Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանը հերքում է, թե իր կինը միջամտում է քաղաքապետարանի աշխատանքներին


Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը «Ազատության» հարցին, թե արդյոք մասնակցելու է սահմանադրական հանրաքվեին և քարոզելու է «Այո»-ի օգտին, քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց. - «Բնականաբար քարոզելու եմ։ Եթե արձակուրդ չվերցնեմ, քարոզելու եմ աշխատանքային ժամերից դուրս»։

Ի պատասխան լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին քաղաքապետարանի աշխատանքներին իր կնոջ միջամտելուն, որը, ըստ մամուլի, մարդիկ է նշանակում պաշտոնների, նկատողություններ է հայտարարում, և որ ավագանու փակ նիստում իմքայլականներն անգամ դժգոհել են այդ երևույթից, Մարությանն ասաց, թե ոչ ոք չի կարող միջամտել քաղաքապետի աշխատանքներին և հավելեց, որ իր կինը՝ Իվա Մարությանը մեկ հարցում է օգնել իրենց. - «Իմ կինը և իր ընկերները օգնել են մեզ, զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5,2 միլիոն եվրոյի ծրագիր բերվի, դրամաշնորհ լինի Երևան քաղաքին։ Դրա հետ կապ չունի ո՛չ կառավարությունը և կապ չուներ քաղաքապետարանը։ Ուղղակի իրենք էդ ծրագիրը իմ խնդրանքով գրել են, ներկայացվել է քաղաքապետարան, մենք դիմել ենք, և մեծ մրցույթում, որտեղ մասնակցել են բազմաթիվ քաղաքներ, հաղթել ենք այս մրցույթը։ Վտանգավոր թափոնների կառավարման համար, կարող եք հետաքրքրվել։ Նաև իմ ընկերները շատ՝ և՛ արվեստագետներ, և՛ դիզայներներ, և՛ ինժեներներ, ով ինչով կարողանում է, օգնում է»։

Արդեն ավագանու նիստին ընթացքում, ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը քաղաքապետին հարցրեց, թե ինչու է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն իր ենթակայության տակ գտնվող 21 մանկապարտեզների տնօրեններին սննդի մատյաններով հանդերձ հրավիրել վարչական շրջանի շենք ու այսպես ասած «օղակ» օպերացիա կազմակերպել՝ ոստիկաններ կանչելով։ Ավագանու անդամի կարծիքով, դա ստորացման ակտ է, խախտվել է մարդկանց անմեղության կանխավարկածը։

Առաքելյանը կողմ է, որ չարաշահում կատարած անձինք օրենքով պատժվեն, բայց, նրա խոսքով, իրավական առավել լուրջ գործիքներ պետք է կիրառվեն. - «Նշելով, որ երեխայի հաց գողացողը պիտի նստի... այն դեպքում, երբ մենք չունենք որևէ քրեական գործ և այդ քրեական գործով չի անցնում որևէ տնօրեն»։

«Մանկապարտեզներում սննդի հետ կապված խնդիրներ հաճախ են առաջանում։ Վարչական շրջանի ղեկավարները փորձում են ամեն ինչ անել, որ երեխաներին որակյալ սնունդ հասնի՝ ճիշտ չափաբաժնով», -արձագանքեց Մարությանը։

Իսկ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն հավելեց, թե «օղակ օպերացիայի» մասին խոսք չկա, հանդիպումը նախապես ծրագրված է եղել։ Իսկ թե ինչու են ոստիկաններ եկել, Մկրտչյանը խորհուրդ տվեց պատասխանները ստանալ ոստիկանությունից։

«Ազատության»հետ զրույցում Ռազմիկ Մկրտչյանն ասաց, որ ինքը ոչ մեկին չի մեղադրում, պարզապես տեղեկություններ ունեն, որ մատյաններում ջնջվող գրիչներով գրառումներ են եղել, սովորական կրակայրիչի կրակը գրառումների վրայով տանել-բերելուց հետո դրանք ջնջվում են։

Մի քանի ժամ շարունակված նիստի ընթացքում այս հարցն ամենաբուռն քննարկվողներից էր։ Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ դիմել է Շենգավիթի ոստիկանություն, որպեսզի հասկանա, թե ինչ հիմքերով է դա արվել և ինչու տնօրենները տեղյակ չեն եղել, որ այդ հանդիպմանը պետք է նաև ոստիկաններ լինեին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG