Բաքուն փակ դռների հետևում՝ միջազգային կառույցների և անկախ լրատվամիջոցների բացակայության պայմաններում, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրում է արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձևակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։
«Նեմեսիս»-ը, որ 1919-ին ստեղծվել էր ՀՅ Դաշնակցության կողմից, նպատակ ուներ պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներին, ինչպես նաև 1918-ի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին: Հենց այս գործողության հետևանքով, 1921-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։
Միջազգային տարբեր կառույցների կողմից ավտորիտար ճանաչված Ադրբեջանը թեև որոշել է Ռուբեն Վարդանյանին նոր «Նեմեսիս» կազմակերպելու մեջ մեղադրել, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք մանրամասներ են փոխանցում երեկվա դատավարությունից, այդպես էլ մեղադրանքը հիմնավորող որևէ փաստ կամ ապացույց չեն հրապարակել։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի բոլոր մեղադրանքները ֆանտաստիկայի ժանրից են, բացի այդ, սուտ մեղադրանքի տողերից որևէ հիմնավորում այդպես էլ այս մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունները չներկայացրեցին, և հերթական ուղղակի մտացածին մեղադրանքներն են», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Արցախի նախկին պետնախարարի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Բարերար ու գործարար Ռուբեն Վարդանյանը, որ որևէ ռազմական գործողության և պատերազմի չի մասնակցել և ընդամենը 2022-ի նոյեմբերին, այսինքն՝ 44-օրյա պատերազմից երկու տարի անց, ընդամենը երեք ամիս զբաղեցրել է Արցախի պետնախարարի պաշտոնը, Բաքվի կողմից մեղադրվում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու համար։
Մեսրոպ Առաքելյանը բոլոր այս մեղադրանքները ծիծաղելի է համարում, շեշտելով, որ Վարդանյանն ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում որևէ գործողություն իրականացնելու հնարավորություն չուներ:
«Նաև։Ռուբեն Վարդանյանի մեղադրանքների մեջ ներառված է Արցախյան բոլոր պատերազմներում տեղի ունեցող ընդհանուր հանցագործությունների մեղադրանքները, որը ընդհանրապես, մեղմ ասած, ծիծաղելի է», - նշեց Արցախի նախկին պետնախարարի խորհրդականը:
Ադրբեջանական մեղադրանքների համաձայն՝ Ռուբեն Վարդանյանն իբր նաև ամսական աշխատավարձեր է վճարել Արցախի ինքնապաշտպանական ուժերին, զինտեխնիկա գնել և տեղափոխել Արցախ, իր հիմնադրած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համար հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերին:
«Հերթական մտացածին մեղադրանքն է, որովհետև ակնհայտ է, որ պարոն Վարդանյանը և՛ Արցախում աշխատելու ժամանակահատվածում, և՛ դրանից առաջ էլ ավելի քան երկու տասնամյակ Արցախում իրականացրել է բացառապես մարդասիրական, բարեգործական ծրագրեր, որի մի մասն էլ իրականացվել է նաև միջազգային «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի կողմից», - նշեց Առաքելյանը:
Ադրբեջանական մեղադրանքներից անմասն չի մնացել ՈՄԱ-ն կամ «Ողջ մնալու արվեստը», որը Հայաստանում գործող և ռազմաուսումնական դասընթացներ կազմակերպող հասարակական կազմակերպություն է: Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով Ռուբեն Վարդանյանն իբր համաձայնության է եկել ՈՄԱ-ի ղեկավար Վովա Վարդանովի հետ և ֆինանսավորել է այդ կազմակերպությունը։
Այսքանով, սակայն, մեղադրանքների շարքը չի ավարտվել, Արցախի նախկին պետնախարարին Ադրբեջանը մեղադրում է նաև ռուսական ընկերության միջոցով ռազմական տեխնիկայի արտադրություն ծրագրելու մեջ, նաև դրոններ գնելու, արտադրելու և դրանք Ադրբեջանի դեմ օգտագործելու համար։
Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի ծավալն այնքան մեծ է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության պաշտոնյան դրա ընթերցումը երեկ չի հասցրել ավարտել, այն կշարունակվի փետրվարի 17-ին։
Վարդանյանից բացի, Բաքուն ծանր մեղադրանքներ է ներկայացրել նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, սակայն Ադրբեջանը միաժամանակ մեղադրանքներ է ներկայացրել նաև Հայաստանի դեմ։
Բաքուն պնդում է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում Գյանջայի հրթիռակոծությունը Հայաստանի տարածքից է իրականացվել՝ «Սմերչ» համակարգից։ Բաքվից հնչած այս մեղադրանքին նախորդեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին վերագրվող ցումունքը, թե իբր նա ասել է, թե «Գյանջան հրթիռակոծելու որոշումն ինքը չի կայացրել»։ Այս հայտարարությանն արդեն հետևեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը՝ Բաքուն հոգեներգործուն արգելված միջոցներով ցուցմունքներ է կորզում Բաքվում պահվող հայերից՝ հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար: Ավելի ուշ Հայաստանի վարչապետը Բաքվի դատավարությունը թատերականացված որակեց:
Խորհրդարանական ընդդիմությունը չի բացառում, որ Բաքվի մեղադրյալների շարքում նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը հայտնվի։