Մատչելիության հղումներ

«Հնարավոր չէ լինել Երևանի քաղաքապետ և չզբաղվել քաղաքականությամբ». «Իմ քայլը» խմբակցության ղեկավար


Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը պնդում է` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձի հետ խնդիր չունեն: Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը, ըստ նրա, պայմանավորված է քաղաքապետ-ավագանի ինստիտուտների միջև եղած կոնֆլիկտով, որը պետք է լուծվի օրենսդրության շրջանակներում:

Արմեն Գալջյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն է:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Սաբոտաժ չի եղել. խմբակցության ղեկավար

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը համաձայն չէ, թե 2021-ի փետրվարին ավտոբուսներ ձեռք բերելու հետ կապված գործընթացի վերաբերյալ քաղաքապետի ու ավագանու անդամների տարբեր մոտեցումները սաբոտաժ էին:

«Սաբոտաժ ձևակերպումն այս պարագայում այդքան էլ ճիշտ չի, որովհետև եղել են որոշակի տարակարծություններ Երևանի քաղաքապետարանի և կառավարության միջև, մասնավորապես ավտոբուսների մակնիշի վերաբերյալ», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց նա:

Արմեն Գալջյանը նշեց, որ ավագանու անդամներն իրավունք ունեին գնալ և դեմ քվեարկել նախագծին, շատերն ուղղակի իրենց դեմ լինելը արտահայտել են քվեարկությանը չներկայանալով:

Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Հարցը կքննարկվի դեկտեմբերի 22-ին՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստում։

«Ազատության» հետ զրույցում Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն այս գործընթացի մասին հետևյալն էր ասել. «2021 թվականի փետրվարին, երբ քաղաքապետը հայցում էր ավագանու համաձայնությունը քաղաքի համար ավտոբուսներ ձեռք բերելու, այդ պահին 161 ավտոբուս, հետո գումարվեց ևս 50-ը՝ 211 ավտոբուս, կուլիսային գործընթացի միջոցով մեծամասնություն կազմող ֆրակցիան փորձում էր ձախողել գործընթացը, համաձայնությունը»։

«Կարծում եմ երևանցիներին երկար բացատրելու կարիք չկա, թե ինչ առանցքային նշանակություն ունի քաղաքի կյանքի համար առհասարակ տրանսպորտային բարեփոխումը, որի շատ կարևոր պայմաններից մեկը այդ ավտոբուսների ձեռբերումն է։ Սա, կրկնեմ, կուլիսային գործընթաց էր, սա ոչ թե հրապարակային բանավեճ էր», - պատմել էր Կարապետյանը՝ այն որակելով «սաբոտաժ»։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հերքում է տեղեկությունները, թե ճնշումներ են գործադրվում ավագանու այն անդամների վրա, ովքեր դեմ են քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին:

Միաժամանակ Արմեն Գալջյանը հայտարարեց` խմբակցության նիստին, ներկայացնելով այս իրավիճակը, ասել է, որ եթե այս ճանապահով են գնում, և կլինեն նրանք, ովքեր չեն կիսի այս քաղաքական որոշումը, «ճիշտ կլինի, որ այդ մարդիկ վայր դնեն իրենց մանդատը». «Եվ իրենց փոխարինեն խմբակցության ավագանու մյուս թեկնածուները, ովքեր սատարում են այդ քաղաքական որոշումը, որովհետև դա քաղաքականապես տրամաբանական է: Մենք քաղաքական մարմին ենք, մենք ընտրվել ենք մի քաղաքական ուժի ցուցակով և պետք է քաղաքական ուժի որոշումները պաշտպանենք, եթե սկզբունքային դեմ են այդ որոշմանը, ճիշտ կլինի, որ լքեն այդ քաղաքական ուժը և տեղի զիջեն այն մարդկանց, ովքեր այդ քաղաքական ուժի անդամ են և կիսում են այդ մոտեցումը», - ասաց նա:

«Մարությանն ունի որոշակի վարկանիշ»

Հարցին` չի՞ կարծում, որ Հայկ Մարությանի վարկանիշն ավելի բարձր է, քան ամբողջ ավագանու թիմինը. «Ես կարծում եմ, որ համեմատությունը սխալ է` անձի վարկանիշը համեմատել կոլեգիալ մարմնի վարկանիշի հետ»:

Ըստ նրա` Մարությանն ունի որոշակի վարկանիշ` հաշվի առնելով նրա դերասանական կարիերան, հասարակական, հիմա նաև քաղաքապետի գործունեություն. «Այսպիսի հարցերին պետք է կարողանանք մոտենալ մաքսիմում ձևով վերանձնային, այսինքն` այս պարագայում Հայկ Մարությանի անձի խնդիրը չէ: Մենք նրա հետ ունենք շատ լավ հարաբերություններ, այսինքն` անձնային մակարդակում»:

Խնդիրը, ինչպես շեշտեց, ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև է:

«Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և հնարավոր չէ լինել Երևանի քաղաքապետ և չզբաղվել քաղաքականությամբ, որովհետև ընտրվում են քաղաքական պրոցեսի արդյունքում ու քաղաքական ուժի կողմից առաջադրման արդյունքում», - շեշտեց Գալջյանը:

Ամբողջությամբ` տեսանյութում.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG