Մատչելիության հղումներ

ԱՄՆ և ՌԴ դիվանագետներն ավելի քան վեցուկես ժամ բանակցեցին Ստամբուլում


Թուրքիա - Ստամբուլի համայնապատկեր, արխիվ
Թուրքիա - Ստամբուլի համայնապատկեր, արխիվ

Ստամբուլում այսօր ավելի քան վեցուկես ժամ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագետները բանակցեցին՝ ինչպես վերականգնել երկկողմ դեսպանատների աշխատանքը, որ սառեցվել էր Ուկրաինայի դեմ պատերազմի սկսվելուց հետո։

Սա գերտերությունների բարձրաստիճան դիվանագետների երկրորդ դռնփակ հանդիպումն էր վերջին տասն օրվա ընթացքում, որն անցավ Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում:

Հանդիպման արդյունքներից մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Ռուսական ТАСС-ի հաղորդմամբ՝ բանագնացները բանակցություններից հեռացել են առանց մեկնաբանության: Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ուկրաինական պատերազմը չի քննարկվել։

Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը չեն ասել, թե կոնկրետ ովքեր են մասնակցել հանդիպմանը: ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան միայն ասել է՝ նախարարության այն աշխատակիցները, որոնք ուղղակիորեն պատասխանատու են ռուս-ամերիկյան հարաբերությունների համար:

ԱՄՆ նոր վարչակազմի հետ առաջին շփումները «որոշակի հույս են ներշնչում» լուծելու այնպիսի «խնդիրներ», ինչպիսին ուկրաինական հակամարտությունն է, այսօր հայտարարեց Ռուսաստանի նախագահը: «Երկուստեք ցանկություն կա աշխատել հարաբերությունների վերականգնման վրա», - Անվտանգության դաշնային ծառայության նիստի ժամանակ ասաց Վլադիմիր Պուտինը:

«Կարևոր է, որ մեր ներկայիս գործընկերները դրսևորում են պրագմատիզմ, իրատեսորեն են նայում իրերին, հրաժարվում են իրենց նախորդների շատ կարծրատիպերից, այսպես կոչված կանոններից և մեսիական գաղափարական կլիշեներից, որոնք, ըստ էության, հանգեցրին միջազգային հարաբերությունների ողջ համակարգի ճգնաժամին», - նշեց Պուտինը:

ՌԴ նախագահը պնդեց՝ ոչ բոլոր երկրներն են ողջունում ռուս-ամերիկյան շփումների վերսկսումը, իսկ արևմտյան որոշ վերնախավեր, որոնք նախկինի պես ցանկանում են պահպանել գլոբալ անկայունությունը, փորձում են խափանել այս երկխոսությունը:

«Այդ ուժերը կփորձեն շեղել կամ վարկաբեկել ձևավորվող երկխոսությունը … Մենք պետք է հաշվի առնենք դա և օգտագործենք առկա դիվանագիտական և հետախուզական ռեսուրսները՝ նման փորձերը խոչընդոտելու համար», - հայտարարեց նա:

Պուտինը նաև նշեց՝ Մոսկվան երբեք չի հրաժարվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով խաղաղ բանակցություններից, հավելելով, որ ճակատում ռուսական զորքի հաղթանակները պայմաններ ստեղծեցին ռուս-ամերիկյան այս երկխոսության մեկնարկի համար:

Կրեմլի խոսնակը երեկ ասել էր, թե կա փոխադարձ ընկալում, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման շրջանակում պետք է անձամբ հանդիպեն նաև երկու երկրների նախագահները, սակայն դեռ պարզ չէ, թե դա երբ կլինի։ ԱՄՆ նախագահն իր հերթին բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և հնարավորինս արագ վերջ դնել Ուկրաինայում պատերազմին: Երեկ էլ Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց՝ պատերազմը դադարեցնելու համար Պուտինը ստիպված կլինի զիջումների գնալ:

«Այո, նա ստիպված կլինի: Եվ կարծում եմ, որ այդ պատերազմը կավարտվի, քանի որ մենք ենք ընտրվել: Վստահ եմ, որ եթե ... այս վարչակազմը չհաղթեր ընտրություններում, պատերազմը երկար կշարունակվեր», - ընդգծեց Դոնալդ Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG