Երևանի քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30-140 տոկոսով: Նախագիծն ավագանու հաստատմանն էին ներկայացրել իշխող «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներ Լևոն Հովհաննիսյանն ու Արմեն Գալջյանը։
Ավագանու 65 անդամներից այսօրվա արտահերթ նիստին ներկա էին 37-ը, որոնցից 34-ը կողմ քվեարկեցին նախագծին, 2-ը` ձեռնպահ, ևս 2-ը՝ դեմ։ Նախագծի համահեղինակներից Լևոն Հարությունյանն ասաց՝ ցածր աշխատավարձով մրցունակ մասնագետներ գտնելը գրեթե անհնար է և ոչ միայն։ Այսպիսով, պարգևատրումների ու հավելավճարների ֆոնդն ուղղվում է աշխատավարձերի բարձրացմանը: Նախագծի համահեղինակը պնդեց՝ բյուջեն չի ուռճացվում, ավելին՝ շուրջ 1.6 միլիարդ դրամ էլ հարկ է վճարվելու։
«Ցածր աշխատավարձերի հետևանքով Երևանի քաղաքապետարանը չի կարողանում հանդես գալ որպես մրցունակ գործատու աշխատանքային շուկայում, և ներկայիս պայմաններում նկատվում է նաև մասնագետների որոշակի արտահոսք, որը, ըստ էության, բացասական ազդեցություն է թողնում մեր կողմից նախանշված Երևան քաղաքի զարգացման տեսլականին», - նշեց նա:
«Նախագիծը հրատապ եք բերել, սա բարոյական չէ, երբ հատկապես սահմանային վիճակը լարված է»,- ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Ավագանու ընդդիմադիր անդամի կարծիքով՝ սա զուտ քաղաքական որոշում է։ Խաչատրյանը հիշեցրեց շաբաթներ առաջ Ազգային ժողովի ընդունած նախագիծը, որով պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը դարձավ 250 հազար։
«Իշխող խմբակցությունն ուզում է իր իշխանության աշխատակիցներին, պատգամավորներին բարձր աշխատավարձով սկսել վարձատրել, որովհետև այս նախագիծն այս պատերազմական շրջանում, արդեն Երասխում տևական շրջան է, Սյունիքում, այսքան հրատապ, արտահերթ նիստով բերելու նախագիծ չէր, որովհետև աշխատակիցները երկու տարուց ավելի սպասում են այս բարձրացմանը և այս մեկ ամիսն էլ կսպասեին, որ այս նախագիծը գար հաջորդ հերթական նիստ: Դուք հրատապ բերել եք նախագիծը, որը, մեղմ ասած, բարոյական չի Հայաստանում տիրող իրավիճակի առաջ», - հայտարարեց ավագանու անդամը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով պնդումներին, թե քաղաքական թիմի անդամների աշխատավարձն էլ է սրանով բարձրանում, ասաց՝ փոխքաղաքապետերը, վարչության պետերի 90 տոկոսն ու թաղապետերի 80% տոկոսն իշխող քաղաքական թիմի անդամ չեն. «Այսինքն` այն փաստը, որ ինչ-որ կուսակցություն, քաղաքականություն պարգևավճար և այլն, դա բացարձակ Երևանի քաղաքապետարանի մասին չէ, համենայն դեպս իմ օրոք»:
Նախագծի հեղինակներից Լևոն Հարությունյանը հակադարձեց Անի Խաչատրյանին` քաղաքական թիմի անդամների աշխատավարձը չի բարձրանալու: Հիշեցրեց՝ ժամանակին հենց «Լույս» խմբակցությունն էր աշխատավարձերի բարձրացման նախագիծ առաջարկել։ Խաչատրյանն էլ պատասխանեց՝ իրենց նախագծով բոլորի աշխատավարձը հավասարաչափ էր բարձրանալու՝ 30 տոկոս, ոչ թե 30-140։
«Իմ քայլ»-ի ավագանու մի քանի անդամներ նույնպես հետաքրքրվեցին, թե ինչու է նախագծով բարձր օղակների աշխատավարձը կրկնակի, որոշ դեպքերում եռակի բարձրանում, մյուսներինը` 30 տոկոս և գուցե մի քիչ ավելի. «Ցանկացած հիմնականում կա գրեյվինգ, այսինքն` կան տարբեր հաստիքներ, կան ղեկավար մարմիններ, և այդպես է, որ ղեկավարությունը միշտ ավելի բարձր է վարձատրվում, քան միջին օղակի աշխատակիցները: Համենայն դեպս, հակառակ դեպքին դեռ չեմ հանդիպել, եթե տեղյակ եք, կարող եք ասել»:
Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2017 թվականին։ Օրինակ՝ քաղաքապետի աշխատակազմի քարտուղարի աշխատավարձն այս պահին 280 հազար դրամ է, սեպտեմբերին այն կկազմի 660 հազար դրամ, քաղաքապետի տեղակալների 320 հազար դրամ աշխատավարձը կդառնա 670 հազար։ Քաղաքապետի 415 հազար դրամ աշխատավարձն էլ` 925 հազար դրամ։ Սա առանց հարկերի թվերն են, այսպես ասած` մաքուր աշխատավարձը:
Հայկ Մարությանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ թեև օրենքի պահանջն է, որ մյուս աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար ավելացվի նաև քաղաքապետի աշխատավարձը, այդուհանդերձ ինքը կշարունակի ստանալ իր 415 հազար դրամը՝ հրաժարվելով ավելացված գումարից։
Մարությանի կարծքով՝ սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավելու, բայց հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը, ըստ նրա, չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը: