Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր հանդիպեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ: Քննարկման գլխավոր թեման Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցն է եղել:
Նիստից հետո Փաշինյանն անարձագանք թողեց «Ազատության» հարցը, թե ինչո՞ւ է ցանկանում, որ Հայկ Մարությանը հրաժարական ներկայացնի: Ի դեպ, երբ նա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ հեռանում էր տարածքից, տեղում հավաքված քաղաքացիները բղավեցին, թե «Պապիկյանին հեռացրեք»:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետին անվստահության հայտնելու գործընթացին, ասաց, որ Հայկ Մարությանի` մեկ տարի առաջ կուսակցությունից հեռանալուց հետո քաղաքական ճգնաժամ է ստեղծվել, և այս գործընթացը պայմանավորված է այդ ճգնաժամը լուծելու իրենց ցանկությամբ:
«Կա քաղաքական ճգնաժամ, կան քաղաքական ուղենիշի տարբերություններ», - ասաց նա` հավելելով. «Դրանից հետո սկսվել է քաղաքական ճգնաժամ։ Մենք մոտավորապես մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր փնտրել, բայց, ցավոք սրտի, դա չի հաջողվել»:
«Ազատության» մեկ այլ հարցին, թե ինչպես է այդ ճգնաժամն արտահայտվել, ինչպե՞ս է քաղաքացին իր վրա դա զգացել, ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Դա միգուցե շատ հաճախ չի արտահայտվել, քաղաքացիները չեն նկատել, բայց խորքային թե կառավարության հետ փոխհարաբերություններում, թե տարբեր աշխատանքային հարցերում, թե Երևանի ավագանու հետ հարաբերություններում դա բազմաթիվ անգամ արտահայտվել է, ուղղակի մենք դա հրապարակային չենք դարձրել, որովհետև քաղաքական կոռեկտությունը թույլ չի տվել»։
Հիշեցնենք` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել, անհրաժեշտ թվով ստորագրությունները, ըստ նրանց, հավաքվել են:
Ավելի ուշ խմբակցությունը տարածած հայտարարությամբ կրկին շեշտել է, որ մեկ տարի առաջ, իր դիմումի համաձայն, լքելով ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը` Մարությանը «դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը»:
Ավելին, ըստ Երևանի քաղաքապետարանում մեծամասնություն կազմող խմբակցության` քաղաքապետը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները:
«Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը:
Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ», - ասված է հայտարարության մեջ:
Նաև պաշտոնապես հայտարարվում է, որ «Իմ քայլը» խմբակցությունը մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Ի դեպ, որպես եզրափակիչ մաս ավագանու խմբակցությունը Հայկ Մարությանին հաջողություն է մաղթում «իր նոր քաղաքական հանգրվանում։
Լրատվամիջոցներից մեկում օրերս հոդված էր հրապարակվել, թե քաղաքապետը փոխել է ճամբարը, անգամ հանդիպում ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Երկու կողմն էլ հերքել էր նման հանդիպումը: