Մատչելիության հղումներ

Փաշինյանը կկրի տեղի ունեցածի պատասխանատվությունը, բայց նաև ինքը հարցեր կբարձրացնի


Այսօր վարչապետը տեղեկացրեց, որ որոշում է կայացրել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորների հարցերին պատասխանելիս: Հայտարարությունից րոպեներ անց արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղադրեց Մնացականյանի հրաժարականի ձեռագիր դիմումը։

Մնացականյանը նախարար էր նշանակվել 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո։ Նրա ազատման վերաբերյալ հրամանագիրը Կառավարության կայքում դեռ չի հրապարակվել։

«Եվ էս առիթով ասեմ, որ Արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել», - խորհրդարանում հայտարարեց Փաշինյանը։

Այս հայտարարությանը նախորդել էին գրավված Շուշիի մասին պատգամավորների հարցերը։ Նախ Տաթևիկ Հայրապետյանը («Իմ քայլը») հետաքրքրվեց, թե արդյոք որևէ բանակցային փաթեթի շրջանակում քննարկվել է Շուշիի հարցը։

Վարչապետը պատասխանեց․ - «Վերջին երկուս ու կես տարվա ընթացքում իմ ունեցած շփումները, քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից և տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից և Շուշիից։ Այո, բանակցային փաթեթներ եղել են։ Բանակցային փաթեթը ի՞նչ ա։ Բանակցային փաթեթը թուղթ ա, որի վրա կարող ես գրես քո լավագույն ցանկությունները նույնիսկ։ Բայց էդ բանակցային փաթեթներից որևէ մեկը իրագործվե՞լ է»։

Այս պատասխանից հետո գրառում կատարեց արտգործնախարարության խոսնակը՝ նշելով, որ «խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»:

Քիչ անց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլը») խնդրեց պարզաբանել, թե ի վերջո երբ են առաջ եկել Շուշիի շուրջ քննարկումները։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ - «Միշտ եղել ա փախստականների վերադարձի հարց, փախստականների և բռնի տեղահանվածների հարց։ Եվ երբ որ աշխատանքային մակարդակում պարզաբանումներ ենք փորձել ստանալ, թե էս կամ էն կետում ի՞նչն է որ ընդունելի կարա լինի, կարող է դարձնել, և ի՞նչ է նկատի առնվում։ Էդ կետի ներքո միշտ նկատի է առնվել ադրբեջանական կողմից, որ առնվազն Շուշի պետք ա մեր փախստականները վերադառնան։ Միշտ։ Եվ երկրորդը, պատերազմի մեկնարկից ի վեր, երբ որ եղել են տարբերակներ, թե ինչ տարբերակներով մենք կարող ենք գալ համաձայնության, որ պատերազմը կանգնի, եթե ոչ ամենասկզբում, իքս պահից՝ գուցե 5 օրից, 6 օրից, 7 օրից, Շուշին, որպես նախապայման պատերազմի դադարեցման, հայտնվել է օրակարգում։ Եվ սա անհերքելի փաստ է»։

Փաշինյանի խոսքով, տեղի ունեցածի պատասխանատուն ինքն է և կկրի այդ պատասխանատվությունը, բայց բարձրացնելու է հարցեր, որոնց պատասխանները պետք է հնչեն․ - «Հանրություն էսօր ինձնից պետք ա կոնկրետ պատասխան պահանջի, բայց ես էլ ունեմ պատասխան պահանջելու շատ-շատերից, այդ թվում այս էրկուս ու կես տարվա ընթացքի վերաբերյալ։ Մենք մսխել ենք մեր երեսուն տարին։ Կարող ա էրկուս ու կես տարին էլ ենք մսխել, բայց էրկուս ու կես տարին երեսուն տարվա տասը տոկոսից քիչ ա։ Եթե երեսուն տարին մսխելը մեզ համար դառել ա արդեն կոդ մտածողության, էդ ո՞նց էինք էրկուս ու կես տարվա ընթացքում երեսուն տարվա տրամաբանությունը շրջելու հակառակ։ Չնայած դա մեզ չի ազատում պատասխանատվությունից»։

Հաջորդեց հարց՝ պատասխանտվության ենթարկվելո՞ւ են այն նախարարներն ու փոխնախարարները, որոնք վերջին 2,5 տարում չեն կարողացել որակյալ աշխատանք կատարել։

«Փոփոխությունները լինելու էնպես և էն ժամկետներում, որ ոչ թե ինքը ուղղակի գործողություն անելու, ցույց տալու համար լինի, այլ ինքը նաև բովանդակային, արդյունավետության և այլ փոփոխությունների բերի։ Եվ այո, լինելու են փոփոխություններ ձեր ասած հանգամանքների վերլուծության արդյունքում։ Այսինքն՝ երևի ճիշտ ա մտածել, նոր անել, ոչ թե անել, նոր մտածել», - ի պատասխան ասաց վարչապետը։

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել էին այս նիստը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից բացի, դահլիճում էր նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նրա կարծիքով, Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքը կարող է ապահովել Նիկոլ Փաշինյանը, ով պետք է առաջարկի ճանապարհային քարտեզ, որի վերջին փուլն էլ պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունը․ - «Որպեսզի կարողանանք իսկապես պատվով դուրս գալ և կայունությունը վերադարձնել մեր երկրին»։

«Որ մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության և օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն ստեղծելն է, այսօր ես չեմ կարծում, որ մենք էդ հնարավորությունը ունենք։ Որովհետև մենք խնդիր ունենք վերականգնելու անվտանգությունը և օրինականությունը Հայաստանի Հանրապետությունում և ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը։ Առաջին խնդիրը Կառավարության այդ հնարավորությունը վերականգնելն է, որից հետո հնարավորություն կլինի խոսել մյուս անելիքների մասին։ Բացառված է, որ ես կոնկրետ որևէ էնպիսի քայլ անեմ, որի արդյունքում կվտանգվի իշխանություն ձևավորելու ազատ, օրինական, արդար, թափանցիկ ձևով, ազատ կամարտահայտման միջոցով իշխանություն ձևավորելու ժողովրդի հնարավորությունը և իրավունքը», - նշեց Փաշինյանը։

Պատգամավորները դիմեցին Կառավարության ղեկավարին զոհված զինծառողների հիշատակին սգո օր հայտարարելու մասին, որը կմիավորի ողջ հանրությանը։ Փաշինյանն ասաց, որ դա անհրաժեշտ է անել ռազմադաշտից բոլոր զոհվածների աճյունները դուրս բերելուց հետո։

XS
SM
MD
LG