Մատչելիության հղումներ

Թրամփն ավելին է ուզում, քան օգտակար հանածոների գործարքը՝ Կիևին օգնությունը վերականգնելու համար․ NBC News


Զելենսկի-Թրամփ հանդիպում Վաշինգտոնում, 28-ը փետրվարի, 2025թ․
Զելենսկի-Թրամփ հանդիպում Վաշինգտոնում, 28-ը փետրվարի, 2025թ․

Թրամփն ավելին է ուզում, քան օգտակար հանածոների մասին համաձայնագրի ստորագրումը՝ Կիևին օգնությունը և հետախուզական տվյալների փոխանակումը վերականգնելու համար, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի ներկայացուցչին և մեկ այլ ամերիկացի պաշտոնյայի։

Գործակալությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարը նաև զիջումներ է ուզում Զելենսկուց, օրինակ՝ հրաժարվել օկուպացված տարածքներից։

«Պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը ցանկանում է, որ Զելենսկին ընտրություններ անցկացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի, հավանաբար նաև հեռանա նախագահի պաշտոնից»,- նշում է հեռուստաալիքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները բանակցություններ են վարել ուկրաինացի ընդդիմադիրների հետ, սակայն վերջիններս դեմ են եղել նախքան ռազմական գործողությունների ավարտն ընտրությունների անցկացմանը։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային անցած տարվա գարնանը, սակայն օրենքն արգելում է ռազմական դրության ժամանակ ընտրություններ անցկացնել:

Զելենսկու հետ բանակցելուց հրաժարվող Ռուսաստանը հենց սա է մատնացույց անում՝ պնդելով, թե նա լեգիտիմ նախագահ չէ: Վաշինգտոնը ևս կարծում է, որ Ուկրաինայում ընտրություններ պետք է անցկացվեն:

Զելենսկին, իր հերթին, հայտարարում է, որ կհամաձայներ հրաժարվել նախագահի պաշտոնից հանուն Ուկրաինայում խաղաղության։ «Կարող եմ դա փոխանակել ՆԱՏՕ-ի դիմաց», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Անցած շաբաթ Վաշինգտոնն դադարեցրեց հետախուզական տվյալների փոխանակումն ու ռազմական օգնությունը Կիևին՝ փորձելով ուժեղացնել ճնշումը Ուկրաինայի նախագահի վրա։

Ուկրաինային ամերիկյան ռազմական օժանդակության կասեցումից մեկ օր անց Զելենսկին հայտարարեց, որ պատրաստ է Թրամփի առաջնորդության ներքո հնարավորինս շուտ սկսել խաղաղության շուրջ բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG