Բաքվում փակ դռների հետևում, միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցների ներկայությամբ շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը: Այսօր նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, մյուս պաշտոնյաների և զինվորականների գործով նիստն է:
Երեկոյան ադրբեջանական պետական լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունից: Բաքվի զինվորական դատարանում միայն վերջին երկու նիստում ներկայացրել են Վարդանյանին առաջադրված ծանր մեղադրանքները, որ չորս տասնյակից ավելի են:
Հայ ռազմագերիներին առաջադրված ու թարմացվող մեղադրանքները շինծու են, սա ոչ թե դատավարություն է, այլ դատաստան հայերի նկատմամբ, պնդում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Հայերի դատավարություններում մենք տեսնում ենք հենց դատարանների կողմից իմիտացիոն պրոցեսներ, դատաստանի գործընթաց, սակայն ոչ արդարադատություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Երեկ Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել, որ ինքն ու փաստաբանն առանձին հանդիպեն: Դատարանը բավարարել է: Ընդմիջումից հետո նրանք ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատարանին, ինչը դատավորը չի էլ քննել:
Արցախի նախկին պետնախարարը դեռ առաջին նիստի նախօրեին էր ընտանիքի միջոցով ահազանգել Բաքվի ճնշումների, հորինված մեղադրանքների մասին: Նա հրաժարվել է Ադրբեջանի տրամադրած հանրային պաշտպանից: Միակն է հայ գերիներից, որ մասնավոր փաստաբան ունի՝ Ավրաամ Բերմանը: Գուցե ձևական իմաստով տարբերվում է հանրային պաշտպաններից, բայց դա չի նշանակում, որ Վարդանյանի արդար դատաքննության իրավունքը երաշխավորված է, ասում է Սիրանուշ Սահակյանը:
«Եթե չափազանց անկախ և համարձակ գործունեություն իրականացնեն մասնավոր փաստաբանները, ապա կարող են զրկվել պետական ռեպրեսիաների արդյունքում փաստաբանական գործունեություն իրականացնելու հնարավորությունից: Կան դեպքեր, որ անգամ քրեական հետապնդումներ են նախաձեռնվել», - շեշտեց իրավապաշտպանը:
Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն Արցախ է տեղափոխվել 44-օրյա պատերազմից երկու տարի անց, պաշտոնավարել ընդամենը երեք ամիս: Ոչ Արցախում, ոչ էլ Հայաստանում ռազմական ու պատերազմական գործողություններին չի մասնակցել, բայց մեղադրվում է ռազմական հանցագործությունների համար, նրա գործում էլ, ինչպես մյուս գերիների, ծանր մեղադրանքներ են ներառել նաև Հայաստանի դեմ: Հայկական կողմին վերագրել են 2022-ի սեպտեմբերյան բախումները, դիտավորյալ սպանություններ: Մինչդեռ Ադրբեջանն էր 2022-ի սեպտեմբերին հարձակվել Հայաստանի վրա, զավթել սուվերեն տարածքներ: Երկօրյա պատերազմի հետևանքով 200-ից ավելի հայ զինծառայողներ զոհվեցին, նաև խաղաղ բնակիչներ:
«Այս անձինք սիմվոլիկ են և ենթարկվում են անձնական վրեժխնդրության, սակայն Ադրբեջանի վերջնանպատակը Արցախի ինքնորոշման իրավունքը դատել և դատապարտելն է», - ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ Ադրբեջանը Հայաստանին ներգրավելով այս գործերում նպատակադրվել է միջազգային ատյաններում փակել արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը: Հայերի դեմ կայացրած վճիռներով փորձելու է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր, որ «զավթել է Արցախը»:
Վարչապետ Փաշինյանը վերջերս չէր բացառել, որ ադրբեջանցիները արգելված միջոցներով ցուցմունքներ կորզեն Բաքվում պահվող հայերից՝ հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար: Անցած շաբաթ էլ Բաքվի դատավարությունը թատերականացված որակեց:
Հայաստանի կառավարությունը, որ անգամ հումանիտար հարցերով է զգուշանում կարծիք հայտնել Բաքվի բանտերում հայերի նկատմամբ ճնշումների ու անօրինականությունների մասին, դիվանագիտական ու քաղաքական հարթակներում, Սահակյանի գնահատմամբ, Ադրբեջանի հեռահար նպատակների դեմ քայլեր չի անում:
Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կշարունակվի փետրվարի 25-ին, իսկ Արցախի մյուս ղեկավարների այսօրվա նիստի մասին տեղեկություններ կհրապարակվեն հավանաբար ուշ երեկոյան: