Ուկրաինային ամերիկյան ռազմական օժանդակության կասեցումից մեկ օր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահին և հավաստիացրել՝ պատրաստ է Թրամփի առաջնորդության ներքո հնարավորինս շուտ սկսել խաղաղության շուրջ բանակցությունները: Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարեց պաշտոնը ստանձնելուց հետո Կոնգրեսին հղած առաջին ուղերձում:
«Ես գնահատում եմ, որ նա ուղարկել է այդ նամակը, որը ստացել եմ քիչ առաջ: Միաժամանակ մենք լուրջ քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի հետ և ուժեղ ազդակներ ենք ստացել, որ նրանք պատրաստ են խաղաղության։ Արդյոք դա հրաշալի չէ՞», - ասել է Թրամփը։
Երեկ Վլադիմիր Զելենսկին X-ում վերահաստատել էր Ուկրաինայի հավատարմությունը խաղաղությանը, նշել, որ ցանկացած պահի պատրաստ է ստորագրել ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագիրը, ապա հավելել, որ Սպիտակ տանն իրենց հանդիպումը չանցավ «այնպես, ինչպես ակնկալվում էր»։
«Մեզանից ոչ ոք չի ուզում անվերջ պատերազմ… Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո՝ կայուն խաղաղությանը հասնելու համար», - նշել է նա:
Ավելի ուշ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան պարզաբանեց՝ Զելենսկին նամակ չի ուղարկել Թրամփին, իսկ Սպիտակ տան ղեկավարը նկատի է ունեցել X-ում նրա երեկվա գրառումը:
Կրեմլի խոսնակը դրական է գնահատել, որ Զելենսկին պատրաստ է բանակցել: Սակայն հարցն այն է, թե ում հետ պետք է Մոսկվան բանակցի, ասել է Դմիտրի Պեսկովը:
«Նախկինի պես պահպանվում է Ուկրաինայի նախագահի համար իրավական արգելքը՝ բանակցելու ռուսական կողմի հետ։ Ուստի ընդհանուր մոտեցումը դրական է, բայց հարցի նրբերանգները դեռ չեն փոխվել», - ընդգծել է Պեսկովը։
ԱՄՆ-ն նաև դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, տեղեկությունը հաստատել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը:
Փորձագետների գնահատմամբ՝ Վաշինգտոնի այս որոշումը կարող է լրջորեն նվազեցնել ուկրաինացի զինվորականների՝ Ռուսաստանի խորքերին հարվածելու կարողությունը: Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն իր հերթին ասել է՝ եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, ապա Թրամփը կվերանայի որոշումը:
«Պետք է ամեն ինչ անենք, որ ԱՄՆ-ը, Եվրոպան և Ուկրաինան միասին աշխատեն կայուն խաղաղության հասնելու համար»
Այս ֆոնին Եվրոպական միության երկրները նախատեսում են վաղը հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու՝ ԱՄՆ դիրքորոշման փոփոխության պայմաններում ինչպես ուժեղացնել Եվրոպայի պաշտպանական կարողությունները և ինչպես հետագայում աջակցել Ուկրաինային:
Ֆրանսիայի կառավարությունից ասել են, որ նախագահ Մակրոնը, որն Ուկրաինայի հարցով անցած շաբաթ էր հանդիպել Թրամփի հետ, նախատեսում է կրկին մեկնել Սպիտակ տուն, այս անգամ՝ Ուկրաինայի նախագահի ու Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ: Էմանյուել Մակրոնը նաև երեկոյան ֆրանսիացիներին կդիմի ուղերձով, որում կանդրադառնա ուկրաինական խնդրին և անդրատլանտյան առևտրային պատերազմի վտանգներին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն այսօր խորհրդարանում հայտարարել է՝ անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Սպիտակ տան սկանդալային հանդիպումից հետո նպաստի Ուկրաինայի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորմանը:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԱՄՆ-ը, Եվրոպան և Ուկրաինան միասին աշխատեն կայուն խաղաղության հասնելու համար։ Եվ ես անում եմ ամեն ինչ, որպեսզի իմ դերն ունենամ դրանում՝ կանոնավոր շփվելով այս պահին բոլոր հիմնական դերակատարների հետ, նաև երեկ կեսօրին խոսելով նախագահ Զելենսկիի հետ խոսելով», - նշել է Սթարմերը: