Մատչելիության հղումներ

Ուկրաինան կշարունակի պատերազմն անգամ առանց ԱՄՆ-ի օժանդակության. Կիևի արձագանքը Թրամփին


Պատերազմ Ուկրաինայում, արխիվ
Պատերազմ Ուկրաինայում, արխիվ

Ուկրաինան կշարունակի պատերազմն անգամ առանց Միացյալ Նահանգների օժանդակության, Կիևը կարող է պահել առաջնագիծը, այսօր հայտարարեց երկրի վարչապետ Դենիս Շմիգալը, ընդգծելով՝ իրենք միայն մեկ ծրագիր ունեն՝ հաղթել և գոյատևել։

«Մեր զինվորականներն ու կառավարությունն ունեն հնարավորությունները, գործիքները, այսպես ասեմ՝ իրավիճակն առաջնագծում պահպանելու համար», - ասել է նա:

Սա Կիևի առաջին պաշտոնական հայտարարությունն էր Ուկրաինային տրամադրվող ամերիկյան օժանդակությունը ժամանակավորապես սառեցնելու՝ Դոնալդ Թրամփի որոշումից հետո։

Երեկ ուշ երեկոյան Սպիտակ տնից հայտարարեցին, թե Վաշինգտոնն այլևս չի օգնի պատերազմում գտնվող երկրին, քանի դեռ չի համոզվել, որ նախագահ Զելենսկին իսկապես պատրաստ է խաղաղության։ Մինչ ընդդիմախոսները սա աղետ են որակում, փոխնախագահ Վենսը հակադարձում է՝ Թրամփը իրավիճակին իրատեսորեն է մոտենում։

«Նախագահն իրականում շատ ավելի իրատեսական տեսակետ ունի և ասում է՝ մենք չենք կարող հավերժ ֆինանսավորել, ուկրաինացիները չեն կարող հավերժ պայքարել, ուստի եկեք այս հարցը տանենք խաղաղ կարգավորման», - նշել է Ջեյ Դի Վենսը:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես՝ տարածվելով Ամերիկայից մատակարարվող ողջ օժանդակության վրա, այդ թվում՝ այն զինատեսակների, որ արդեն հասել են Ուկրաինայի սահման՝ Լեհաստան։ Սա շանտաժ է Վաշինգտոնի կողմից, հայտարարել է ուկրաինացի պատգամավորներից մեկը։ Կառավարության ղեկավարն ու մյուս պաշտոնյաները, սակայն, առավել զուսպ են գնահատականներում՝ շեշտելով, որ Կիևի համար կարևոր է վերականգնել կապերը Նահանգների հետ։

«ԱՄՆ-ն կարևոր գործընկեր է, որի հետ կշարունակենք հանգիստ աշխատել բոլոր հասանելի խողովակներով», - նշել է Դենիս Շմիգալը:

Նա հրապարակավ ընդգծել է՝ Ուկրաինան առանց ամերիկյան Patriot համակարգերի չի կարող պաշտպանվել ռուսական բալիստիկ հթրիռներից։ Փորձագետ Յուրի Ֆյոդորովն էլ «Ազատության» հետ զրույցում շեշտել է՝ արդեն երեք տարուց ավելի շարունակվող պատերազմում Վաշինգտոնը միայն զենք-զինամթերք չէ, որ մատակարարում էր. «Եթե Ուկրաինան զրկվի ամերիկյան օգնությունից, դա, իհարկե, վատ ազդեցություն կունենա: Ռազմական օգնությունը միայն զենք, զինամթերք չէ, այլև հետախուզական տեղեկատվության տրամադրումն Ուկրաինային»:

Ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն իր հերթին զգուշացնում է՝ ԱՄՆ քաղաքականությունը կտրուկ փոխվել է ոչ միայն Ուկրաինայի, այլև եվրոպական երկրների նկատմամբ:

«Դա նոր քաղաքական իրողություն է: Բայց մենք պետք է պահպանենք այն, ինչ մնացել է գործընկերությունից, որպեսզի կարողանանք ԱՄՆ-ից զենք գնել և հետախուզական ու արբանյակային տեղեկատվություն ստանալ», - նշել է նա:

Եվրամիությունն ակտիվացնում է ջանքերը

Այս ֆոնին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այսօր հայտարարեց, որ միությունը ակտիվացնում է ջանքերը և կարող է մոտ 800 միլիարդ եվրո մոբիլիզացնել՝ ոչ միայն սեփական պաշտպանության, այլև Ուկրաինային աջակցելու համար:

«Մենք վերազինման դարաշրջանում ենք, և Եվրոպան պատրաստ է զանգվածաբար մեծացնել իր պաշտպանական ծախսերը՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով մեր սեփական եվրոպական անվտանգության համար», - ասել է նա:

Փորձագետները միաժամանակ փաստում են, որ այդ օգնությունը մոբիլիզացնելու, միջոցները զենք-զինամթերքի վերածելու համար Եվրոպայից ժամանակ կպահանջվի, մինչդեռ ճակատում իրավիճակը վատթարանում է օր օրի:

Մյուս կողմից, հստակ չէ՝ կա արդյոք միասնություն եվրոպացի դաշնակիցների շարքում, ինչի մասին երեկ նաև փոխնախագահ Վենսն է ակնարկել. «Անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում, թե ինչ են եվրոպացիներն ասում հրապարակավ: Ինձ հետաքրքրում է այն, ինչ նրանք ասում են մասնավոր զրույցների ժամանակ, և այն, ինչ նրանք պետք է ասեն նախագահ Զելենսկիին՝ սա չի կարող հավերժ շարունակվել: Արյունահեղությունը, սպանությունները, տնտեսական հսկայական վնասը վատացնում են իրավիճակը բոլորի համար»:

Կրեմլը ողջունել է

Կրեմլից ողջունել են ԱՄՆ նախագահի որոշումը՝ այն անվանելով «լավագույն ներդրումը խաղաղության գործում»։ «Եթե դա ճիշտ է, ապա սա իսկապես կարող է խրախուսել Կիևի վարչակարգին ներգրավվել խաղաղ գործընթացին»,- ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Այս պայմաններում որքա՞ն կարող է Ուկրաինան դիմանալ առանց ամերիկյան օգնության. CNN-ը, վկայակոչելով արևմտյան մի շարք պաշտոնյաների, նշում է, որ ուկրաինական զորքը կկարողանա պահպանել մարտերի ներկայիս տեմպը մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս՝ մինչև ամառվա սկիզբ։ Այլ աղբյուրներ վեցամսյա ժամկետ են նշում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG