Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Երևանում ապամոնտաժվում են ապօրինի կրպակները։ Ամենաշատն Աջափնյակ վարչական շրջանում է քանդվել․ երեկվա տվյալներով՝ վերջին 6 ամիսների ընթացքում 30-ից ավելի։
Մայրաքաղաքի մյուս բոլոր վարչական շրջաններում նույնպես շրջում են ոստիկանների ուղեկցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու ապամոնտաժում ապօրինի կրպակները։
Աջափնյակ համայնքում երեկ հերթական կրպակն էր ապամոնտաժվում, սեփականատիրոջ փաստաբան Արթուր Ապիկյանն «Ազատության»-ն ասաց՝ 2018-ից դիմել են Քաղաքապետարան, որ ինքնակամ այս շինությունն օրինականացվի, պատասխան դեռ չկա։
«Իրա շինարարությունն իրականացրել ա, օրինականացման խնդրանքով դիմել են, մեզ երեկ գիշերը՝ ժամը 11-ի կամ 12-ի կողմերը նոր որոշում են բերել ներկայացրել, որ քանդման իրավունք ունեն իրականացնելու, նախօրոք որոշման մասին չեն ծանուցել, որոշման բողոքարկման ժամկետները պահպանված չեն, ավելին՝ այսօր առավոտյան որոշումը բողոքարկվել է և վարչարարության հիմունքներ Վարչական վարույթի մասին օրենքով կասեցված է արդեն որոշման կատարումը», - ասաց Ապիկյանը։
Փաստաբանի պնդմանն արձագանքում է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը․ - «Շատ ժամանակ դժգոհում են, ասում են՝ «մենք դիմեցինք քաղաքապետարանին որպեսզի օրինականացվի, քաղաքապետարանը չօրինականացրեց, մենք էլ ստիպված ինքնակամ կառուցեցինք»։ Ներեցեք, բայց դա նման է էն դեպքին, որ ես մոտենամ ինչ-որ մեկին, ասեմ՝ «մեքենադ տուր քշեմ» և, չստանալով իր համաձայնությունն, առևանգեմ իր մեքենան, հետո դատարանում, որպես արդարացում, ասեմ՝ «ես ուզեցի, ինքը չտվեց», ես էլ ստիպված գողացա։ Քաղաքային իշխանությունն է համայնքի սեփականությունը տնօրինում և պետք է ցանկացած պարագայում ստանալ քաղաքային իշխանության թույլտվությունը»։
Երևանի ավագանու վերջին նիստում քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց՝ հատկապես գիշերով ապօրինի կրպակներ տեղադրողներին 40-50 ոչ սթափ վիճակում գտնվող և մահակներվ զինված մարդիկ են ուղեկցում։ Իրենք դիմել են իրավապահներին, վերջիններս էլ ուսումնասիրում են նյութերը։Ըստ Մարությանի՝ իրենք դեռ 2019-ին դիմել են կառավարություն, որ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու» մասին կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարվեն, որպեսզի բացառվի հանրային տարածքներում ապօրինի շինարարությունը և կրպակ տեղադրելը։ Իսկ այսօր օրենքում, ըստ քաղաքապետի, կետեր կան, որոնք թույլ են տալիս, որ սեփականատերը քաղաքի ցանկացած վայրում, օրինակ, կրպակ տեղադրի, հետո դիմի Քաղաքապետարան, որ այդ ինքնակամ կառույցն օրինականացվի։ «Կառավարությունից երկու տարի է, պատասխան չկա», - ընգծում է Մարությանը։
Քանդվող կրպակը Ֆուչիկի 15 շենքի բնակիչ Գնել Աղաջանյանի հարևանինն է, վրդովված էր՝ «օրենքի բաց կա, իր հարևանն էլ օգտվել է, թող էնպես անեին, չլիներ այդ հնարավորությունը, դա քաղաքացու մեղքը չէ», ասաց, ապա ցույց տվեց այդ նույն փողոցում քանդված 3 կրպակ ու հավելեց՝ «կարտագաղթեն մարդիկ»։
«Ով արել ա, ճիշտ ա արել, թող օրենքի բաց չլիներ, իրանք իրանց բացը մարդկանց ֆինանսական կռախի առաջ են կանգնացնում, ևս երեք ընտանիք կեթա էս երկրից, հալալ ա իրանց», - ասաց Աղաջանյանը։«Ազատության» գրավոր հարցմանը, թե ինչո՞ւ երկու տարվա ընթացքում կառավարությունն ընթացք չի տվել քաղաքային իշխանության առաջարկած փոփոխությանը, կառավարության լրատվականից ասացին՝ կպատասխանեն առաջիկայում։