար հուշարձան, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 536 խաչքար...

«Այս թվերի հետ քնում-արթնանում եմ», - ասում է Լուսինե Ղարախանյանը։ - «Գիտեք ինչ ծանր ա... Ոնց որ դժոխքի հատակից խոսում եմ ձեզ հետ։ Դրոշի մոտ նստած եմ մի տաք սենյակում, էդպես չի... Եթե ասեք՝ որտե՞ղ եք, ես կասեմ՝ դժոխքի հատակում եմ»։

XS
SM
MD
LG