Մատչելիության հղումներ

Պուտինի առաջարկած տարբերակով պատերազմի դադարեցումը նշանակում էր Շուշիի հանձնում, պնդում է ԱԺ փոխնախագահը


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը և Արմեն Եղոյանը ճեպազրույցով են հանդես գալիս, 19 նոյեմբերի, 2020թ.
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը և Արմեն Եղոյանը ճեպազրույցով են հանդես գալիս, 19 նոյեմբերի, 2020թ.

Հոկտեմբերի 20-ի դրությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած տարբերակով պատերազմի դադարեցումը փաստացի նշանակում էր Շուշիի հանձնում, այսօր խորհրդարանական ճեպազրույցին պատասխանելով «Ազատության» հարցին` այս մասին հայտարարեց ԱԺ իշխանական փոխնախագահ Լենա Նազարյանը։

Պուտինը նոյեմբերի 17-ին Россия-24-ի եթերում հայտարարել էր, որ հոկտեմբերի 19-20-ին, երբ ադրբեջանական բանակը դեռևս գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված միայն, իրեն հաջողվել էր համոզել Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները, բայց Ադրբեջանի պարտադիր պայմանն էր եղել փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի։ Փաշինյանն այս առաջարկին չէր համաձայնել։

«Դա նշանակում էր հանձնել Շուշին, և որոշվել է շարունակել պայքարը, ինչի մասին նաև ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահը, մտածելով, որ կունենանք ռազմական հաջողություն, կունենանք բեկում, որովհետև Շուշին, գիտեք, բերդաքաղաք է, և մտածել են նաև ռազմական ղեկավարությունը և քաղաքական ղեկավարությունը, որ այդ հատվածում մենք կկարողանանք ունենալ ռազմական հաջողություն: Դա տեղի չի ունեցել, և այդ հայտարարությունը հնարավոր է դարձել ընդունել միայն հենց Շուշիի անկման կետում, որովհետև այդ պահից սկսած այլևս պարզ էր, որ հնարավոր չի լինելու ունենալ ռազմական հաջողություն, և այդ իրավիճակում յուրաքանչյուր հաջորդ զոհ չէր լուծելու ոչ մի ռազմական խնդիր: Եվ միայն այդ պայմաններում հնարավոր եղավ այդ հայտարարության ստորագրումը: Հիմա եթե այն ժամանակ` հոկտեմբերի 19-20-ին, Հայաստանը և Արցախը համաձայներ, որ Շուշի վերադառնային ադրբեջանցի փախստականներ, այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ: Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք», - ասաց Նազարյանը:

Իշխող խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը մանրամասնում է՝ առաջարկի պահին հակառակորդը Շուշիից 20 կմ էր հեռու, իսկ Պուտինի տարբերակում անորոշ էր փախստականներին տրամադրվող ճանապարհի հարցը, բացի այդ, գործելու էր 1988 թվականի դրությամբ Շուշիի բնակչության համամասնությունը, այսինքն` 80-20 տոկոս հօգուտ ադրբեջանցիների։

«Պատկերացնենք ապագան. Շուշիի քաղաքապետը լինելու էր ադրբեջանցի, որովհետև քաղաքի 80 տոկոսն առնվազն լինելու էին ադրբեջանցի, ենթադրում եմ, որ քաղաքում կարող էր հայ ընդհանրապես չմնալ: Ես չեմ պատկերացնում, թե քանի հայ կմնար քաղաքում, և այդ պայմաններում ես չեմ պատկերացնում, թե մենք ոնց կարող էինք ասել, որ Շուշին գտնվում է մեր վերահսկողության տակ», - նշեց Եղոյանը:

Ավելին՝ Եղոյանը պնդում է, որ հոկտեմբերի 20-ից հետո ռազմաճակատի գիծը լուրջ փոփոխությունների չի ենթարկվել, բացառությամբ Շուշիի, որն ըստ իշխանականների՝ Պուտինի առաջարկած տարբերակով ևս կարելի էր կորսված համարել. «Հոկտեմբերի 20-ից հետո, ես սա էլ ասեմ, ռազմաճակատի գիծը մեծ հաշվով չի փոխվել, մեծ հաշվով, միայն միակ, այսինքն` Շուշին չհաշված, Շուշին հասկանալի է, որ 20 օր իրենք մոտիկանում էին Շուշիի Թաղավարդի ձորակից, միակ բացառությունը Կուբաթլուն էր, որ իրենք գրավեցին հոկտեմբերի 26-ին, բայց ամբողջ ընթացքում մենք ոնց էինք մարտերը վարում, ոնց էր պատերազմը տեղի ունենում, եղած ռեսուրսներով և նաև մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունների շրջանակում իրականացված ռազմատեխնիկական աջակցության շրջանակներում»:

Շուշիի ոչ մի քաղաքապետ չէր լինելու ադրբեջանցի. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասում է` իշխանությունների պարզաբանումները Շուշիի մասով իրականությանը չեն համապատասխանում. «Շուշիի ոչ մի քաղաքապետ չէր լինելու ադրբեջանցի, փախստականների հարցը քննարկվել է, դա դեռ հարց է` ադրբեջանցիները գալո՞ւ էին իրենց փախստականներով այդտեղ, թե՞ չէ: Հիմա այդ նույն իրավիճակում մենք ենք Հադրութի պարագայում. հայկական կողմը պահանջե՞լ է Հադրութ վերադառնալ մեր փախստականներին, մոտավորապես 15 հազար մարդ է ապրել Հադրութում և հարակից շրջաններում»:

Ի դեպ, Հադրութի և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մյուս շրջանների բնակիչների վերադարձի վերաբերյալ հարցին երեկ խորհրդարանում պատասխանել էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ դա հետագա բանակցությունների հարց է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG