Մատչելիության հղումներ

Արցախցիներն իշխանություններից պահանջում են հստակ նշել՝ ինչպես են ապահովելու Արցախում ապրող մարդկանց անվտանգությունը


Կառավարության շենքի առջև այսօր հավաքված արցախցիներն իշխանություններից պահանջում են իրենց փախստականի կարգավիճակ տալ, թեթևացնել իրենց սոցիալական հոգսը, հստակ նշել, թե ինչպե՞ս են պատկերացնում Արցախի կարգավիճակն ու ինչպե՞ս են ապահովելու Արցախում ապրող մարդկանց անվտանգությունը։

«Եթե Արցախի Հանրապետությունում չստեղծվեն այդ պայմանները, չստեղծվեն նաև Հայաստանում, մենք դիմելու ենք արտասահմանյան երկրներին: Ես երեկ հինգ պետության դեսպանատներ նամակ եմ գրել, առաջարկել, որ 5000 բնակչություն ունեցող համայնք՝ օրինապաշտ և աշխատասեր, խնդրում են պայմաններ առաջարկեն իրենց մոտ: Եթե որևէ պետությունից արձագանք լինի, անպայման տեղափոխվելու ենք այնտեղ: Հիմնական պահանջը սոցիալական անարդարությունն է, սոցիալական հարցերն են, բացի դրանից կառավարությունից պահանջում ենք փախստականի ստատուս տան մեզ, դա էլ չի ստացվում», - նշեց հավաքվածներից մեկը:

Հայաստանի սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը վերջերս լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պատերազմի օրերին ու դրանից հետո կառավարությունն ավելի քան 20 միջոցառում է իրականացրել տեղահանվածների սոցիալական խնդիրները մեղմելու համար։ Ըստ պաշտոնյայի՝ ավելի քան 90 հազար տեղահանված արցախցիներից շուրջ 20 հազարն են այժմ բնակվում Հայաստանում, մյուսները վերադարձել են։ Սոցապ նախարարը տեղեկացրել էր, որ շուտով Հայաստանում բնակվող արցախցիները 25-50 հազար դրամ կստանան՝ 4 ամիս ժամկետով։

Կառավարության առջև հավաքվածներն այսօր հարցնում էին՝ այդ գումարով տան վարձ տա՞ն, թե՞ ապրեն։

«Մեկ մեծահասակ անձին 25 հազար, բնակարանը վարձով տվողի հետ պայմանավորվե՞լ են, որ այդ գինը սահմանել են: Ամենապակասը Հայաստանում 100 հազար է բնակարանը, հիմա այդ 100 հազարը որտեղի՞ց է այդ բնակիչը տալու, ինչպե՞ս է լուծելու իր սոցիալական խնդիրները: Իրանց բացթողումներին ենք մենք անդրադառնում», - ասաց ակցիայի մեկ այլ մասնակից:

Արցախից տեղահանված քաղաքացիների մի մասը կառավարությունից գնաց Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ նրանց լսեց դեսպանատան աշխատակիցը:

Հադրութում տունը կորցրած Իռա Թամրազյանն ու «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանն էլ շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Նրանք հիշեցրեցին՝ երեկվա դեպքը, երբ ադրբեջանցիների կրակոցներից հենց Շուշիի մոտ շինաշխատանք կատարող քաղաքացիներից մեկը՝ 22- ամյա երիտասարդը մահացել էր, ևս երեքը՝ վիրավորվել։

«Ինպե՞ս է լինում, որ Վլադիմիր Պուտինը կարողանում է չոքացնել ողջ հայությանը, ոնց է լինում, որ մի ահռելի իմպերիայի նախագահ հայտարարում է իրեն Արցախի հայության անվտանգության երաշխավոր, և այսօր օրը ցերեկով թուրքական սպան սպանում է հայ աշխատավոր մարդուն: Այսօր ռուս զինվորի, որին կոչել են խաղաղապահ, ներկայությամբ հայ մարդ են սպանում և ոչ մեկը դրա համար պատասխան չի տալիս: Հիմա ես ուզում եմ մյուս հարցը տալ հայկական իշխանություններին, Արցախի իշխանությունները, Հայաստանի իշխանությունները որևէ ձևով պարզաբանում ունե՞ն», - նշեց Մարիամ Ավագյանը:

Ռուսաստանի դեսպանատան անվտանգության աշխատակիցը կանանց ասաց՝ «արարողակարգային ընթացք կա, նամակը գցեք արկղի մեջ սպասեք պատասխանի»։ Կանայք սակայն հույս չունեին պատասխան ստանալու, պաստառներով կանգնեցին դեսպանատան առջև, բարձրաձայնեցին իրենք բողոքն ու հեռացան։

XS
SM
MD
LG