Մատչելիության հղումներ

«Կիևը պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ»․ Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերահաստատել է Ուկրաինայի հավատարմությունը խաղաղությանը։

Ընդգծելով, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն «այնպես չի անցել, ինչպես ակնկալվում էր», Զելենսկին նշել է, որ Կիևը պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության հասնելու համար։

«Մեզանից ոչ ոք չի ուզում անվերջ պատերազմ։ Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղությանը հասնելու համար։ Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության հետ՝ կայուն խաղաղությանը հասնելու համար», - X-ում գրել է Զելենսկին՝ նշելով, որ առաջին փուլը կարող է լինել գերիների ազատ արձակումը, երկնքում և ծովում զինադադարը, եթե Ռուսաստանը նույն կերպ վարվի։

«Այնուհետև մենք ցանկանում ենք շատ արագ առաջ շարժվել բոլոր հաջորդ փուլերով և աշխատել ԱՄՆ-ի հետ՝ ամուր գործարքն ավարտին հասցնելու համար», - գրել է Ուկրանայի նախագահը։

Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկու հանդիպումը թեժ վեճի վերածվեց։ Հանդիպումից հետո Թրամփը Truth Social սոցցանցում հանդիպման մասին գրառում կատարեց, մասնավորապես, նշելով, թե «ես եզրակացրի, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե Ամերիկան ներգրավված է, քանզի նա զգում է, որ մեր ներգրավվածությունն իրեն մեծ առավելություն է տալիս բանակցություններում: Ես առավելություն չեմ ուզում, ես ուզում եմ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ: Նա անհարգալից վերաբերվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին նրա փայփայած Սպիտակ տանը: Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ կլինի Խաղաղության»:

Ավելի ուշ Ուկրաինայի նախագահը հայտարարեց՝ «հավատում է, որ կարող է փրկել իր հարաբերությունները նախագահ Թրամփի հետ, սակայն բանակցությունները պետք է տեղի ունենան փակ դռների հետևում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG