Սպիտակ տանը ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների սկանդալային հանդիպումից հետո եվրոպական երկրները երեկ Լոնդոնում պայմանավորվել են համախմբել ջանքերը և շարունակել աջակցությունն Ուկրաինային՝ հասնելու տևական խաղաղության։ Կիևը պետք է մասնակցի բոլոր բանակցություններին, հայտարարեց հանդիպումը հյուրընկալող երկրի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը:
«Առաջին՝ մենք կշարունակենք ռազմական օգնության տրամադրումը և կշարունակենք մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի ուժեղացնենք Ուկրաինային հիմա: Երկրորդ՝ մենք համաձայնել ենք, որ ցանկացած կայուն խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ: Երրորդ՝ խաղաղության համաձայնագրի հասնելու դեպքում մենք կշարունակենք ուժեղացնել Ուկրաինայի սեփական պաշտպանական կարողությունները՝ ապագայում ցանկացած ներխուժում կանխելու համար: Չորրորդ՝ մենք ավելի հեռուն կգնանք՝ ստեղծելու Ուկրաինայում ձեռք բերված գործարքը պաշտպանելու և խաղաղությունը երաշխավորելու պատրաստակամ երկրների կոալիցիա», - ասաց Քիր Սթարմերը:
«Մենք այսօր պատմության խաչմերուկում ենք: Ժամանակն է ոչ թե խոսելու, այլ գործելու», - հավելեց Միացյալ Թագավորության վարչապետը:
Որպես առաջին գործ՝ եվրոպացի առաջնորդները համաձայնեցին ավելացնել ծախսերը պաշտպանության ոլորտում։ «Երեք տարի շարունակ ռուսները բանակի վրա ծախսել են իրենց ՀՆԱ-ի 10 տոկոսը: Այնպես որ, մենք պետք է պատրաստվենք նրան, թե ինչ տեղի կունենա հաջորդիվ», - ասաց Ֆրանսիայի նախագահը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծեց՝ բոլորն էլ համաձայնել են, որ Ռուսաստանն է ագրեսորը, և չեն համակերպվի, որ Ուկրաինան պետք է գործի Ռուսաստանի թելադրանքով:
«Դա չի կարող ընդունելի լինել։ Ուկրաինան եվրոպական երկիր է, որը որոշել է, որ ցանկանում է միանալ Եվրոպական միությանը՝ որպես ժողովրդավարական և ինքնիշխան պետություն: Դա այդպես էլ պետք է մնա», - հայտարարեց Շոլցը:
Խոստանալով աջակցություն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն, իր հերթին, արձանագրեց՝ առանց Միացյալ Նահանգների Ուկրաինայի ու Եվրոպայի համար դժվար կլինի այդ նպատակին հասնել։ Վլադիմիր Զելենսկին պետք է կարգավորի Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները՝ Սպիտակ տանը սկանդալային հանդիպումից հետո, ընդգծեց Մարկ Ռյուտեն:
«Առանց ԱՄՆ-ի Ուկրաինան որևէ շանս չուներ Ռուսաստանի դեմ, քանի որ Եվրոպան ոչինչ չէր տվել։ Ամեն ինչ եկել է Ամերիկայից ... Հետևաբար, Զելենսկին պետք է Թրամփին արժանին մատուցի դրա համար: Դա կարևոր է: Եվ ուղիներ գտնի խնդիրը միասին լուծելու համար», - ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը ևս պնդեց՝ եվրոպացի առաջնորդների նախաձեռնությունը Վաշինգտոնի աջակցության կարիքն ունի:
«Մյուսների հետ միասին Եվրոպան պետք է կատարի ծանր աշխատանքը, սակայն մեր մայրցամաքում խաղաղությանն աջակցելու և այս ջանքերում հաջողելու համար այս նախաձեռնությունը պետք է ստանա ԱՄՆ ուժեղ աջակցությունը», - ընդգծեց Սթարմերը:
Պատրա՞ստ է արդյոք Միացյալ Նահանգների նոր վարչակազմն աջակցել եվրոպացիների ծրագրին՝ դեռևս հստակ չէ։ Նախագահ Թրափն այսօր կրկին թափանցիկ ակնարկել է, որ իր համար այլ առաջնահերթություններ կան։ «Պետք է ավելի քիչ ժամանակ հատկացնել Վլադիմիր Պուտինի մասին անհանգստանալուն և ավելի շատ անհանգստանալ բռնարար ներգաղթյալների, նարկոբարոնների, մարդասպանների և հոգեբուժական հաստատություններից ԱՄՆ մուտք գործող մարդկանց մասին, որպեսզի ԱՄՆ-ում տեղի չունենա այն, ինչ տեղի է ունեցել Եվրոպայում», - գրել է Միացյալ Նահանգների նախագահը սոցցանցում: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ օրեր առաջ պնդել էր՝ չի հասկանում՝ եվրոպացիներն ինչ են ուզում:
«Ես մարդկանց հարցնում եմ՝ ո՞րն է այս պատերազմին վերջ տալու եվրոպական ծրագիրը: Կարող եմ ասել, թե ինչ է ինձ ասել արտգործնախարարներից մեկը, և չեմ պատրաստվում ասել, թե ով, բայց կարող եմ ասել, թե ինչ է ինձ ասել նրանցից մեկը, և ըստ այդմ՝ պատերազմը շարունակվում է ևս մեկ տարի, և այդ ժամանակ Ռուսաստանն այնքան թուլացած կլինի, որ կխնդրի խաղաղություն: Դա նշանակում է՝ ևս մեկ տարի մարդիկ կսպանվեն, ևս մեկ տարի մարդիկ կմահանան, ևս մեկ տարի կոչնչացվեն: Եվ, ի դեպ, ըստ իս՝ դա այնքան էլ իրատեսական ծրագիր չէ», - ասել էր Ռուբիոն:
Այս պահին անորոշ է նաև մեկամսյա հրադադարի մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը։ Էմանյուել Մակրոնը երեկ Le Figaro-ին ասել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են մեկ ամսով հրադադար կնքել, բայց միայն օդում և ծովում, քանզի ռազմաճակատի երկարության պատճառով ցամաքում դեռ հնարավոր չէ հետևել հրադադարի պահպանմանը: Այսօր, սակայն, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարարն ասել է, թե նման համաձայնություն Լոնդոնի և Փարիզի միջև չկա։