Մատչելիության հղումներ

Քաղաքապետին առնչվող քննարկումներ ավագանու իշխող խմբակցությունում կան, բայց անվստահության հարցը չի քննարկվել


Երևանի քաղաքապետ Հայկ Մարության, արխիվ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարության, արխիվ

Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ քննարկում տեղի չի ունեցել, վստահեցնում է ավագանու իշխանական խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը։ Միևնույն ժամանակ վերջինս հաստատում է՝ խմբակցության ներսում քննարկվում է վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի բարձրաձայնած խնդիրը, թե ինչո՞ւ, խմբակցության քարտուղարը չի շտապում հստակ պատասխան տալ։

Արմեն Գալջյան - Պարոն Հարությունյանի նշած խնդրի շուրջ քննարկումներ, որոնք կբերեն լուծման` ի նպաստ Երևան քաղաքի:

«Ազատություն» - Դա քաղաքապետի փոփոխությամբ պե՞տք է լինի, թե՞...

Արմեն Գալջյան - Ես այս պահին նման որևէ բան չեմ ուզում ասել, որովհետև քննարկումների փուլում ճիշտ չէ որևէ եզրահանգում անել կամ որևէ սցենարի շուրջ առանձին դիտարկում անել:

Որ «Քաղաքացիական պայմանագրում» դժգոհ են Հայկ Մարությանից, պարզվեց շաբաթավերջին. «Ազատության» եթերում վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդականը հայտնեց, որ թիմակից քաղաքապետը նախընտրական պայքարի ընթացքում չի աջակցել իրենց։ Հարությունյանն ակնարկեց՝ իշխող ուժում հնարավոր է` դիտարկեն Մարությանի պաշտոնավարման նպատակահարմարությունը։ Ասաց՝ այն քվեն, որով Մարությանը դարձել է Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որն արդեն երկրորդ անգամ ձևավորելու է Կառավարություն. «Այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա, սա հստակ կարող եմ ասել:

Այո, կուսակցականների շրջանում էլ նման վերաբերմունք կա, և մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ և քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը»:

«Որևիցե մեկնաբանություն Հայկ Մարությանի հետ կապված չեմ կարող տալ», - ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայկ Մարությանից նեղսրտելու պատճառն արդյոք միայն քարոզարշավին «Քաղաքացիական պայմանագրի» կողքին չլինե՞լն է, Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում խուսափում են հավելյալ մեկնաբանություններից։ Ալեն Սիմոնյանն ասում է. «Վստահ եմ, որ իմ գործընկեր Արայիկ Հարությունյանը նկատի չի ունեցել որևէ ռեսուրս օգտագործելը: Խոսքը գնացել է, ըստ իս, թիմային աշխատանքի մասին, այլ ոչ թե ինչ-որ ռեսուրս օգտագործելու»:

«Ես կարծում եմ` որոշ հարցերում քաղաքապետը հաջողել է, բայց կան հարցեր, որոնք որ մնացել են առկախված», - հավելում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը: Նա, այնուհանդերձ, չի ցանկանում գնահատական տալ՝ Մարությանը լավ քաղաքապետ է, թե ոչ։ Ասում է՝ քաղաքացիները պետք է գնահատեն։ Բայց նաև խոսում է այն խնդիրներից, որոնք, ըստ իրեն, քաղաքում առկա են. «Քանի որ ես տնտեսական հանձնաժողովի անդամ եմ, հիմնականում դրանք շինթույլտվությունների հետ կապված, կոմունիկացիաների հետ կապված, Մեկ պատուհանի հետ կապված, այսինքն` այդ շինթույլտվություններն են հիմնական խնդիրը, որը ես նկատել եմ, բայց դա ոչ թե իմ գնահատականն է, որ կոնկրետ վատ է ու վերջ, այլ ես գիտեմ, որ այնտեղ գործընթացը բավականին խուճուճ է, և դա պետք է պարզեցվի, տարբեր գերատեսչություններ են դրա մեջ ներառված, հետևաբար դրան պիտի տրամաբանական լուծում տրվի: Հիմա արագության հետ կապված, հա, կարող էր ավելի արագ լինել, կարող է կան իսկապես օբյեկտիվ պատճառներ, ինչի է ինքը դանդաղում»:

Թե ինչն է պատճառը, որ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրին» չի աջակցել քարոզարշավի ընթացքում, պատգամավորը վստահեցնում է՝ չգիտի։ Բայց բնական չի համարում, որ իրենց թիմակիցը չի մասնակցել քարոզարշավին ու չի աջակցել իրենց. «Բնական ակնկալիքը թիմի անդամից քարոզարշավի ընթացքում այդ թիմի քարոզարշավի ընթացքում աջակցություն ակնկալելը»:

Մարությանը քաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2018-ին, նույն տարում նաև դարձել «Քաղաքացիական պայմանագրի» անդամ։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023-ին։ Իշխող ուժի ու Հայկ Մարությանի տարաձայնությունների մասին խոսակցություններին ֆոնին` քաղաքապետարանից հայտնել էին, քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։



XS
SM
MD
LG