Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցող իշխանական պատգամավոր Սերգեյ Մովսիսյանին դուր չեկավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխարեն խորհրդարան էր եկել փոխքաղաքապետը։ Պատգամավորի առաջին հարցը հենց այս մասին էր:
«Իր երեխաները և իր կինը ներկայիս դրությամբ հիվանդ են քովիդով, և նա, լինելով ներկայումս վտանգավոր զոնայում, չի ուզում վտանգել այլ մարդկանց կյանքը: Ներկայումս նա գտնվում է մեկուսացված վիճակում աշխատանքի վայրում, իհարկե, այսինքն ոչ մեկի հետ կոնկրետ շփման մեջ չի գտնվում», - ասաց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը:
6-րդ օրն է խորհրդարանը տարբեր հանձնաժողովներում բյուջեի քննարկումներ է անցկացնում։ Ո՛չ ոստիկանապետը, ո՛չ ԱԱԾ տնօրենը, ո՛չ Քննչական կոմիտեի նախագահը, ո՛չ արտգործնախարարը քննարկումներին չէին ներկայացել տարբեր, ինչպես ձևակերպում էին՝ հիմնականում տեխնիկական պատճառներով։
Մինչ ընդդիմադիրներն ու մամուլը մի քանի օր շարունակ բարձրաձայնում են խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարան չներկայանալու արատավոր պրակտիկայի մասին, իշխանականները նկատեցին միայն Երևանի քաղաքապետի բացակայությունը։
Հարցին, թե ինչու, Սերգեյ Մովսիսյանն արձագանքեց. - «Նախ, ես իմացա, որ շատ հարգելի էր պատճառը քաղաքապետի բացակայության, և եթե նկատեցիք, ես առողջություն մաղթեցի իրեն և իր ընտանիքին»:
Պատգամավորն ասում է՝ իր հարցը չպետք է դիտարկել իշխանություն- Երևանի քաղաքապետ հակասության տրամաբանության մեջ։ Իսկ կա՞ այդպիսի հակասություն, թե՞ ոչ, ինքը ասել չի կարող։ Ծանոթ չէ նաև վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթում և մերձիշխանական մյուս լրատվամիջոցներում հրապարակվող հոդվածներին, որտեղ հաճախ թիրախում է հայտնվում Երևանի քաղաքապետը։
«Չեմ կարծում, որ առանձնապես մեծ նշանակություն ունի», - ասաց նա:
Իշխանություն - Հայկ Մարության հակասության մասին առաջինը բաց տեքստով խոսեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խորհրդարանական վերջին ընտրություններից հետո։
«Շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «քաղաքացիական պայմանագրին», - ասել էր Հարությունյանը:
Իշխանական թիմի երբեմնի կարկառուն անդամ Մարությանը չկար նաև կուսակցության նախընտրական ցուցակում: Մարությանը նախքան ընտրություններն էր հայտարարել, որ հետաքրքված չէ ընտրական գործընթացով:
«Ընդհանրապես ընտրությունները ինձ չեն հետաքրքրում, ես իմ գործով եմ զբաղված՝ գլուխս կախ», - նշել է Երևանի քաղաքապետը:
Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվել էր 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ 5 տարի ժամկետով, նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023-ին։