Դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի «քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» ավագանու որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց:
Խմբակցության երեկվա հայտարարության մեջ ասվում էր, թե 2018-ի Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը գլխավորած Մարությանը մեկ տարի առաջ լքել է կուսակցությունը և դրանից հետո ծավալված «Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է, որ կուսակցության և ավագանու իշխող խմբակցության հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չի կիսում»։ Ըստ այդմ, համաձայն հայտարարության` քաղաքական ճգնաժամ է առաջացել:
Երևանի քաղաքապետի պաշտոնում «Իմ քայլն» առաջադրելու է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված նոր թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը` ըստ օրենքի:
Գործող ավագանին 65 անդամ ունի, հետևաբար անհրաժեշտ է 33 ձայն, իշխող խմբակցությունն ավելին ունի։ Որոշման ընդունման դեպքում գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում: