Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ուկրաինական ընդդիմության հետ գաղտնի քննարկել է ընտրությունների հարցը․ Politico


Պետրո Պորոշենկո, Յուլիա Տիմոշենկո
Պետրո Պորոշենկո, Յուլիա Տիմոշենկո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ նախագահական ընտրությունների վերաբերյալ գաղտնի բանակցություններ են վարել ուկրաինական ընդդիմության հետ, Politico-ին հայտնել են Գերագույն Ռադայի երեք պատգամավորներ և արտաքին քաղաքականության հարցերով փորձագետն՝ անանուն մնալու պայմանով։

Politico-ի տվյալներով՝ զրույցները տեղի են ունեցել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի և Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի համախոհների հետ, «առանցքում Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումն էր հրադադարի հաստատումից հետո՝ նախքան բանակցությունների մեկնարկը»։

Ամերիկյան կողմը վստահ է, որ Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին կպարտվի ընտրություններում, քանի որ բնակչությունը հոգնել է պատերազմից և դժգոհ է «մոլեգնող կոռուպցիայից»։ Թրամփը նույնիսկ հայտարարել էր, թե Զելենսկու վարկանիշն ընկել է՝ հասնելով 4 տոկոսի, սակայն չէր նշել, այս տվյալի աղբյուրը։ Սակայն Լոնդոնում գործող Survation կենտրոնի՝ փետրվարի վերջին արած հարցումները հակառակն են փաստել․ Ուկրաինայում գտնվող հարցված ուկրաինացիների 44 տոկոսն ասել է, որ կքվեարկեր Զելենսկու, 10 տոկոսը՝ Պորոշենկոյի և 6 տոկոսը Տիմոշենկոյի օգտին։

Տիմոշենկոյի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել գաղտնի բանակցությունների մասին տեղեկությունը, Պորոշենկոյի կուսակցությունն էլ ասել է, որ «պնդում է հետպատերազմյան արդար ընտրությունների անցկացումը»։ Ամերիկյան կողմը Politico-ի հարցումն անպատասխան է թողել։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային անցած տարվա գարնանը, սակայն օրենքն արգելում է ռազմական դրության ժամանակ ընտրություններ անցկացնել: Զելենսկու հետ բանակցելուց հրաժարվող Ռուսաստանը հենց սա է մատնացույց անում՝ պնդելով, թե նա լեգիտիմ նախագահ չէ: Վաշինգտոնը ևս կարծում է, որ Ուկրաինայում ընտրություններ պետք է անցկացվեն:

Զելենսկին, իր հերթին, հայտարարում է, որ կհամաձայներ հրաժարվել նախագահի պաշտոնից հանուն Ուկրաինայում խաղաղության։ «Կարող եմ դա փոխանակել ՆԱՏՕ-ի դիմաց», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG