Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին այսօր քննարկում է քաղաքապետի պաշտոնանկության հարցը


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստվում է նախագահել ավագանու նիստը, մայիս, 2019թ.
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստվում է նախագահել ավագանու նիստը, մայիս, 2019թ.

Այսօր Երևանի քաղաքապետարանում ընթանում է քաղաքապետին գաղտնի քվեարկությամբ անվստահություն հայտնելու օրակարգով հրավիրված ավագանու արտահերթ նիստը։ «Իմ քայլը» պնդում է, թե մեկ տարի առաջ իշխող կուսակցությունը լքած Հայկ Մարությանը իշխանության հետ խզված կապերի պայմաններում չի կարող շարունակել պաշտոնավարումը։

Պաշտոնանկության գործընթացը նախաձեռնած «Իմ քայլ»-ի ձայները բավարար են Մարությանին պաշտոնակ անելու համար։ Երեկ սոցցանցերում հայտնվեց իշխող խմբակցության ղեկավարի ստորագրությամբ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ երևում է, որ ավագանու 63 անդամներից 44-ը կողմ են, որ քաղաքապետը պաշտոնանկ արվի, նրանց թվում է փոխքաղաքապետ Հրաչա Սարգսյանը, որն «Իմ քայլ»-ի քաղաքապետի թեկնածուն է։

Մինչ այս, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին։ Կարծում են, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի շարք անդամների վրա ճնշումներ են գործադրվել։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյան, արխիվ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյան, արխիվ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Այն տեղեկությունները, որոնք որ հրապարակային կան, այդ թվում նաև՝ «Ազատություն» ռադիոկայանի կողմից հրապարակված, խիստ մտահոգիչ են և, ըստ էության, մեր գնահատմամբ՝ պարունակում են Քրեական օրենսգրքի 311 պրիմ 2 հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ: Եվ մենք կարծում ենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների նկատմամբ ճնշումները, այդ թվում՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հեռացման, իմպիչմենտի այդ դիմումի տակ ստորագրելու պահանջով ճնշումները, ինքնաբացարկ հայտնելու կամ հրաժարական տալու վերաբերյալ ճնշումները, դրանք քրեորեն պատժելի արարքներ են»:

Երեկ, օրինակ, «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Գրիգոր Երիցյանը «Ազատության» եթերում հայտնել էր, որ մանդատը վայր է դրել, քանի որ այլ տարբերակ չի ունեցել, հակառակ դեպքում, ասել են՝ իր նախաձեռնությունները կչեղարկվեն. - «Ինձ հստակ ասվեց, որ «երեք տարիների այն աշխատանքը, որ դու կատարել ես, մեկ օրում ջուրը կգնա»։ Խմբակցության ղեկավարը վերջին հանդիպման ժամանակ ասաց, որ «պետք է ընտրել քաղաքի համար քո արած աշխատանքը կամ այս մանդատը, մեզ պետք է մեկը, ով որ կգա ցուցակի ներքևից և կքվեարկի Մարությանին դեմ, դու էդ մարդը չես, դու պիտի գնաս, իսկ եթե անկախանում ես, դու պետք է հասկանաս, որ դու այլևս ձայն չես ունենալու այս շենքում»։

«Իմ քայլ»-ից չէին հերքել, որ նման զրույցներ եղել են, բայց և պնդել էին՝ դա ճնշում չէ, ուղղակի Երիցյանին ասել են, որ թիմի որոշումներին դեմ գնալը չի բխում նաև երևանցիների շահերից։

Իոաննիսյանը նշում է նաև, որ Դատախազությանը խնդրել են միջոցներ ձեռնարկել վկաների պաշտպանության ուղղությամբ, քանի որ «ճնշում գործադրողները բարձրաստիճան պաշտոնատար անձինք են»: «Որովհետև եթե մենք խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ավագանու անդամների վրա ճնշումների մասին, ապա այդ ճնշումները նաև կարող են օգտագործվել քրեական գործով վկաների վրա, որոնք որ հենց նույն անձինք են, վկաների, տուժողների վրա, որպեսզի իրենք ցուցմունք չտան կամ տան սխալ ցուցմունքներ: Եվ այս առումով շատ կարևոր է, որ Գլխավոր դատախազությունը և նախաքննության մարմինը վկաների պաշտպանության՝ Քրեադատավարական օրենսգրքով առկա մեխանիզմները գործարկեն, և վկաները իրենց հանգիստ զգան և հանգիստ վկայություն տան այն մասին, թե ինչ է եղել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ՝ ինչ է խոսեցվել, ինչ է ասվել ու ինչ է սպառնացվել», - նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողը:




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG