Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու համար ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ստորագրություններն անցնում են չորս տասնյակը, ինչն ավելի քան բավարար է անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար: Քաղաքապետի մամուլի խոսնակի փոխանցմամբ, սակայն, մինչ այս պահը մուտք արված նախագծի մասին տեղեկություն չկա, իսկ քաղաքապետը հրաժարական տալու մտադրություն ու պատճառ չունի։
«Հարված Հայաստանի ժողովրդավարությանը», ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը մեկ տարի առաջ լքած Իզաբելլա Աբգարյանն այսպես է բնորոշում գործընթացը. «Նրանք վնասում են ոչ միայն Երևան քաղաքի շահին, այլ նաև անտեսում են երևանցիների կարծիքը, քանի որ ինչքան էլ որ ասեն, որ ընտրել են Նիկոլ Փաշինյանին, թե ում, ամեն դեպքում ավագանու ցուցակը գլխավորել է Հայկ Մարությանը, և երևանցիները սովորաբար քաղաքապետին են ընտրում, ոչ թե ավագանուն: Ավագանու կազմին երևանցիների մեծ մասը ծանոթ էլ չէ», - նշեց նա:
Քաղաքապետին պաշտոնանկ անելու գործընթացին նաև ընդդիմադիրներից են միացել
Իշխող ուժին միացել են նաև ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամներ։ «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը ստորագրողներից մեկն է։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց` ինքն ու երրորդ անդամը` Թեհմինա Վարդանյանն անվստահություն հայտնելու նախագծի տակ չեն ստորագրել, իսկ հետագա գործողությունների հետ կապված դեռ որոշում չունեն։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հաստատել է, որ կմիանա քաղաքապետի պաշտոնանկության գործընթացին։ Մինչ այս պահը 5 հոգանոց խմբակցությունից չորսն արդեն միացել են, «Ազատությանը» փոխանցեց խմբակցության անդամ անդամ Լյուդմիլա Սարգսյանը:
Որ նման գործընթաց է սկսվել, երեկ «Ազատությանը» հայտնել էր ավագանու իշխանական խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը, որն այսօր արդեն չցանկացավ նոր մեկնաբանություն տալ։
Գրիգոր Երիցյան. «Իմ գնահատականն է, որ ես այդ գործընթացը մասը լինել չեմ ցանկանում»
Չնայած չորս տասնյակի հասնող ստորագրությունների առկայությանը, Մարությանին պաշտոնանկ անելու որոշումը հիմնավորող ավագանու անդամ «Ազատությանը» գտնել այդպես էլ չհաջողվեց։ 54 հոգանոց խմբակցության մեջ կային նաև այնպիսիք, որ հրապարակային հայտարարեցին նախագծին չմիանալու մասին։ Նրանցից Գրիգոր Երիցյանն ասաց՝ համաձայն չէ քաղաքապետի մասին թիմակիցների կարծիքի հետ. «Դա քաղաքական որոշում է, որի իրավունքը խմբակցությունն ունի: Ես որևէ գնահատական տալ չեմ ուզում, իմ գնահատականն է, որ ես այս գործընթացի մասը կազմել, լինել չեն ցանկանում»:
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի` քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը: Օրենքը սահմանում է նաև, որ որոշման նախագծում պետք է նշվի ավագանու այն անդամի անունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու։ Այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
Ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը երեկ հաստատել էր` քննարկվում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։
Մարությանը շարունակում է աշխատել
Ինքը` Հայկ Մարությանը դեռ անձամբ չի մեկնաբանել իր շուրջ կատարվող գործընթացը: Փոխարենն իր ֆեյսբուքյան էջում իրեն աջակցող երևանցիներին շնորհակալություն է հայտնել և տեղեկացրել, թե ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր է ստորագրել:
Ըստ Աբգարյանի` ավելի արդար կլիներ արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալը
Մինչ այդ իշխանամերձ լրատվամիջոցներում շարունակում են Երևանի քաղաքապետին քննադատող հոդվածներ հրապարակվել։ Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը պնդում է՝ շատ ավելի արդար կլիներ արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալը. «Եթե ՔՊ-ն կարողանար առանց վարչական լծակների կիրառման Երևան քաղաքում հաղթեր ընտրությունները, գուցե Հայկ Մարությանին հանգիստ կթողնեին, բայց նաև վերջին ՏԻՄ ընտրությունները, կարծես, իրենց մոտ տագնապ առաջացրին, վախ առաջացրին, և ես կարծում եմ, որ Հայկ Մարությանին փոխարինում են այլ քաղաքապետով, այլ ոչ թե գնում են նոր ընտրությունների միայն մեկ պատճառով, որպեսզի հասցնեն մինչև մյուս քաղաքապետի ընտրություններ տիրանալ վարչական լծակներին և կրկին հին ծանոթ մեթոդներին դիմել` համատիրություններ, դպրոցի տնօրեններ, մանկապարտեզների տնօրեններ, քաղաքապետարանի ենթակայության տակ հիմնարկի աշխատողներ: Ես ունեմ այդ մտավախությունը» , - շեշտեց ավագանու անդամը:
44-ամյա Մարությանը, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության առանցքային դեմքերից էր, քաղաքապետ ընտրվեց 2018-ին։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023-ին։ Մարությանի և իշխող թիմի սուր հակասությունների մասին լուրերը արդեն մեկ տարի է` շրջանառվում են։ Քաղաքապետը, սակայն, վերջին շրջանում հարցազրույցներ չի տալիս և չի մեկնաբանում, թե այդ ինչ հակասություններ են առաջացել իր ու իշխող ուժի միջև։
Ավելի վաղ իշխանություն - Հայկ Մարության հակասության մասին բաց տեքստով խոսել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խորհրդարանական վերջին ընտրություններից հետո։
Համաձայն օրենքի՝ քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված նոր թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Գործող ավագանին 65 անդամ ունի, հետևաբար անհրաժեշտ է 33 ձայն, իշխող խմբակցությունն ավելին ունի։ Որոշման ընդունման դեպքում՝գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում:
Երևանի ավագանու հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։