Մեզ ոչ մի տեղ էլ չեն հրավիրում, արցախցիների համար Երևանում բացված շտաբի առջև հավաքված հադրութցիներն են ասում: «Հադրութի շրջանին ոչ մեկը չի հրավիրում: Հիմա մեզ համար ի՞նչ նշանակություն կա` էստեղ թափառենք, թե ուրիշ տեղ թափառենք, նշանակություն կա՞ մեզ համար», - ասում է Լիրա Ահարոնյանը:
Նրա թոռները օրեր առաջ Ստեփանակերտ էին գնացել, մեկ օր գիշերեցին մեքենայի մեջ, հետ եկան Երևան: Միայն տուն լինի, Արցախ կգնանք, ասում է նրա համաքաղաքացին՝ հադրութցի Իրա Բաղդասարյանը. «Խի՞ չեմ ուզի, որ մի տուն տան, իմ երեխեքիս հավաքեմ մեջը, հայրենիքս ա, հայրենիքից հրաժարվե՞լ կլինի, էն հողի համար մեռնում եմ, ազատագրել ենք էն հողը, որ մերը մնա, բայց էսօր չգիտեմ` ինչ ասեմ, չգիտեմ, ասելու բան էլ չունեմ»:
Բաղդասարյանները Հադրությում 5 տուն են թողել, հիմա տանիք են փնտրում Հայաստանով մեկ. «Տեղ չունենք, մեզ էստեղ ոչ մեկը չունենք, մենք դուրս ենք եկել, եկել ենք մի ամայի տեղ նստել»:
Վլադիմիր Գասպարյանի քրոջ ամուսինը զոհվել է՝ նրա անունով վարկ կար, ընտանիքը դրամական ինչ օգնություն ստանում է, բանկն արագ կլանում է: Խնդիրները շատ են, ու դրանք լուծվում են դանդաղ, արձանագրում է տղամարդը: Վոլոդյա Գասպարյանի նյարդերը չեն դիմանում, նույնիսկ շտաբի շենք մտնել չի ուզում. «60 տարեկան մարդ եմ, երեք անգամ տունս վառել ա, ի՞նչ ապագա պիտի տեսնեմ: Հիմա ես էստեղ եմ առանց մի կոպեկ, ո՞վ ա իմ մասին մտածում, ցիգանի նման»: Հադրութցի տղամարդուն անարդարությունն էր հունից հանում, որ կար պատերազմից առաջ, ընթացքում ու հիմա. «Ինձ բացատրի` գնամ, ի՞նչ անեմ, մեկը թող ինձ հասկացնի: 30 տարի առաջ էլ մինչև էտ տունս վառած, մի մեշոկ ցեմենտ չեն տվել, որ գոնե տունս սվաղեմ, իսկ ում որ պետք է եղել, 20 անգամ օգնել են իրենց մարդկանց»:
Հադրութի Տող գյուղից 17-ամյա Նորայր Ավետիսյանն էլ էր մայրիկի ու փոքր քրոջ, եղբոր հետ Արցախ` Ստեփանակերտ վերադարձել, նույն օրը հետ եկան. գիշերելու տեղ չկար. «Չէ, կա ոչ, տեղ չկա մնալու»:
Ավելի քան 120 բնակավայր է անցել Ադրբեջանին: Այդտեղ ապրողների համար Արցախի շտաբում փոքրիկ հայտարարություն կա, որից պարզ է դառնում` նրանց իսկապես չեն հրավիրում Արցախ, քանի դեռ բնակարանային խնդիր կա։ Գրառումը ավարտվում է քչերին հուսադրող ուղերձով. «Գտնվենք խորագետ ու պատվով հաղթահարենք ստեղծված ծանր կացությունը, տունդարձի հայտարարությունը չի ուշանա»:
Շուշիում 30 տարի լեզու և գրականություն դասավանդած Վարդիթեր Հակոբյանն էլ է պաթոսի հարցում նահանջել. «Ճիշտն ասած` իմ մեջ միշտ էլ հայրենասիրական պաթոսը եղել է, լավատեսությունը, չեմ իմանում, միշտ գրական կերպարները, հայրենասիրական կերպարները, ասենք, ուժ են տվել և ինձ, և սերունդներին: Այժմ չգիտեմ` գրականության բովանդակությունն ինչի մասին է լինելու, դարձել ենք պարտված երկրի քաղաքացի»:
Շտաբում տարբեր ցուցանակների առջև խմբված մարդիկ են: Նրանց ընդունում են Արցախի սոցիալական ծառայության ներկայացուցիչները։ Վարդան Բաղդասարյանը, որ Քաշաթաղի սոցծառայության տարածքային գործակալության պետն է, գրանցում է խնդիրները, առայժմ այսքանը: Նա հորդորեց՝ ստեփանակերտցիները թող շտապեն Ստեփանակերտ. «Շուշիի շրջանից, Հադրութի շրջանից, Քաշաթաղի, Շահումյանի, հիմնական այն մարդիկ, որոնք տեղահանված են այս պահին, դեռևս սպասեն, որ այնտեղ բնակարանային խնդրի առաջ չկանգնեն»:
Արցախի կառավարությունը հայտարարել է՝ մեկ տարով բնակիչները կազատվեն կոմունալ վճարներից՝ գազ, ջուր, հոսանք, ինտերնետ ու հեռախոս, իհարկե որոշակի սահմանափակում կլինի, ասում է Բաղդասարյանը. «Հավանաբար լիմիտ կլինի, որպեսզի մեր ազգաբնակչության կողմից, այսպես ասած, անիմաստ չարաշահումներ չլինեն»:
Բայց շատերը դեռ Արցախ գնալու հնարավորություն չունեն, և նրանց հետաքրքրում է ֆինանսական աջակցությունը: Արցախում հաշվառվածներին` 68 + 15 հազարական դրամ և 300 հազար` տուն կորցրած քաղաքացիներին: 68 հազար միանվագ աջակցությունը կտրամադրվի աշխատավարձ չստացածներին, սա արցախցիներն անարդար են համարում: «Ո՞նց կլինի տենց, մեկին հասնում է, մեկին չէ՞», - նկատում է Արմեն Բաղդասարյանը: Նոննա Մարտիրոսյանն էլ հավելում է. «Հոկտեմբերին ես աշխատավարձս ստացել եմ, հիմա մեր զորամասը ցրել են, չկա այդ զորամասը, աշխատավարձն էլ հետը չկա, ես ո՞նց պիտի պահեմ իմ երեխուն, եթե հոկտեմբերին ես էտ փողը ստացել եմ: Ստեղ, դուք գիտեք, օգնությունը լրիվին չի հասնում, չգիտեմ, ամեն ինչ չի, որ բոլորին հավասար հասնում է: Ես էլ Հադրութից` Ջաբրայիլից, առանց ոչ մի բան եկել եմ, հասել էստեղ, ուրիշի շոր ա հագս»:
Արցախ գնալու տեղ չունեն, իսկ Հայաստանում տուն վարձելու համար փող է պետք: Նոննա Մարտիրոսյանին շտաբում տեղեկացրին՝ բնակվարձի փոխհատուցման հարց կքննարկվի եկող ամսին. տուն, գյուղ, շրջան կորցրած արցախցիները պետք է սպասեն:
«Հադրութն ո՞ւր գնա, էտ հարցով չեն զբաղվում, ուր գնում ես, մեկ ասում են` հետ դառնանք, էսօր ասել են` տեղ չկա, մի արեք, բա ո՞ւր գնան էստեղ էտ ժողովուրդը», - հարցնում է Նոննա Մարտիրոսյանը:
Նորածնի բարուրով միջանցքում շրջում էր քաշաթաղցի Ամալյա Բաբայանը, այնքան մոլորված էր՝ ծոռան անունն էլ չէր հիշում: 20 օրական Հայկը Երևանում է ծնվել, նրա գյուղում՝ Ծաղկաբերդում, արդեն ադրբեջանցիներն են: Ամալյա Բաբայանը 90-ականներին էլ թոռան բարուրով էր դեգերում տարբեր արտակարգ շտաբներով. «Էլի սենց առել եմ, ընկել եմ քուչա-քուչա»: