Սպիտակ տանը Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին քննարկում էին, թե ինչպես վերջ դնել Ուկրաինայում պատերազմին, բավական լարված ու թեժ անցավ: Թրամփը նույնիսկ ձայնը բարձրացրեց Զելենսկու վրա՝ ասելով, որ նա միլիոնավոր կյանքերի հետ է խաղում:
Նախ Զելենսկին Թրամփին ասաց, որ Պուտինի հետ «փոխզիջումներ չպետք է լինեն»: Ապա Թրամփին ցույց տվեց պատերազմի վայրագությունները փաստող լուսանկարներ:
Այնուհետև Թրամփն ասաց, որ չեն պատրաստվում շարունակել զենքի մատակարարումն Ուկրաինա: «Բայց հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի շատ զենք ուղարկել, քանի որ ես անհամբեր սպասում եմ, որ այն արագ ավարտվի», - ասաց ԱՄՆ նախագահը:
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասաց, որ խաղաղության տանող ճանապարհը դիվանագիտությունն է, և ԱՄՆ-ն առանձնանում է նրանով, որ գործի է դնում դիվանագիտությունը, ու հենց դա էլ անում է նախագահ Թրամփը:
Զելենսկին ասաց, որ երբ 2014 թվականին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, դրանից հետո՝ 2019 թվականին, ինքը պայմանագիր ստորագրեց հրադադարի մասին, և Արևմուտքն իրեն վստահեցրեց, որ ռուսական կողմը կպահի խոստումը, բայց Ռուսաստանը 2022 թվականին խախտեց այդ հրադադարը՝ սկսելով լայնածավալ ներխուժումը Ուկրաինա։ «Ի՞նչ դիվանագիտության մասին եք խոսում», - հարց ուղղեց նա ԱՄՆ փոխնախագահին:
Վենսը Զելենսկուն մեղադրեց «անհարգալից» լինելու մեջ՝ հայտարարելով. - «Կարծում եմ, որ անհարգալից վերաբերմունք եք դրսևորում, երբ գալիս եք Օվալաձև գրասենյակ և փորձում եք վիճել ամերիկյան լրատվամիջոցների առջև»:
Այնուհետև Թրամփն ասաց, որ Զելենսկու գործողությունների հետևանքով կարող է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել: «Ձեր ժողովուրդը շատ խիզախ է, բայց դուք կամ գործարք եք կնքելու, կամ մենք դուրս կգանք: Եվ եթե մենք դուրս գանք, դո՛ւք կպայքարեք», - ավելացրեց նա՝ հավելելով, որ Զելենսկին «երախտապարտ չէ»:
Թրամփը նշեց, որ եթե ինքը չմիջամտեր, ոչ մի գործարք էլ չէր կարող լինել: «Ես չեմ սատարում Պուտինին, ես ոչ մեկին չեմ սատարում, ես սատարում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներին … Դուք ուզում եք, որ ես կոշտ լինեմ, ես կարող եմ լինել ավելի կոշտ, քան ցանկացած մարդ, որ երբևէ տեսել եք... բայց այդ դեպքում դուք ոչ մի գործարք էլ չեք ստանա», - ասաց նա:
Զելենսկին փոխնախագահ Վենսին հարցրեց, թե արդյոք նա եղել է Ուկրաինայում՝ տեղում խնդիրները տեսնելու համար», ինչին Վենսը պատասխանեց, որ կարդացել և տեսել է Ուկրաինայում ընթացող իրադարձությունները: Դրանց հետո Զելենսկին տարուբերեց գլուխը՝ ասելով, թե ԱՄՆ-ը նույնպես ի վերջո կզգա պատերազմի հետևանքները։
Վեճին կրկին միջամտեց Թրամփը՝ ասելով. - «Մի՛ ասեք, թե ինչ ենք մենք զգալու։ Դուք այդ դիրքերում չեք, որ մեզ թելադրեք: Մենք մեզ շատ լավ ենք զգում և շատ ուժեղ»:
«Այս պահին դուք խաղաքարտեր չունեք, մեզ հետ լինելու դեպքում կունենաք դրանք», - ասաց ԱՄՆ նախագահը: «Ես թղթախաղ չեմ խաղում», - արձագանքեց Ուկրաինայի նախագահը: «Դուք թղթախաղ եք խաղում: Դուք միլիոնավոր մարդկանց կյանքերի հետ եք խաղում», - հակադարձեց Թրամփը:
«Այն, ինչ դուք անում եք, անհարգալից վերաբերմունք է երկրի նկատմամբ: Այս երկիրը, որն աջակցում է ձեզ շատ ավելին, քան պետք է, ինչպես շատերն էին ասում», - բարկացած հավելեց ԱՄՆ նախագահը:
Սրան Զելենսկին հանգիստ պատասխանեց. - «Ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում ձեր երկրին»։
Փոխնախագահ Վենսն իր հերթին ընդհատեց. - «Այս ամբողջ հանդիպմանը մեկ անգամ «շնորհակալություն» ասացի՞ք»։ «Շատ անգամ»,- արձագանքեց Ուկրաինայի նախագահը:
Խոսակցության ընթացքում Զելենսկին շարունակ փորձում էր արձագանքել մեղադրանքներին, սակայն Թրամփը նրան խոսելու հերթ չէր տալիս: «Ոչ, ոչ, շատ խոսեցիք», - ասաց ԱՄՆ նախագահը, - «Ձեր երկիրը մեծ փորձանքի մեջ է»:
«Գիտեմ, գիտեմ», - արձագանքեց Զելենսկին։ «Դուք չեք հաղթում այս պատերազմը», - հավելեց Թրամփը, - «Դուք մեր շնորհիվ այս իրավիճակից դուրս գալու լավ հնարավորություններ ունեք»:
«Մենք ձեզ այդ հիմար նախագահի [ենթադրաբար նկատի ունի Ջո Բայդենին] միջոցով 350 միլիարդ դոլար տվել ենք, մենք ձեզ ռազմական տեխնիկա ենք տվել… եթե դուք չունենայիք մեր ռազմական տեխնիկան, այս պատերազմը կավարտվեր երկու շաբաթից», - պնդեց Թրամփը:
«Երեք օրից, դա Պուտինից եմ լսել»,- արձագանքեց Զելենսկին։ «Շատ դժվար կլինի այս կերպ աշխատելը», - պատասխանեց Թրամփը։
«Կարծում եմ՝ շատ լավ է, որ ամերիկացիները տեսնեն, թե ինչ է կատարվում այստեղ», - ասաց ԱՄՆ նախագահը՝ կրկնելով, որ Ուկրաինայի նախագահը «պետք է շնորհակալ լինի»։
Զելենսկին պատասխանեց, որ «շատ շնորհակալ է»։ Թրամփը բարձրացրեց ձայնը. - «Մարդիկ մահանում են, դուք սպառվում եք, զինվորների պակաս ունեք»: «Գիտեմ», - պատասխանեց Զելենսկին:
Թրամփն ասաց, որ եթե Զելենսկուն հրադադարի գործարք առաջարկվի, ապա նա անմիջապես պետք է համաձայնի: «Իհարկե, ես ցանկանում եմ դադարեցնել պատերազմը», - վստահեցրեց Զելենսկին, Թրամփն ընդհատեց. - «Դուք ասում եք, որ հրադադար չեք ուզում»: Սրան ի պատասխան Զելենսկին ասաց, որ ցանկանում է հրադադարի պայմանագիր կնքել «երաշխիքներով», և ԱՄՆ նախագահին ասաց, որ կարող է ուկրաինացի ժողովրդին հարցնել, թե ինչպես են վերաբերվում հրադադարի համաձայնագրին:
Լուսանկարիչները ֆիքսել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին, որը դեմքն առել էր ձեռքերի մեջ այն ժամանակ, երբ Թրամփը բղավում էր Զելենսկու վրա:
Հանդիպումից հետո նախատեսված էր երկու նախագահների մամուլի ասուլիսը, սակայն այն չեղարկվել է:
ԱՄՆ նախագահն ավելի ուշ իր Truth Social սոցցանցում հանդիպման մասին գրառում է արել, նշելով՝ «շատ իմաստալից հանդիպում ունեցանք Սպիտակ տանը» և «շատ բան սովորեցինք, ինչը երբեք հնարավոր չէր լինի հասկանալ առանց նման բուռն զրույցի՝ ճնշման ներքո»:
«Զարմանալի է, թե ինչ է դուրս գալիս զգացմունքներից, և ես եզրակացրի, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե Ամերիկան ներգրավված է, քանզի նա զգում է, որ մեր ներգրավվածությունն իրեն մեծ առավելություն է տալիս բանակցություններում: Ես առավելություն չեմ ուզում, ես ուզում եմ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ: Նա անհարգալից վերաբերվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին նրա փայփայած Սպիտակ տանը: Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ կլինի Խաղաղության»:
Ուկրաինայի նախագահն, իր հերթին, X սոցիալական ցանցում գրեց. - «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն քո աջակցության համար, շնորհակալություն այս այցի համար: Շնորհակալություն, Միացյալ Նահանգների նախագահ, Կոնգրես և ամերիկացի ժողովուրդ: Ուկրաինան կարիք ունի արդար և տևական խաղաղության, և մենք հենց դրա համար ենք աշխատում»: