Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։
«Անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա», - «Ազատությանը» փոխանցեց ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ստորագրողներից մեկն էլ ինքն է և կողմ է գործընթացին. - «Այո, գործընթաց սկսվել է, ու այո, կարծում եմ, մինչև էս ամսվա վերջ Հայկ Մարությանը պաշտոնանկ կարվի»։
Թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, Կոտոլյանը մանրամասնել չցանկացավ։ Ասաց միայն, թե «Իմ քայլն» իր հիմնավորումներն ավելի ուշ կներկայացնի. - «Ես չեմ նախաձեռնել, բայց ես միացել եմ, որովհետև կողմ եմ էղել գաղափարին։ Հիմնավորումները կան, բայց քանի որ հիմնավորումները պետք է փաստարկված լինեն, էդ հիմնավորումները կներկայացնենք ավելի ուշ»։
Որոշման վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածը, համաձայն որի Մարությանը շեղվել է հեղափոխության օրակարգից։ Ըստ այդ հրապարակման, քաղաքապետը փոխել է ճամբարը, անգամ հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ե'վ Քոչարյանի թիմակիցները, և' քաղաքապետի խոսնակը հայտարարել էին, որ նման հանդիպում չի եղել։
Ավագանու իշխող խմբակցության անդամը պնդեց՝ անվստահություն հայտնելու որոշումը կայացրել են մինչև վարչապետի ընտանիքին պատկանող թերթի հրապարակումը, և ամենայն հավանականությամբ, մինչև Ամանոր գործընթացն ավարտին կհասցվի։
Կոտոլյանը հրաժարվեց ասել, թե արդյոք իր կարծիքով Մարությանը ինչ-որ թերացումներ ունեցել է, այդուհանդերձ չբացառեց, որ խնդիրը քաղաքական է։
Ավագանու իշխող խմբակցության մեկ այլ անդամ՝ Նուարդ Վարդանյանն էլ իր հերթին պնդեց՝ քաղաքական թիմն ինչպես որոշի, այդպես էլ կվարվեն. - «Եթե էդպես լինի, և դա լինի իմ քաղաքական թիմի դիրքորոշումը, բնականաբար, ես հարգելու եմ իմ քաղաքական թիմի տեսակետը»։
Ըստ Կոտոլյանի, ներկայումս քաղաքապետի մի քանի թեկնածուների անուններ են քննարկում, նրանցից մեկը փոխքաղաքապետ Հրաչ Սարգսյանն է։ Ինքը՝ Կոտոլյանը քաղաքապետ դառնալու ցանկություն, ասաց, չունի։
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք որևէ տեղեկություն գործընթացի մասին չունեն, հետևաբար մեկնաբանել չեն կարող։
44-ամյա Մարությանը, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության առանցքային դեմքերից էր, քաղաքապետ ընտրվեց 2018-ին։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023-ին։
Մարությանի և իշխող թիմի սուր հակասությունների մասին լուրերը արդեն մեկ տարի է շրջանառվում են։ Քաղաքապետը, սակայն, վերջին շրջանում հարցազրույցներ չի տալիս և չի մեկնաբանում, թե այդ ինչ հակասություններ են առաջացել իր ու իշխող ուժի միջև։
Ավելի վաղ իշխանություն - Հայկ Մարության հակասության մասին բաց տեքստով խոսել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խորհրդարանական վերջին ընտրություններից հետո։
«Շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ, և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին», - ասել էր Հարությունյանը: