Ռուսաստանի Ռոստովի մարզում ԱԹՍ հարվածից նավթամուղ է հրդեհվել, հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը՝ նշելով, որ հրդեհը մարվել է։
Նրա խոսքով՝ ԱԹՍ հարձակման է ենթարկվել նաև Չերտկովսկի շրջանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Սոխրանովկա գյուղի արդյունաբերական ձեռնարկության պահեստային տարածքում, տուժածներ չկան։
ASTRA-ն գրում է, որ պայթյունների մասին հաղորդումներ կան նաև Ռոստովի մարզի Նովոշախտինսկի բնակիչների կողմից։ Ըստ ASTRA-ի՝ ԱԹՍ հարձակման է ենթարկվել Սամարայի շրջանի Սիզրանի նավթավերամշակման գործարանը։ Այս գործարանը ԱԹՍ հարձակման էր ենթարկվել նաև փետրվարի 19-ին։
Baza-ն էլ գրում է, որ ԱԹՍ-ները հարվածել են նաև Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանին, ինչի հետևանքով այնտեղ հրդեհ է բռնկվել, որն ավելի ուշ մարվել է։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը 18 ԱԹՍ է ոչնչացրել․ 10-ը՝ Ռոստովի, 3-ը՝ Վորոնեժի, 2-ը՝ Սամարայի, և մեկական՝ Կուրսկի, Բելգորոդի և Աստրախանի շրջաններում։
Ուկրաինայի զինված ուժերը բազմիցս հաստատել են իրենց անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ռուսաստանում նավթային օբյեկտների ուղղությամբ։