Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանը մերժել է Արցախի նախկին ղեկավարներին տնային կալանքի ենթարկելու միջնորդությունը


Բաքվի դատարանը, Ադրբեջան, 17-ը հունվարի, 2025թ.
Բաքվի դատարանը, Ադրբեջան, 17-ը հունվարի, 2025թ.

Ադրբեջանական դատարանը հրաժարվել է բավարարել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների տնային կալանքի ենթարկելու միջնորդությունը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նախորդ նիստին, ըստ հաղորդումների, Արցախի նախկին պաշտոնյաների փաստաբանները միջնորդել էին խափանման միջոցը տնային կալանքով փոխել:

Բաքվի դատարանը մերժել է նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը. նա 10 օր էր խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար։

Ալիևի ռեժիմը նրանց տասնյակ ծանր մեղադրանքներ է ներկայացրել:

Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը մեկնարկել է հունվարի 17-ին: Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացրել են:

Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի՝ հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 6-ին:

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

XS
SM
MD
LG