Մարալի քույրը՝ Անին ասում է, որ անդադար փնտրում է տեսանյութերում և չի գտնում։
Անի Նաջարյանն արդեն կասկած չունի, որ Մարալն ու Վիգենը, ով ընտանիքի բարեկամն է, գերեվարվել են։ Անին ասում է, որ քրոջ հետ հայրենադարձվելու ու հենց Արցախում հաստատվելու նպատակ ունեին․ - «Սփյուռքահայերի սիրտը Արցախն է»։
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում նրանց ընդունել են օգոստոսին, նավահանգստի պայթյունից անմիջապես հետո, ասում է գրասենյակի ներկայուցուցիչ Հովհաննես Ալեքսանյանը․ - «Նախապես քույրերի հետ խոսել ենք։ Ցանկություն են հայտնել վերաբնակեցման ծրագրով Արցախում վերաբնակվել։ Մենք Արցախի ներկայացուցչության հետ պայմանավորվել ենք, ստացել ենք համաձայնություն, և օգոստոսի վերջին քույրերը եկել են Հայաստան։ Մոտ 15 օր մնալով Երևանում՝ մեկնել են Արցախ, մնացել են Շուշիում»։
Արցախի կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել 150 լիբանանահայի բնակարանով ապահովել Շուշիում, Բերձորում, Աղավնոյում ու Քարվաճառում։ Քույրերին տուն է առաջարկվել Բերձորում կամ Շուշիում։
«Տունը դեռևս վերջնական պատրաստ չէր, հարդարման փոքրիկ բաներ կային։ Իրենք էդ արանքում Արցախի կառավարության միջոցներով ապրում էին հյուրանոցում, ինչպես մյուս վերաբնակները», - ասաց Ալեքսանյանը։
Պատերազմից երկու շաբաթ առաջ Անին ու Մարալը մեկնել են Արցախ ու իջևանել Շուշիի հյուրանոցում, բայց այնտեղ իրենց լավ չեն զգացել։ «Շուշին մեզի ծանր եկավ․ ճնշումը, օդը, բարձրությունը», - ասաց Անին։
Ուստի տեղափոխվել են Բերձոր և միայն մեկ օր են հասցրել երազել․ - «Մարալը խոհանոցը սիրում էր։ Ասաց՝ ճաշեր կպատրաստենք, կբաժանենք․․․ Կապրենք, մեր հարցը որոշ ձևով քարեն կհանենք։ Մենք հայ ենք։ Կաշխատենք, կապրենք։ Մեր զավակները պիտի գային․․․»
Բերձորում հաստատվելուց ուղիղ մեկ օր անց սկսվել է պատերազմը։ Մեկ շաբաթ էլ են դիմացել ու Լաչինի կամրջի պայթյունից հետո փախել Երևան։
Հրադադարի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո քույրը Վիգենի հետ որոշել է իրերի հետևից Բերձոր գնալ, և հենց այս ուղևորությունն է ճակատագրական դարձել։
Անին ասաց, որ վերջին անգամ քույրն իրեն զանգահարել է Գորիսից։
Նոյեմբերի 10-ի երեկոյից արդեն Մարալի ու Վիգենի հետ կապը կտրվել է։ Անին մտածում է, թե քանի որ Շուշիում էլ իրեր ունեին, գուցե դրանց հետևից են գնացել՝ հավելելով, որ տեղյակ էին, որ քաղաքը ընկել է։
Այն, որ նրանք գերեվարվել են, հստակ հասկացել են երկու շաբաթ անց , երբ Մարալի ֆեյսբուքայն էջից սկսել են լատինատառ թուրքերենով նամակներ գրել մարալի լիբանանյան հարազատներին՝ աղջկան եղբորը , քրոջը։
«Որ մամադ մահացել է, որ մամադ ողջ է․․․ ասում է՝ իրենք էստեղ ի՞նչ գործ ունեին, թուրքերի գլո՞ւխը պիտի ջարդեին», - նամակների բովանդակությունն է փոխանցում Անին։
Նա ենթադրում է, քրոջ հեռախոսի մեջ հայ զինվորների վերաբերյալ տեսանյութեր կային, գուցե դրանք են տեսել։
Այս ծանր օրերին միայն աղոթում է․ - «Աղոթում ենք, որ ողջ լինեն։ Բայց թուրքին վստահություն չկա»։
Մարալի Լիբանանում ապրող դուստրը, որդին դիմել են տեղի կառույցներին։ Լիբանանի կառավարությունը բողոքի նամակով Բեյրութում Ադրբեջանի դեսպանատուն է դիմել, Անին այստեղ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային անվտանգության մարմիններին է փոխանցել ֆեյսբուքյան նամակները։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է դիմել։ Առայժմ ոչ մի պատասխան չունի, գոնե չգիտի՝ ողջ են նրանք թե ոչ։ Օրերն անցնում են, սիրտն ավելի է սևանում․․․
Անի Նաջարյանը հոգեկան տանջանքներից բացի, նաև բարդ սոցիալական վիճակում է հայտնվել. ստացվում է, որ Արցախից փախան, բայց արցախցի չեն, ոչ մի աջակցություն չի ստանում։ Նույնքան բարդ վիճակում գտնվող մոքրաքրոջ տանն էր։ Գուցե Լիբանան վերադառնան, բայց սպասում են Մարալին, Վիգենին և բոլոր գերեվարվածներին․ - «Անոնք ալ ծնողք ունին, մայրերու սիրտը կայրի․․․»