Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտարարում է՝ պատրաստ է հանդիպել Թրամփին և ստորագրել հանքերի համաձայնագիրը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լոնդոնում, 2-ը մարտի, 2025թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լոնդոնում, 2-ը մարտի, 2025թ.

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ սկանդալային բանավեճից ընդամենը երեք օր անց Ուկրաինայի նախագահը հայտարարում է, թե պատրաստ է նորից հանդիպել Դոնալդ Թրամփին և ստորագրել ուկրաինական հանքերի համատեղ շահագործման շրջանակային համաձայնագիրը, եթե ամերիկյան կողմից կրկին հրավեր լինի: Վլադիմիր Զելենսկին պնդել է՝ այս անգամ բանակցությունները պետք է տեղի ունենան փակ դռների հետևում։

«Անշուշտ, մենք գիտակցում ենք Ամերիկայի կարևորությունը և երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին ստացած ողջ աջակցության համար: Չի եղել օր, որ երախտագիտություն չզգանք», - ասել է նա։

Ուկրաինայի նախագահի հայտարարությունը հնչում է Լոնդոնում եվրոպական երկրների առաջնորդների երեկվա հանդիպումից հետո, որի ժամանակ պայմանավորվել էին համախմբել ջանքերը և շարունակել աջակցությունն Ուկրաինային: Եվրոպացի պաշտոնյաները մի կողմից աջակցություն էին հայտնում Զելենսկուն, մյուս կողմից՝ ընդգծում՝ տևական և կայուն խաղաղության հասնելու համար նա պետք է վերականգնի կապերը Թրամփի հետ: «Առանց Միացյալ Նահանգների Ուկրաինայի ու Եվրոպայի համար դժվար կլինի»,- բաց տեքստով ասել էր հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

«Առանց ԱՄՆ-ի Ուկրաինան որևէ շանս չուներ Ռուսաստանի դեմ, քանի որ Եվրոպան ոչինչ չէր տվել։ Ամեն ինչ եկել է Ամերիկայից ... Հետևաբար, Զելենսկին պետք է Թրամփին արժանին մատուցի դրա համար: Դա կարևոր է: Եվ ուղիներ գտնի խնդիրը միասին լուծելու համար», - հայտարարել է Մարկ Ռյուտեն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ևս պնդել էր՝ եվրոպացի առաջնորդների նախաձեռնությունը չի հաջողի առանց Վաշինգտոնի աջակցության:


Պատրա՞ստ է արդյոք Միացյալ Նահանգների նոր վարչակազմը աջակցել եվրոպացիների ծրագրին՝ դեռ հստակ չէ։ Նախագահ Թրամփն այսօր կրկին թափանցիկ ակնարկել է, որ իր համար այլ առաջնահերթություններ կան։ Ավելի ուշ սոցցանցում մեկ այլ գրառմամբ նշել է՝ միակ նախագահը, որն Ուկրաինայից ոչ մի կտոր հող չի տվել Ռուսաստանին, ինքը՝ նախագահ Թրամփն է: «Երբ թույլ և անարդյունավետ դեմոկրատները քննադատում են, իսկ կեղծ լուրերը հաճույքով հրապարակում են նրանց ասածը, հիշե՛ք դա»,- գրել է նա:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ օրեր առաջ պնդել էր՝ չի հասկանում՝ եվրոպացիներն ինչ են ուզում. «Ես մարդկանց հարցնում եմ՝ ո՞րն է այս պատերազմին վերջ տալու եվրոպական ծրագիրը: Կարող եմ ասել, թե ինչ է ինձ ասել արտգործնախարարներից մեկը, և չեմ պատրաստվում ասել, թե ով, բայց կարող եմ ասել, թե ինչ է ինձ ասել նրանցից մեկը, և խոսքն այն մասին է, որ պատերազմը շարունակվում է ևս մեկ տարի, և այդ ժամանակ Ռուսաստանն այնքան թուլացած կլինի, որ կխնդրի խաղաղություն: Դա նշանակում է ևս մեկ տարի մարդիկ կսպանվեն, ևս մեկ տարի մարդիկ կմահանան, ևս մեկ տարի կոչնչացվեն: Եվ, ի դեպ, ըստ իս՝ դա այնքան էլ իրատեսական ծրագիր չէ»:


Կրեմլն այսօր առաջին անգամ արձագանքեց Թրամփ-Զելենսկի աղմկահարույց հանդիպմանը: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց՝ դա ցույց տվեց, որ Կիևը պատրաստ չէ բանակցությունների, «ինչ-որ մեկը պետք է ստիպի Զելենսկուն խաղաղություն ցանկանալ»։

«Կիևի վարչակազմը և Զելենսկին խաղաղություն չեն ցանկանում ... Հետևաբար, այս իրավիճակում, իհարկե, միայն Վաշինգտոնի ջանքերն ու Մոսկվայի պատրաստակամությունն ակնհայտորեն բավարար չեն լինի», - նշել է Պեսկովը:

Բանակցությունների աղմկոտ հեռանկարի ֆոնին, ըստ New York Times-ի, Թրամփը կարող է ընդհանրապես սառեցնել Ուկրաինային հատկացվող աջակցությունը։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան անանուն մնալու պայմանով թերթին ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահն այսօր հանդիպելու է պետքարտուղարի, պաշտպանության նախարարի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ՝ քննարկելու Ուկրաինայի հարցում քաղաքականության հնարավոր փոփոխությունները, այդ թվում՝ ռազմական օգնության դադարեցումը կամ չեղարկումը:

XS
SM
MD
LG