Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը գրեթե վերացրել է Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրման արգելքը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժ, արխիվ

Միացյալ Նահանգները գրեթե վերացրել է Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրման արգելքը, որը սահմանել էր անցած շաբաթ՝ Սպիտակ տանը նախագահ Զելենսկու հետ սկանդալային հանդիպումից հետո: Միաժամանակ, նախագահ Թրամփը շարունակում է պնդել, որ իր առաջնային խնդիրն է դադարեցնել պատերազմը Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև:

«Ցանկանում եմ, որ նրանք այս պահին խաղաղություն ուզեն... Այս պահին նրանք այդ ցանկությունը չեն ցուցաբերել այնքանով, որքանով պետք է: Սակայն կարծում եմ՝ կանեն։ Ըստ իս՝ դա պարզ կլինի առաջիկա երկու-երեք օրերին», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Երեկ էլ Fox News-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե նորմա՞լ է, որ ԱՄՆ ռազմական աջակցության դադարեցումից հետո Ուկրաինան կարող է չդիմանալ պատերազմին, Թրամփն ասել է՝ Ուկրաինան այսպես թե այնպես չէր կարող դիմակայել։

«Այս պատերազմը չպետք է լիներ, սակայն տեղի ունեցավ։ Այնպես որ, հիմա մենք խրված ենք այս խառնաշփոթի մեջ», - նշել է Միացյալ Նահանգների նախագահը:

Դոնալդ Թրամփն ասել է, որ «բավական լավ արդյունքներ» է ակնկալում վաղը Սաուդյան Արաբիայում նախատեսված հանդիպումից, որտեղ Վաշինգտոնն ու Կիևը քննարկելու են ժամանակավոր հրադադարի և խաղաղության համաձայնագրի նախագծերը: Ամերիկացի երկու պաշտոնյա, անանուն մնալու պայմանով, Reuters-ին ասել են, որ այդ հանդիպմանն ԱՄՆ-ը ցանկանում է պարզել՝ պատրա՞ստ է Կիևը զիջումների գնալ պատերազմը դադարեցնելու դիմաց և լո՞ւրջ է տրամադրված ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու հարցում Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո:

«Դու չես կարող ասել՝ ես խաղաղություն եմ ուզում, ու միաժամանակ՝ մերժում եմ որևէ հարցում զիջումների գնալ», - ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան: - «Մենք ցանկանում ենք տեսնել, թե արդյոք ուկրաինացիները շահագրգռված են ոչ միայն խաղաղությամբ, այլև իրատեսական խաղաղությամբ: Եթե նրանց հետաքրքրում են միայն 2014 կամ 2022 թվականների սահմանները, դա ինչ-որ բանի մասին է խոսում»:

ԱՄՆ նախագահի վարչակազմի մեկ այլ պաշտոնյա, որի անունը չի նշվում, NBC News-ին ասել է՝ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է, որ Ուկրաինային ռազմական աջակցությունն ու հետախուզական տվյալների տրամադրումը վերականգնելու դիմաց Զելենսկին հրաժարվի Ռուսաստանի կողմից արդեն գրավված տարածքներից, ընտրություններ անցկացնի, հավանաբար նաև հեռանա պաշտոնից:

Financial Times-ն, իր հերթին, գրում է, որ Ուկրաինան հանդիպմանը կփորձի համոզել ԱՄՆ-ին վերսկսել հետախուզական տվյալների փոխանցումը և ռազմական օգնության մատակարարումը՝ դրա դիմաց առաջարկելով դադարեցնել հեռահար հրթիռներով ու անօդաչուներով հարվածները Ռուսաստանին, նաև մարտական գործողությունները Սև ծովում։

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իսկ ուկրաինականը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը: Հանդիպումից առաջ՝ այսօր, Ուկրաինայի նախագահը կրկին պնդել է, թե Ռուսաստանն է խաղաղության միակ խոչընդոտը։

«Ուկրաինան խաղաղության է ձգտում պատերազմի առաջին իսկ վայրկյանից, և մենք միշտ ասել ենք, որ պատերազմը շարունակվում է միայն Ռուսաստանի պատճառով», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Ըստ CNN-ի, ամերիկյան պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում կհանդիպի նաև ռուսական կողմի հետ։ Թե ովքեր են գլխավորելու ռուսական պատվիրակությունը և ինչ հարցեր են քննարկվելու, հստակ չէ։ Նախագահ Թրամփը, սակայն, նախօրեին լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ Սաուդյան Արաբիայում նաև ռուսներ կլինեն, առանց հավելյալ մանրամասների։

Այս շաբաթ նաև Փարիզում եվրոպական երկրների պաշտպանության նախարարները կհանդիպեն՝ քննարկելու Եվրոպայի վերազինման և Ուկրաինային աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է ավելացնել ռազմական ծախսերը, ստեղծել երկրների կոալիցիա, որոնք ցանկանում են աջակցել Ուկրաինային։ Առայժմ Եվրամիության ոչ բոլոր երկրներն են միացել այս ծրագրին, մյուս կողմից՝ դրա իրագործումը Եվրոպայից ժամանակ կպահանջի։ Հստակ է, որ Ուկրաինայի դեմ ավելի քան երեք տարի շարունակված պատերազմի ընթացքում տրամադրված ռազմական աջակցության առնվազն 40 տոկոսը եկել է Նահանգներից, և այդ բացը միանգամից դժվար կլինի լրացնել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG