Փետրվարի 13-ին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի մեկնարկից համարյա երեք տարի անց, Միացալ Նահանգների արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ ձերբակալել է երեք անձանց, որոնք մեղադրվում են ԱՄՆ արտահանման մասին օրենսդրությունը շրջանցելով 2 միլիոն դոլար արժողությամբ քաղաքացիական ինքնաթիռների պահեստամասեր և բաղադրիչներ Ռուսաստան արտահանելու համար: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ձերբակալվածները կապ ունեն Օհայոյում գործող մի ընկերության հետ:
Վերջին երեք տարվա ընթացքում սա առնվազն հինգերորդ դեպքն է, երբ Միացյալ Նահանգները մեղադրանք է ներկայացնում անհատի կամ առավել մեծ կազմակերպության՝ Ռուսաստան ինքնաթիռի պահեստամասերի անօրինական առաքմանը ներգրավելու համար:
Մաքսանենգության դեպքերի աճող թիվը ցույց է տալիս՝ ինչպիսի ճգնաժամում է Ռուսաստանի քաղաքացիական ավիացիան Միացյալ Նահանգների և Եվրոպայի լայնածավալ պատժամիջոցներից հետո, երբ Մոսկվան ներխուժեց Ուկրաինա։
Բերքլիի ռիսկերի և անվտանգության լաբորատորիայի տնօրեն Լիա Ուոքերը վերլուծել է Արդարադատության դեպարտամենտի կողմից ներկայացված՝ մաքսանենգության հետ կապված մեղադրանքները վերջին մեկ տասնամյակի կտրվածքով: Ըստ նրա՝ Ռուսաստանի ավիացիայի ոլորտն այնքան է տուժել պատժամիջոցներից և այնքան կախված է արևմտյան տեխնոլոգիաներից, որ, հավանաբար, ավելի շատ գործեր կան:
«Մենք նոր ենք սկսում տեսնել այս գործերը: Կարծում եմ, որ շատ ավելի գործեր կան, որոնց մասին չի հաղորդվում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ուոքերը՝ հավելելով․ - «Թե՛ Եվրոպայում, թե՛ Միացյալ Նահանգներում մենք հաճախ չենք գիտակցում, թե ինչպիսի գերիշխող դիրք ենք զբաղեցնում ավիացիայի ոլորտում»:
Չինաստանը ևս թիրախավորում է Միացյալ Նահանգների ավիացիոն արդյունաբերությունը, սակայն Պեկինն առավել հակված է օգտագործել կիբեր միջոցներ՝ մտավոր սեփականությունը կամ առևտրային գաղտնիքները գողանալու համար: Ռուսաստանը, մինչդեռ, նախընտրում է մաքսանենգ ճանապարհով պահեստամասեր ձեռք բերել ու անել դա փոքր ծավալներով, «Ազատությանն» ասաց Ուոքերը։
Ռուսաստանի կոմերցիոն ավիապարկի երկու երրորդն ամերիկյան արտադրության Boeing և ԵՄ արտադրության Airbus ինքնաթիռներն են, որոնցով իրականացվում է ուղևորափոխադրումների մոտ 90 տոկոսը։ Ինչպես բոլոր փոխադրամիջոցները, այդ ինքնաթիռներն էլ պետք է պարբերաբար ստուգվեն և սպասարկվեն հավաստագրված պահեստամասեր ունեցող մասնագետների կողմից:
Արևմտյան պատժամիջոցներն արգելում են անհատներին և ընկերություններին սպասարկել այդ ինքնաթիռները և արդիականացնել դրանք՝ նոր պահեստամասեր մատակարարելով։ Սա ռուսական ավիաընկերություններին կանգնեցնում է դժվար ընտրության առաջ: Նրանք կարող են կասեցնել սպասարկման կարիք ունեցող ինքնաթիռների շահագործումը մինչև կհանվեն պատժամիջոցները, կարող են շարունակել շահագործել նման ինքնաթիռները՝ վտանգելով ուղևորների կյանքը, կամ էլ մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել հավաստագրված պահեստամասեր և շրջանցելով պատժամիջոցները՝ վարձել փորձագետների՝ տեխնիկական սպասարկում իրականացնելու համար:
Ռուսական ավիաընկերությունները հիմնականում ընտրել են վերջին երկու տարբերակները, և արդյունքներն ակնհայտ են։ Սարքավորումների խափանումներն ավելի հաճախակի են դառնում։ Առավել մտահոգիչ են շարժիչի անսարքությունները:
2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025-ի հունվարի 20-ը Ռուսաստանի քաղաքացիական ավիապարկում գրանցվել է շարժիչի խափանման հետ կապված 11 միջադեպ, այն դեպքում, երբ նախորդ երկու ամիսներին ընդամենը հինգ նման միջադեպ էր եղել։ Ութը կապված էին Boeing կամ Airbus, իսկ երեքը՝ ռուսական արտադրության Sukhoi Superjet ինքնաթիռների հետ:
Հունվարի սկզբին Ural Airlines ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը, որը Եգիպտոսի հայտնի առողջարանային քաղաքից մեկնել էր Եկատերինբուրգ, ստիպված էր վերադառնալ օդանավակայան, քանի որ ձախ շարժիչը խափանվել էր թռիչքից անմիջապես հետո: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Պատժամիջոցները թույլ չեն տալիս Ural Airlines-ին շարժիչը փոխարինել հավաստագրված փորձագետների օգնությամբ։
«Այդ օդանավը հավանաբար պարզապես ժանգոտելու է Եգիպտոսում՝ մնալով այնտեղ մինչև պատժամիջոցները կչեղարկվեն, կամ էլ Ural Airlines-ին կհաջողվի վաճառել այն», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է ռուս օդաչուն:
Միջադեպերի քանակի կտրուկ աճ
Անցյալ տարի Ռուսաստանում ավիացիոն միջադեպերի աճ է գրանցվել ու տարվա կտրվածքով ամենայն հավանականությամբ կկազմի 25 տոկոս, հայտնում է «Նովայա գազետա Եվրոպա»-ն: Տարվա առաջին 11 ամիսների ընթացքում գրանցվել է 208 միջադեպ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 161-ի դիմաց։ Ամբողջ տարվա արդյունքների վերաբերյալ տվյալները դեռևս հասանելի չեն։
Շարժիչի և շասսիի խափանումները կազմում են այդ միջադեպերի մեծ մասը:
Ավիացիոն փորձագետները կարծում են, որ եթե պատժամիջոցները չհանվեն, այս տարի իրավիճակը միայն կվատթարանա, քանի որ տեխնիկական համապարփակ ստուգում և սպասարկում չանցած ինքնաթիռները տևական ժամանակ է շահագործվում են՝ շրջանցելով սահմանված ընթացակարգերը։
Բոլոր ինքնաթիռների համար պարբերաբար պահանջվում է կառուցվածքի, համակարգերի և բաղադրիչների մանրակրկիտ զննում։ Սա ոլորտում հայտնի է որպես C Check։ Այն կատարվում է յուրաքանչյուր 18-24 ամիսը մեկ կամ 3000-6000 թռիչքաժամը լրանալուց հետո: C Check-ի ժամանակ ինքնաթիռը, որպես կանոն, մի քանի շաբաթով չի շահագործվում:
6-ից 12 տարին մեկ ինքնաթիռների բաղադրիչ մասերը հանվում ու ստուգվում են։ Դրանք կամ նորոգվում են, կամ էլ փոխարինվում նորերով՝ ըստ անհրաժեշտության: Այս գործընթացը հայտնի է որպես D Check և կարող է տևել մինչև երկու ամիս:
Սակայն դրանցից ոչ մեկը հնարավոր չէ իրականացնել առանց ինքնաթիռի արտադրողների հետ անմիջական համագործակցության: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը զրուցել է թռիչքային անվտանգության ռուսաստանցի փորձագետի հետ, ով պատմեց, որ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի ավիապարկը մոտենում է կրիտիկական վիճակին։
«Ես ճշգրիտ տվյալներ չունեմ բոլոր ռուսական ինքնաթիռների կյանքի տևողության մասին, բայց 2025 թվականը կլինի դրանց մեծ մասի օրինական շահագործման վերջին տարին», - ասաց փորձագետը: Ինչպես և մյուս ռուսաստանցիները, որ ներկայացված են այս հոդվածում, նա ևս նախընտրեց խոսել անանունության պայմանով՝ թեմայի զգայունության և հնարավոր հետևանքների պատճառով:
Ռուսական ավիաընկերությունները փորձում են երկարացնել օդանավերի կյանքը՝ Միացյալ Նահանգների և Եվրոպայի ոչ պաշտոնական աղբյուրներից ձեռք բերելով, ապա մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան տեղափոխելով սերտիֆիկացված պահեստամասեր, նաև դիմելով տեխնիկական սպասարկման ոչ պաշտոնական ստուգումների կամ նվազեցնելով թռիչքների հաճախականությունը:
2022 թվականի փետրվարից ԱՄՆ-ում գրանցված մաքսանենգության հինգ դեպքերում կասկածյալներն արտահանել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են Boeing 737-ի համար նախատեսված ածխածնային սկավառակային արգելակման համակարգերը, ինչպես նաև ավիոնիկան, որը ներառում է կապի, նավիգացիայի և կառավարման համակարգեր: Դեպքերի մեծ մասում կասկածյալները փորձել են պահեստամասերը տեղափոխել Ռուսաստան այնպիսի երրորդ երկրների միջոցով, ինչպիսիք են Թուրքիան, Հայաստանը և Ղազախստանը:
Շրջադարձ դեպի Չինաստան
2014-ից՝ Ղրիմի բռնակցումից հետո, երբ Մոսկվայի և Արևմուտքի միջև լարվածությունն աճեց, Կրեմլն ավելացրեց ներդրումներն իր օդատիեզերական արդյունաբերության մեջ՝ ամերիկան և եվրոպական արտադրության ինքնաթիռներից կախվածությունը նվազեցնելու համար:
Այսօր Ռուսաստանի ավիապարկը բաղկացած է մոտ 700 օտարերկրյա և 150 սեփական արտադրության Sukhoi Superjet ինքնաթիռներից: Բայց պատժամիջոցներն ազդում են նաև Ռուսաստանի սեփական ինքնաթիռների արտադրության վրա, քանի որ դրանք նույնպես կախված են արևմտյան արտադրության պահեստամասերից։
Sukhoi Superjet-ի ֆյուզելաժը և թևերը, օրինակ, արտադրվում են Ռուսաստանում, սակայն օդանավի առանցքային բաղադրիչները՝ շարժիչները, ավիոնիկան, էլեկտրական համակարգերը, շասսին, վառելիքի համակարգերը, գալիս են արևմտյան արտադրողներից:
«Ե՛վ արտասահմանյան ինքնաթիռները, և՛ Sukhoi Superjet-ները վերջիվերջո շահագործումից կհանվեն՝ պահեստամասերի պակասի պատճառով: Sukhoi Superjet-ներն ընդամենը մեկ տարով ավելի երկար կծառայեն», - ասաց թռիչքների անվտանգության մեկ այլ փորձագետ:
Կառավարության 2022 թվականի ծրագրի համաձայն՝ Ռուսաստանը մտադիր է մինչև 2030 թվականն արտադրել 1036 ինքնաթիռ, այդ թվում՝ 270 միավոր MC-21, 142 միավոր Sukhoi Superjet, 70 միավոր Tu-214 և այլ ինքնաթիռներ։
Սակայն ինքնաթիռների զանգվածային արտադրությունը տարիներով հետ է ընկել՝ մասամբ արևմտյան տեխնոլոգիական պատժամիջոցների, մասամբ էլ՝ ռեսուրսները պատերազմին ուղղորդելու անհրաժեշտության պատճառով:
Հատկապես դժվար է MC-21-ի արտասահմանյան բաղադրիչների փոխարինումը: Ինքնաթիռն ի սկզբանե նախագծվել է այնպես, որ պետք է ունենա ամերիկյան արտադրության շարժիչներ և ավիոնիկա, իսկ Ռուսաստանը չունի դրանք փոխարինելու տեխնոլոգիական բազա։
«Մենք 40 տարով հետ ենք շարժիչի տեխնոլոգիաների առումով: Նույնը վերաբերում է կոմպոզիտային նյութերին», - նշեց թռիչքների անվտանգության փորձագետներից մեկը:
Ըստ փորձագետների, ինչպես պատժամիջոցների տակ հայտնված այլ ոլորտներում, ավիացիայում էլ Ռուսաստանը կարող է օգնության համար դիմել Չինաստանին, որը մշակում է ինքնաթիռների սեփական շարժիչները: Եթե Չինաստանը կարողանա Ռուսաստանին մատակարարել հուսալի շարժիչներ, ապա, ըստ փորձագետների, MC-21-ը թերևս կարող է ապագա ունենալ։ Սակայն դա, ըստ նրանց, առնվազն 2029 թվականից շուտ չի լինելու: