1991-ից մինչև 2016-ի քառօրյա պատերազմ ու 2020-ի դեպքերը՝ տավուշյան մարտեր ու 44-օրյա պատերազմ, մանաթով կրած միլիոնների վնասները հաշվարկել ու երեկ ադրբեջանցի դատախազները մյուս ծանր մեղադրանքների շարքում ներկայացրել են 1.5 տարվա գերության մեջ պահվող հայերին։ Մեղադրանքի մեջ Բաքուն ամփոփել է 30 տարիները:
44-օրյա պատերազմի ընթացքում հոկտեմբերի 4-17-ը Գյանջայի հրթիռակոծությունը, ըստ մեղադրանքի, Հայաստանի տարածքից է իրականացվել՝ «Սմերչ» համակարգից։ Ըստ ադրբեջանական «Ազերթաջ»-ի՝ երեկ նաև հայտարարվել է, թե իբր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ու Արևմտյան արտահանման խողովակաշարի պայթեցման փորձեր են եղել:
Ադրբեջանական դատարանի առաջ հայտնված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները ներկայացվում են ՀՀ քաղաքացիներ, որոնց պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանությունը բռնի զավթելու/պահելու մեղադրանքներ են ներկայացված։
Ադրբեջանցիները ինչպես Հայաստանի Հանրապետությանը, այնպես էլ՝ Հայաստանի ու Արցախի մի շարք նախկին ղեկավարներին՝ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, նախկին վարչապետեր ու ՊՆ նախկին նախարարներ Վազգեն Սարգսյանին ու Վազգեն Մանուկյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարներ Սամվել Բաբայանին ու Սեյրան Օհանյանին, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, Արցախյան պատերազմի հերոս հրամանատարներից Մոնթե Մելքոնյանին ադրբեջանական բնակչության ոչնչացման և ահաբեկչութան մեղադրանքներ են ներկայացրել։
Իշխանությունը նոր-նոր հասկացավ, որ Ադրբեջանում ընթացող դատավարության թիրախը իրենք են, երբ հասնեն 44-օրյա պատերազմին, կտան նաև Նիկոլ Փաշինյանի անունը, հայտարարում է Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը:
«Իրենք էլ են նոր հասկացել, ի դեպ: Սկզբից ինչ էին անում՝ սկզբից Ռուբեն Վարդանյանին, մյուսներին վարկաբեկում էին, ինչ ասես ասեցին, չէ՞՝ «դեռ հարց է՝ ով է, ինչի է եկել, ինչ էր ուզում անել»: Հիմա հասկացան, որ էդ դատավարությունը Ռուբեն Վարդանյանի ու մյուսների նկատմամբ չի, Հայաստանի՛ նկատմամբ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուստամյանը:
Ադրբեջանում պահվող հայ գերիների դատավարության շուրջ Հայաստանի իշխանության լռությունը խախտվեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, երբ ադրբեջանական լրատվամիջոցները պնդեցին, իբր նա ասել է, թե զղջում է 44-օրյա պատերազմում Գյանջան հրթիռակոծելու հայտարարության համար, այդ որոշումն էլ ինքը չի կայացրել: Օրեր անց վարչապետ Փաշինյանը, հետախուզական տվյալներին հղում անելով, չբացառեց, որ ադրբեջանցիները հոգեներգործուն արգելված միջոցներով ցուցմունքներ կորզվեն Բաքվում պահվող հայերից՝ հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար: Այս շաբաթ էլ Բաքվի դատավարությունը թատերականացված որակեց: