Ադրբեջանում փետրվարի 10-ին շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ դատավարությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նիստը մի քանի անգամ ընդմիջվել է: Ըստ նույն աղբյուրների՝ Ռուբեն Վարդանյանը, վկայակոչելով իր ներկայացրած միջնորդությունների մերժումը, հայտարարել է քրեական հետապնդման մեջ դատավորների կոլեգիայի շահագրգռվածության մասին և բողոք հայտնել դատարանի կազմի դեմ: Նրա այս բողոքը թողնվել է առանց քննարկման:
Դատական հերթական նիստը նշանակվել է փետրվարի 13-ին:
Արցախի նախկին պետնախարարն ավելի վաղ ընտանիքի միջոցով ահազանգել էր իր նկատմամբ ճնշումների մասին, որ չի մասնակցել հարցաքննություններին, սակայն իրեն և իր փաստաբանին ստիպել են, որպեսզի ստորագրեն չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրությունները։
Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը Բաքվում մեկնարկել է հունվարի 17-ին: Ռուբեն Վարդանյանի դատավարությունն անցկացվում է մյուսներից անջատ:
Ռուբեն Վարդանյանի քրեական հատորները 400 էջից ավելի են, 42 մեղադրանք է առաջադրվել:
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 նախկին պաշտոնյաները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և արտգործնախարար Դավիթ Բաբայանը: