Մատչելիության հղումներ

Երևանը նոր քաղաքապետ ունի. Մարությանը հեռացավ` իշխանությանը մեղադրելով հեղափոխական արժեքներից շեղվելու համար


Ընտրվեց նոր քաղաքապետ

Երևանի ավագանին 44 կողմ և10 դեմ ձայներով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին ու միանգամից մայրաքաղաքի նոր ղեկավար ընտրեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

«Հնարավորություն կունենամ իրագործելու մեր բոլոր ծրագրերը, որը մենք քաղաքական ծրագրում ներառել ենք: Շնորհակալություն, պարո՛ն Մարության, Ձեզ և շատ ուրախ էի Ձեզ հետ աշխատելու», - պաշտոնը ստանձնելով ասաց նոր քաղաքապետը:

Մարությանի պաշտոնանկության գործընթացը սկսել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, բացատրությունը՝ քաղաքապետը չի իրականացնում նախընտրական խոստումները, համակարգային կոռուպցիայի վերացման առաքելությունը, դուրս է եկել իշխող կուսակցությունից, խզել է կապն ավագանու իշխող խմբակցության և կառավարության հետ։

Դե հիմա ասեք՝ ո՞վ է շեղվել հեղափոխական արժեքներից

Նախքան փակ, գաղտնի քվեարկությունը խախտելով շուրջ երկու տարվա լռությունը՝ Հայկ Մարությանը ծավալուն ելույթ ունեցավ ու անդրադարձավ այս ընթացքում իր հասցեին իշխող թիմից հնչող քննադատություններին ու մեղադրանքներին։ Ընդգծեց՝ իր համար անընդունելի է, երբ աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկիրը միջազգային գործընկերներից գումար է խնդրում մանկապարտեզ ու ճանապարհ կառուցելու - վերանորոգելու համար, իսկ դրան զուգահեռ պետությունը խոշոր ծախսեր է կատարում, օրինակ՝ 200 հազար դոլարանոց մեքենա գնում:

«Եվ հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ, նախարարները 1,5 միլիոն դրամ են ստանում՝ մաքուր, փոխնախարարները՝ 1-ական միլիոն դրամ, և այսպես շարունակ։ Գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։ Շեշտում եմ՝ ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված, տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են և իրենց աշխատանքի համար պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին», - ասաց նա:

Երեք տարուց մի փոքր ավելի պաշտոնավարած Մարությանը հայտարարեց՝ տարբեր պաշտոնյաներից տարատեսակ զանգեր է ստացել, որոնք մերժել է. «Որոնք ասում էին՝ պարոն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցը ինչ-որ «վատ» քոմենթ է գրել կամ «վատ» ստատուսի տակ լայք է դրել, իրենք պետք է աշխատանքից հանել։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան ասել եմ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունն ախր նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, երկիրը Ֆեյսբուքով չեն կառավարում:

Հետո սկսեցին էլի, տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել ու իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի բուդկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք, սա էսքան հարկ ավելացնենք, էս հողը ընդլայնենք և այլն։ Եվ, բնականաբար, բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը․ քանի ես էստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում, և բոլորը հավասար են օրենքի առաջ:

Ու հիմա այս մարդիկ ասում են` Հայկը հեղափոխությունից շեղվել է: Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար այս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում, ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքա՜ն անհրաժեշտ գնում է դա պետության համար»:

Մարությանը նաև հայտարարեց՝ իր հակասությունները «Քաղաքացիական պայմանագրի» հետ գաղափարական են եղել, մինչև պատերազմն է կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել ու ասել` որպեսզի որևէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար այդ փաստը չշահարկի, ինքն այդ մասին հրապարակային չի խոսի։ «Դուք կխոսեք այն ժամանակ, երբ ձեզ հարմար լինի, ինչպես տեսնում եք, հայտարարեցին այն պահին, երբ հարմար էր իրենց համար»,- ասաց Մարությանը։

«Ես դեռ 2019-ին վաճառքի եմ հանել քաղաքապետին կցված S դասի Մերսեդեսը, գումարը մուտք եմ արել քաղաքային բյուջե, էս ամբողջ ընթացքում էկոնոմ դասի «Նիսան» եմ քշում, ընդ որում, առանց վարորդի, ինքս եմ վարում (թիկնապահի մասին, բնականաբար, խոսք չկա): Երբեք, երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս։ Եվ սա հերոսություն չի, սա, ինչպես ասում են՝ լավ չի, սա նորմալ ա։ Որովհետև դա իմ համոզմունքն է, ու դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը։ Որովհետև 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի՛ կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու մասին մտածել:

Դե հիմա ասեք՝ ո՞վ է շեղվել հեղափոխական արժեքներից։ Ես ներկայացրի մի քանի դրվագ, բայց դրանք շատ-շատ են, և հենց սա է հիմնական պատճառը, որ իմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապը այդքան կարճ տևեց:

«Տապալված քաղաքական ելույթ». Գալջյանը` Մարությանին

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արման Գալջյանը քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքը համարեց «տապալված քաղաքական ելույթ». «Պարոն Մարությանը վերջապես քաղաքական հայտ ներկայացրեց, իմ կարծիքով` իհարկե, ձախողված հայտ էր դա և երևի սկիզբն ու ավարտը կարող է լինել միաժամանակ, բայց այս ամեն ինչը ես կարծում եմ, որ չպետք է ասվեր, որովհետև մեր տոնայնությունն ու մեր դիրքորոշումները լրիվ այլ տոնի մեջ են»:

Գալջյանը հարցրեց՝ երբ Հայաստանում հակահեղափոխության փորձեր էին արվում երկրում, ո՞ւր էր Մարությանը, երբ շենքեր էին գրավվում, ո՞ւր էր նա. «Երբ որ խոսվում է հեղափոխության արժեքներից և հեղափոխությունից, ես գնում եմ նախորդ տարի այս օրերին և ուզում եմ հիշել հակահեղափոխություն անողներին` շենքեր էին գրավում, Ազգային ժողովի նախագահին էին փորձում սպանել, պատգամավորներին էին հետապնդում: Երբ որ հեղափոխություն էր, որտե՞ղ էր հեղափոխական Երևանի քաղաքապետը, աշխատասենյակում դիմակով փակվա՞ծ, որտե՞ղ էր ինքը, թե՞ կուսակցությունից դուրս գալու դիմում գրելով էր զբաղված: Կներեք, այդ հեղափոխության արժեք բառն անընդհատ օգտագործելով` հեղափոխության արժեքի պահպանող չեն դառնում:

Կոռուպցիայից է խոսվում, պարգևավճարներ, որ գաղտնի պարգևավճար են տվել, գաղտնի-ոչ գաղտնի ի՞նչ կապ ունի: Եթե պարգևավճարը կոռուպցիա է, ստեղ չտայիք այդ պարգևավճարը, երկու տարի տվել եք»:

Ինչո՞ւ ոչ ոք իր անգործության համար աշխատանքից չի ազատվել, հիշեցրեց խմբակցության ղեկավարն արդեն դահլիճը լքած Հայկ Մարությանին. «Խոսվում է պաշտոնյաների կողմից զանգերի մասին` ինչ-որ հողերի, տարածքների հետ կապված: Պետք է անուններ տրվեն, էդ ասելով չի, ոչ մի անգամ մեր խմբակցության նիստի ժամանակ կամ որևէ առանձնազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեզ չի ասել` վայ, իշխանական ձեր կամ մեր այս թիմակիցը զանգել է և այսպիսի հարցով խնդրում է, որ ընդառաջենք, օրենքից դուրս»:

Նորընտիր 36-ամյա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ շփվեց նախքան քվեարկությունը, ասաց` Մարությանի հետ աշխատանքի ընթացքում խնդիրներ չի ունեցել. «Ես գոհ եմ պարոն Մարությանի աշխատանքից, բայց քանի որ դա… այն խղճով, որով այն ծրագրերը, որը մենք սկսել ենք դեռ 2018 թվականից, այդ բոլոր ծրագրերը պետք է մենք ավարտին հասցնենք»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG