Մատչելիության հղումներ

Ալիևը պնդում է, թե հայկական կողմը երկար ժամանակ թաքցրել է Հադրութի կորուստը


Իլհամ Ալիևը պնդում է, թե Հադրութը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ է անցել  հոկտեմբերի 9-ին, ինչը հայկական կողմը երկար ժամանակ թաքցնում էր:

Կնոջ և դստեր ուղեկցությամբ Ադրբեջանի նախագահը նախօրեին այցելել է Ֆիզուլիի եւ Հադրութի շրջաններ, որոնց նկատմամբ վերահսկողության հաստատումը պատերազմի ընթացքում բեկում ապահովեց ադրբեջանական զիված ուժերին՝ հնարավոր դարձնելով հետագա առաջխաղացումը։

Հադրութ քաղաքի և շրջանի շուրջ երեք տասնյակ համայնքների կորստի մասին թե՛ պաշտոնական Ստեփանակերտը, թե՛ Հայաստանի իշխանությունները մինչև նոյեմբերի 10-ը ոչ միայն չեն հայտնել, այլև շարունակաբար կտրականապես հերքել են։ Հոկտեմբերի 9-ին, ի պատասխան ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունների, Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել էր․ - «Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»։

Նույն ժամերին Հադրութի գրավման մասին Բաքվի պնդումները հերքում էր նաև Արցախի նախագահի խոսնակը՝ ասելով․ - «Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբր Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր»։

Մինչդեռ, ինչպես պնդում է Ալիևը, հենց այդ օրն արդեն քաղաքն ու շրջանը իրենց ձեռքում էր։

«Հադրութ քաղաքը զբաղեցրել ենք հոկտեմբերի 9-ին, և հայերի համար դա անակնկալ էր, քանի որ նրանք ադրբեջանական զինված ուժերի հարձակմանը սպասում էին այլ ուղղությամբ», - երեկ հայտարարել է Ալիևը, ով այցի շրջանակներում մասնակցել է Ֆիզուլի-Հադրութ ճանապարհի շինարարության մեկնարկին նվիրված արարողությանը։

Ադրբեջանը Շուշի քաղաքին կապող այս ճանապարհի կառուցումը, որի համար ադրբեջանական կառավարությունը արդեն հատկացրել է 30 միլիոն դոլար, ռազմավարական նշանակություն ունի Բաքվի համար, քանի որ ներկայումս Շուշի տանող ճանապարհը անցնում է Աղդամի և Ստեփանակերտի տարածքով, և, ինչպես հայտարարում է ադրբեջանական կառավարությունը, «առայժմ հնարավոր չէ օգտագործել»։

Ադրբեջանի նախագահի խոսքերով, շուտով պատրաստ կլինի շահագործման Բարդա-Աղդամ ճանապարհը, Հորադիզից մինչև Զանգելան տանող ճանապարհի շինարարարությունն էլ ընթացքի մեջ է։

Ադրբեջանի նախագահը այս անգամ ևս Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ է այցելել կնոջ եւ դստեր ուղեկցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից լայնորեն լուսաբանվող այս ուղևորության ընթացքում ադրբեջանական իշխող ընտանիքի անդամները կրում են զինվորական համազգեստ, մեքենան անձամբ վարող Ալիևը պատմում է ադրբեջանական բանակի «հերոսություններից», հայհոյում է հայերին, տեղ հասնելուն պես բարձրացնում ադրբեջանական հսկայական դրոշ, ելույթ ունենում զորքի առաջ, ձեռքը բռունցք դարձրած հերթական սպառնալիքներն ու վիրավորական արտահայտությունները հնչեցնում հայկական կողմի հասցեին։ Արդեն ավանդույթ դարձած այս օրակարգի մաս է կազմում ևս մեկ պարտադիր դրվագ՝ այց հայկական եկեղեցի, որտեղ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ դա ոչ թե հայկական, այլ ալբանական եկեղեցի է։

Հադրութի շրջանում գտնվող հինավուրց եկեղեցիներին մեկում էլ նույն պնդումները հնչեցին՝ տաճարը ոտքից գլուխ կեղծ է՝ ո՛չ գրությունները, ո՛չ նախշազարդերը, ո՛չ ճարտարապետությունը հայկական չեն։ Ինչպես այս կադրերում, այնպես էլ պատերազմից հետո ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հրապարակած գրեթե բոլոր լուսանկարներում Բաքվի վերահսկողության տակ գտնվող եկեղեցիների վրա բացակայում են խաչերը, հայկական գրություններն ու հայ եկեղեցուն բնորոշոր խորհրդանիշերը։

«Այս հինավուրց հուշարձանը նման է աղբանոցի։ Մինչդեռ իրականում սա մեր հինավուրց պատմական հուշարձանն է, մեր եղբայրներ ուդիների տաճարը, և նրանք կգան այստեղ», - ինչպես Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կամ Քարվաճառում գտնվող Դադիվանքի վանական համալիրի մասին էր հայտարարում, այս անգամ էլ արդեն Հադրութի շրջանում էր կրկնում Ադրբեջանի նախագահը։

XS
SM
MD
LG