Ուկրաինային ամերիկյան ռազմական օժանդակության կասեցումից մեկ օր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահին և հավաստիացրել՝ պատրաստ է Թրամփի առաջնորդության ներքո հնարավորինս շուտ սկսել խաղաղության շուրջ բանակցությունները: Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարեց պաշտոնը ստանձնելուց հետո Կոնգրեսին հղած առաջին ուղերձում, որը նոր ռեկորդ սահմանեց ԱՄՆ պատմության մեջ՝ տևելով 99 րոպե:
Ըստ Թրամփի՝ Զելենսկին նաև վստահեցրել է՝ պատրաստ է ցանկացած պահի ստորագրել ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ օգտագործման համաձայնագիրը: Ռուսաստանը ևս դրական ազդակներ է ուղարկում, ասաց նա:
«Ես գնահատում եմ, որ նա ուղարկել է այդ նամակը, որը ստացել եմ քիչ առաջ: Միաժամանակ մենք լուրջ քննարկումներ ենք ունեցել Ռուսաստանի հետ և ուժեղ ազդակներ ենք ստացել, որ նրանք պատրաստ են խաղաղության։ Արդյոք դա հրաշալի չէ՞», - ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարն առիթը բաց չթողեց՝ կրկին քննադատելու նախկիններին՝ նշելով, որ Ջո Բայդենին համոզելը, որ Ուկրաինային մեծ գումարներ հատկացնի, այնքան հեշտ է եղել, որքան երեխայի ձեռքից կոնֆետ վերցնելը:
«Բայդենը միլիարդավոր դոլարներով ավելի շատ գումար է հատկացրել այս պատերազմում, քան Եվրոպան է ծախսել», - պնդեց Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփի ելույթը հենց սկզբից ուղեկցվեց միջադեպերով: Նախ՝ դեմոկրատները նրա ելույթի ընթացքում պարզել էին «Սուտ է», «Նախ Ձեր հարկերը վճարեք», «Փրկե՛ք Medicaid»-ը գրություններով պաստառներ, նրանցից ոմանք նաև մեջքով դեպի նախագահը շրջվեցին։
Տեխասից դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինը նույնիսկ ընդհատեց Թրամփի ելույթը, երբ հրաժարվեց նստել, ինչից հետո անվտանգությունը նրան դուրս հրավիրեց: Ավելի ուշ պարզաբանեց՝ այդ քայլով նախագահին փորձում էր հասկացնել, որ իրավասություն չունի կրճատելու ցածր եկամուտներ ունեցողների համար նախատեսված առողջության ապահովագրության Medicaid պետական ծրագիրը:
«Իմ ընտրատարածքում կան մարդիկ, որոնք շատ վախեցած են: Նրանք աղքատ են, և երբ խոսքը վերաբերում է նրանց առողջությանը, նրանք իրենց կյանքում միայն Medicaid-ն ունեն ... Սա աշխարհի ամենահարուստ երկիրն է, իսկ մենք ունենք մարդիկ, որոնք չունեն առողջության լավ ապահովագրություն», - ասել է Ալ Գրինը։
Դեմոկրատների ակցիաներով ուղեկցվող ելույթի ընթացքում Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձավ մաքսատուրքերին՝ հայտարարելով, որ ապրիլի 2-ից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր կսահմանվեն, ինչը նպատակ ունի հակազդելու, նրա ձևակերպմամբ, առևտրային անարդար պրակտիկային մի շարք երկրների կողմից, ինչպիսիք են Մեքսիկան, Կանադան, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, ինչպես նաև Եվրամիությունը:
«Տասնամյակներ շարունակ այլ երկրները մաքսատուրքեր են կիրառել մեր դեմ, և հիմա մեր հերթն է … Բազմաթիվ այլ պետություններ մեզանից շատ ավելի բարձր սակագներ են գանձում, քան մենք նրանցից: Դա շատ անարդար է», - հայտարարեց Թրամփը:
ԱՄՆ-ն երեկվանից սկսել է 25 տոկոս մաքսատուրք կիրառել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Կանադայի վարչապետը երեկ ուղիղ դիմելով Թրամփին, հայտարարեց՝ ամենամոտ գործընկերոջ և դաշնակցի նկատմամբ դա «հիմար քայլ է», ապա խոստացավ պատասխան միջոցներ ձեռնարկել:
ԱՄՆ նախագահի ելույթում կարմիր թելի պես անցնում էր գաղափարը, որ նախկին վարչակազմը ձախողել է բազմաթիվ ոլորտներում, իսկ ինքը պաշտոնավարման առաջին իսկ օրերից շտկում է դա և շարունակելու է ամեն ինչ անել՝ առաջնորդվելով «Առաջին հերթին՝ Ամերիկան» կարգախոսով:
Թրամփը նախկին վարչակազմին քննադատեց միգրացիոն, առևտրային քաղաքականության և տնտեսական վատ ռազմավարության, սահմանի անվտանգությունը չապահովելու համար, կրկին խոստացավ վերադարձնել Պանամայի ջրանցքը, իսկ Դանիայի կազմում գտնվող Գրենլանդիային հրավիրեց միանալ ԱՄՆ-ին, եթե նրանք նման ցանկություն ունենան, թեև մի քանի վայրկյան անց հավելեց․ - «Եվ ես կարծում եմ, որ մենք կհասնենք դրան: Այսպես թե այնպես, մենք կհասնենք դրան»:
Սպիտակ տան ղեկավարն անդրադարձավ դաշնային կառավարությունը կրճատելու ծրագրերին, գովեստի խոսքեր ասաց այս գործն ստանձնած միլիարդատեր Իլոն Մասկի հասեցին, նաև խոստացավ նվաճել Մարսը:
«Մենք կնվաճենք գիտության հսկայական հորիզոնները, մարդկությանը կտանենք տիեզերք և ամերիկյան դրոշը կտեղադրենք Մարսի վրա և նույնիսկ ավելի հեռու», - ասաց ԱՄՆ նախագահը։