Մատչելիության հղումներ

Թրամփը հուսով է՝ վաղվա հանդիպմանը Զելենսկին խաղաղության գնալու պատրաստակամություն ցույց կտա

Լրացված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժ, արխիվ

Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների՝ վաղը նախատեսված հանդիպումից առաջ Ռուսաստանը մի քանի գյուղ է հետ վերցրել Կուրսկի շրջանում, Ուկրաինայի արևելքում էլ՝ նոր բնակավայրեր գրավել:

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ ռուսներին հաջողվել է Սուջայում չշահագործվող գազատարի միջով անցնել ուկրաինական զինուժի թիկունք, արդյունքում ուկրաինացի հազարավոր զինվորներ կարող են շրջափակման մեջ հայտնվել: Նրանց մի մասը զրկվել է մատակարարման ուղիներից, «Ազատությանն» ասել է ռազմական փորձագետ Յան Մատվեևը:

«Ռուսական զինված ուժերը շարունակում են Սուջան հետ վերցնելու փորձերը, սոցցանցերում տարածված որոշ տեսանյութեր ցույց են տալիս, որ քաղաքի համար մարտեր են ընթանում։ Սուջայի մերձակայքում գտնվող մի քանի բնակավայրեր վերջին օրերին արդեն անցել են ռուսների վերահսկողության տակ, տպավորություն է, որ ուկրաինական զորքերը լքել են դրանք առանց կռվի», - նշել է Մատվեևը:

Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ վաղվա հանդիպումից առաջ ուկրաինական ուժերին Կուրսկից դուրս մղելով Մոսկվան ցանկանում է Կիևին զրկել բանակցությունների ժամանակ այդ տարածքները սակարկելու հնարավորությունից:

Նախօրեին Fox News-ի լրագրողը Միացյալ Նահանգների նախագահից հետաքրքրվել է՝ վատ չի՞ զգում այն փաստից, որ ԱՄՆ ռազմական աջակցության դադարեցումից հետո Ուկրաինան կարող է չդիմանալ պատերազմին։ Թրամփն ի պատասխան պնդել է՝ Ուկրաինան այսպես թե այնպես չէր կարող դիմակայել։

«Այս պատերազմը չպետք է լիներ, սակայն տեղի ունեցավ։ Այնպես որ, հիմա մենք խրված ենք այս խառնաշփոթի մեջ», - նշել է Միացյալ Նահանգների նախագահը:

Թրամփը կրկին պնդել է, որ իր առաջնային խնդիրն է դադարեցնել պատերազմը Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև, և հույս է հայտնել, թե վաղը կայանալիք հանդիպմանը Զելենսկին ցույց կտա, որ պատրաստ է գնալ խաղաղության։ Նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ ասել է, թե Վաշինգտոնում հուսով են նաև ուկրաինական հազվագյուտ մետաղների համատեղ շահագործման գործարքը կնքել։

«Ցանկանում եմ, որ նրանք այս պահին խաղաղություն ուզեն... Այս պահին նրանք այդ ցանկությունը չեն ցուցաբերել այնքանով, որքանով պետք է: Սակայն կարծում եմ՝ կանեն։ Ըստ իս՝ դա պարզ կլինի առաջիկա երկու-երեք օրերին», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Ամերիկացի երկու պաշտոնյա, անանուն մնալու պայմանով, Reuters-ին ասել են, որ այդ հանդիպմանն ԱՄՆ-ը ցանկանում է պարզել՝ պատրա՞ստ է Կիևը զիջումների գնալ պատերազմը դադարեցնելու դիմաց և լո՞ւրջ է տրամադրված ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու հարցում Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո:

«Դու չես կարող ասել՝ ես խաղաղություն եմ ուզում, ու միաժամանակ՝ մերժում եմ որևէ հարցում զիջումների գնալ», - ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

ԱՄՆ նախագահի վարչակազմի մեկ այլ պաշտոնյա, որի անունը չի նշվում, NBC News-ին ասել է՝ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է, որ Ուկրաինային ռազմական աջակցությունն ու հետախուզական տվյալների տրամադրումը վերականգնելու դիմաց Զելենսկին հրաժարվի Ռուսաստանի կողմից արդեն գրավված տարածքներից, ընտրություններ անցկացնի, հավանաբար նաև հեռանա պաշտոնից:

Ուկրաինան, իր հերթին, բանակցություններում պատրաստվում է առաջարկել հրադադար օդում ու Սև ծովում։

Հանդիպումից առաջ՝ այսօր, Ուկրաինայի նախագահը կրկին պնդել է, թե Ռուսաստանն է խաղաղության միակ խոչընդոտը։ Անցած օրերին ռուսական զորքի հրթիռակոծության հետևանքով առնվազն 50 մարդ է սպանվել: «Այս հարվածները ցույց են տալիս, որ Ռուսաստանի նպատակներն անփոփոխ են», - գրել էր Զելենսկին:

«Ուկրաինան խաղաղության է ձգտում պատերազմի առաջին իսկ վայրկյանից, և մենք միշտ ասել ենք, որ պատերազմը շարունակվում է միայն Ռուսաստանի պատճառով», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Կիևի ու Վաշինգտոնի բանակցություններին զուգահեռ՝ Փարիզը վաղը զինվորականների հավաք է անցկացնելու՝ Ուկրաինայում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը քննարկելու։ Ըստ Associated Press-ի` հավաքին կմասնակցեն 30-ից ավելի երկրներ, որոնք հիմնականում մեկ հարցի պետք է պատասխանեն՝ խաղաղության դեպքում իրենք դրան կոնկրետ ինչո՞վ կարող են նպաստել։ Հանդիպման հրավերը ընդունել են ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները՝ բացի Միացյալ Նահանգներից, Խորվաթիայից ու Չեռնոգորիայից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG