Փարիզը սկսել է հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին, որը նախօրեին զրկվել էր ամերիկյան հետախուզության աջակցությունից։
«Մենք անկախ ենք, և մեր սեփական կարողություններով օգնում ենք ուկրաինացիներին»,- հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն:
Նախագահ Մակրոնն ավելի վաղ՝ երեկ, ժողովրդին հղած ուղերձում ընդգծել էր՝ Եվրոպան պետք է պատրաստ լինի նույնիսկ առանց ԱՄՆ մասնակցության կանգնել Ուկրաինայի կողքին.- «Եվ ես կուզեի հավատալ, որ Միացյալ Նահանգները կմնա մեր կողքին, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան, եթե դա տեղի չունենա»:
Եվրոպայի ճակատագիրը չպետք է որոշվի Վաշինգտոնում կամ Մոսկվայում, հայտարարեց Մակրոնը, ընդգծելով՝ եվրոպական երկրները պետք է լրացուցիչ գումար հատկացնեն պաշտպանությանը: «Ռուսաստանը սպառնալիք է բոլորի համար»,- ասել է նա։
«Այո՛, եթե Եվրոպայում մի երկիր կարող է անպատիժ ներխուժել իր հարևանի տարածք, ապա ոչ ոք ոչ մի բանում այլևս չի կարող վստահ լինել, այստեղ գործում է ուժեղների գոյատևելու սկզբունքը, և խաղաղությունն այլևս չի կարող երաշխավորվել նույնիսկ մեր մայրցամաքում», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Ռուսաստանից կոշտ են արձագանքել Ֆրանսիայի նախագահին։ «Մակրոնը ամեն օր ինչ-որ անհեթեթ, իրականությունից կտրված ու հակասական հայտարարություններ է անում», - ասել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
ԵՄ երկրների առաջնորդներն այսօր հանդիպում են Բրյուսելում՝ քննարկելու, թե ինչպես բարելավել Եվրոպայի պաշտպանական կարողությունները
Այս ֆոնին Եվրամիության երկրների առաջնորդներն այսօր հանդիպում են Բրյուսելում՝ քննարկելու գլխավոր հարցերը՝ ինչպես բարելավել Եվրոպայի պաշտպանական կարողությունները և ինչպես շարունակել օժանդակությունն Ուկրաինային ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխությունից հետո: Ակնկալվում է, որ ԵՄ առաջնորդներին ելույթով կդիմի Ուկրաինայի նախագահը, որը կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:
Մինչ այդ Վաշինգտոնից ընդգծում են, որ Զելենսկին անկեղծ է խաղաղության հասնելու իր հայտարարություններում։ Դա բխում է բոլորի, այդ թվում՝ Եվրոպայի շահերից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հավելելով՝ հնարավոր չի լինի Ռուսաստանին բերել բանակցությունների սեղանի շուրջ, եթե Ուկրաինան հետաքրքրություն չցուցաբերի:
«Դա բխում է բոլորի շահերից՝ ռուս ժողովրդի, ուկրաինացի ժողովրդի, Միացյալ Նահանգների ժողովրդի, անկեղծ ասած, մեր եվրոպացի գործընկերների և դաշնակիցների: Նաև նրանց շահերից է բխում, որ այս պատերազմն ավարտվի», - նշել է Ռուբիոն:
Մասնակցելով Բրյուսելում մեկնարկող եվրոպական հավաքին՝ Կիևը միաժամանակ շարունակում է շփումները ԱՄՆ-ի հետ: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն այսօր տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցի հետ քննարկել են արդար և կայուն խաղաղությանն ուղղված հետագա քայլերը և պայմանավորվել «մոտ ապագայում» երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում անցկացնել:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, թե պատրաստ է աշխատել նախագահ Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո և ստորագրել բնական պաշարների համատեղ արդյունահանման համաձայնագիրը։ Թե կոնկրետ երբ և ինչ պայմաններում՝ դեռ հստակ չէ։