Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների՝ Սպիտակ տան սկանդալային հանդիպումից երկու օր անց Կանադայի և եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ, նրանց մեջ նաև Ուկրաինայի նախագահը, այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետի հրավերով Լոնդոնում ավելի քան երկու ժամ քննարկեցին հետևյալ հարցերը՝ ինչպես դադարեցնել Ուկրաինայում պատերազմը, ինչպես բարձրացնել Եվրոպայի պաշտպանունակությունը և խաղաղության ցանկացած համաձայնագրի շրջանակում ինչպես Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից:
Հանդիպումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և մյուս մասնակից երկրները պայմանավորվել են աշխատել Ուկրաինայի հետ՝ «պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ», որն այնուհետև կքննարկվի Միացյալ Նահանգների հետ, և այդ ծրագիրը «միասին առաջ մղեն»:
Սթարմերը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ուկրաինային կօգնի, որպեսզի այն 1,6 միլիարդ ֆունտ ստեռլինգին համարժեք հինգ հազար հակաօդային պաշտպանության հրթիռներ գնի, որոնք կարտադրվեն Բելֆաստում՝ նաև աշխատատեղեր ստեղծելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության ոլորտում: Ըստ վարչապետի՝ դրա նպատակն է հնարավորինս ուժեղացնել Ուկրաինայի դիրքերը, որպեսզի այն կարողանա բանակցել ուժի դիրքերից:
Սթարմերն ասաց՝ Ուկրաինային աջակցելու ցանկացած նոր համաձայնագիր պետք է ելնի ուժի դիրքից, և եվրոպական յուրաքանչյուր պետություն պետք է իր ներդրումն ունենա, բոլորը պետք է պատասխանատվություն ստանձնեն և մեծացնեն իրենց բաժին աջակցությունը:
Վարչապետն ասաց՝ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են չորս կարևոր քայլերի շուրջ՝
- Շարունակել ռազմական օգնության տրամադրումը Ուկրաինային, քանի դեռ պատերազմը շարունակվում է, և մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա,
- Ցանկացած տևական խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և Ուկրաինան պետք է ներկա լինի ցանկացած խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ,
- Խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում եվրոպացի առաջնորդները կձգտեն կանխել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ապագա ներխուժումը,
- Կստեղծվի երկրների կոալիցիա, որոնք կցանկանան պաշտպանել Ուկրաինային և երաշխավորել երկրում խաղաղությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշեց, որ «Եվրոպան պետք է անի ծանր աշխատանքը», սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի աջակցությունը: «Մենք Թրամփի հետ համաձայնել ենք՝ հրատապ կերպով անհրաժեշտ է կայուն խաղաղություն հաստատել: Այժմ մենք պետք է միասին հասնենք դրանք», - նշեց նա:
«Մենք այսօր պատմության խաչմերուկում ենք ... Ժամանակն է ոչ թե խոսել, այլ գործել և միավորվել արդար և կայուն խաղաղության նոր ծրագրի շուրջ»,- հավելեց Սթարմերը:
Հարցին, թե հնարավոր է, որ Ուկրաինայում բրիտանական զորքեր տեղակայվեն, և արդյոք դա իր հերթին նշանակում է, որ Բրիտանիան պատերազմի մեջ է մտնում Ռուսաստանի դեմ, Սթարմերը պատասխանեց, որ խաղաղության գործարքի ողջ նպատակը խաղաղությունը պաշտպանելն է, որին պետք է պատրաստ լինել: «Որովհետև պատմությունը մեզ մեկ բան է ասում՝ եթե Եվրոպայում կոնֆլիկտ է ծագում, ապա այն հասնելու է մեր սահմաններին», - ասաց նա:
Հանդիպումից հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հերթին հայտարարեց, որ քննարկել են անվտանգության համապարփակ երաշխիքների անհրաժեշտությունը, որոնք Ուկրաինային հնարավորություն կտան ուժեղ դիրքերից բանակցել և ուժեղացնել իր ռազմական հնարավորությունները, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել ինքն իրեն:
Նա նաև ասաց՝ Եվրոպան պետք է բարձրացնի իր պաշտպանությունը.. անհրաժեշտ է հստակ ծրագիր Եվրամիության կողմից և ընդհանուր եվրոպական մոտեցում: «Այժմ չափազանց կարևոր է, որ մենք ավելացնենք ծախսերը… կարևոր է, որ պատրաստվենք վատագույնին», - ասաց նա:
Նա նաև դիմեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ասելով. «Մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին պաշտպանել ժողովրդավարությունը, պաշտպանել այն սկզբունքը, որ գոյություն ունի օրենքի գերակայություն, որ դուք չեք կարող ներխուժել ձեր հարևան երկիր կամ չեք կարող ուժով փոխել սահմանները: Մեր ընդհանուր շահերից է բխում, որ մենք կանխենք ապագա պատերազմները»:
Լոնդոնյան այսօրվա հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հանդիպի Մեծ Բրիտանիայի թագավորի՝ Չարլզ III-ի հետ: