Մատչելիության հղումներ

Մարությանը բարձր վարկանիշ ունի, պրոցեսների բանալին պետք է փնտրել այդտեղ. Երևանի քաղաքապետի խոսնակ


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր երեք տարվա աշխատանքի շնորհիվ բավական մեծ, բավական բարձր հանրային վարկանիշ ունի, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ շեշտելով՝ այս ամբողջ պրոցեսի պատճառների բանալին պետք է փնտրել այդ փաստի հետևում։

Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Հարցը կքննարկվի դեկտեմբերի 22-ին՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստում։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի ժամ տևած հանդիպումից հետո Երևանի ավագանու իշխող խմբակցությունը հայտարարություն տարածեց, մասնավորապես, նշելով, թե «2018-ի Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը գլխավորած Մարությանը մեկ տարի առաջ լքել է կուսակցությունը և դրանից հետո ծավալված «Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է, որ կուսակցության և ավագանու իշխող խմբակցության հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չի կիսում», ըստ այդմ, «քաղաքական ճգնաժամ է առաջացել», որն էլ «հաղթահարելու համար» քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։

Խոսնակը երեկ մեկ դրվագ նշեց քաղաքապետի և իշխող խմբակցության հարաբերություններից։

«2021 թվականի փետրվարին, երբ քաղաքապետը հայցում էր ավագանու համաձայնությունը քաղաքի համար ավտոբուսներ ձեռք բերելու, այդ պահին 161 ավտոբուս, հետո գումարվեց ևս 50-ը՝ 211 ավտոբուս, կուլիսային գործընթացի միջոցով մեծամասնություն կազմող ֆրակցիան փորձում էր ձախողել գործընթացը, համաձայնությունը։ Կարծում եմ երևանցիներին երկար բացատրելու կարիք չկա, թե ինչ առանցքային նշանակություն ունի քաղաքի կյանքի համար առհասարակ տրանսպորտային բարեփոխումը, որի շատ կարևոր պայմաններից մեկը այդ ավտոբուսների ձեռբերումն է։ Սա, կրկնեմ, կուլիսային գործընթաց էր, սա ոչ թե հրապարակային բանավեճ էր», - պատմեց Կարապետյանը՝ այն որակելով «սաբոտաժ»։

Նա ընդգծեց՝ այդ ժամանակ երկիրը ներքաղաքական մեծ լարման մեջ էր և Մարությանն այդ պայմաններում չէր կարող բարձրաձայն խոսել խնդիրների մասին։ «Խնդիրները բազմազան են, ինչպես ասացի, դրանց մասին առիթ կլինի խոսելու», - եզրափակեց խոսնակը։

Երևանի քաղաքապետի պաշտոնում «Իմ քայլն» առաջադրելու է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված նոր թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը` ըստ օրենքի:

Գործող ավագանին 65 անդամ ունի, հետևաբար անհրաժեշտ է 33 ձայն, իշխող խմբակցությունն ավելին ունի։ Որոշման ընդունման դեպքում գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG