Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Բաքուն փորձում է այնտեղ գտնվող հայերից ցուցմունքների միջոցով առևտրի հիմքեր ստեղծել


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արխիվ

Բաքվում վերսկսվել է դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանում այսօր վերսկսվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության գործերով դատավարությունը։

Ալիևի ռեժիմը նրանց տասնյակ մեղադրանքներ է ներկայացրել՝ «պատերազմական ագրեսիա, ցեղասպանություն, բնակչության բռնի տեղահանում, հետապնդումներ, կտտանքներ, ռազմական թալան», որոնք, ըստ մեղադրանքների, Ադրբեջանի և այդ երկրի ժողովրդի դեմ «իրականացրել է Հայաստանը և նրա զինված ուժերը», ինչպես նաև «Հայաստանի կողմից ստեղծված այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն» ու վերջինիս կողմից ստեղծված ապօրինի զինված խմբավորումները»։

Բաքվում ընթացող դատավարության և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին վերագրվող հայտարարությունների ֆոնին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Հանրայինին տված հարցազրույցում հայտարարեց, թե արգելված միջոցների գործադրմամբ Բաքուն փորձում է ցուցմունքներ կորզել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից՝ դրանք հետո Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։

«Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար։ Սպառնալիք է գեներացվում ՀՀ դեմ», - ասել է Փաշինյանը, - «Հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզվեն նրանցից: Այդ դատավարությունն օգտագործվելու է ՀՀ դեմ»։

Նախորդ դատական նիստից հետո ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել էին, թե Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, թե իբր «զղջում է 2020-ի 44-օրյա պատերազմում Գյանջան հրթիռակոծելու հայտարարության համար», և որ ամենակարևորն է՝ «այդ որոշումը ինքը չի կայացրել»։ Թե ով է նման որոշում կայացրել, չէր նշվել։ Ընդդիմությունից կարծիքներ հնչեցին, որ Բաքուն փորձում է մի գործ էլ Փաշինյանի վրա կարել։

«Ինչո՞ւ ոչ ևս մի հայց ներկայացնելու, ևս մի մեղադրանք ներկայացնելու հայկական կողմին»

Թե ինչ հոգեներգործուն միջոցներ են կիրառվում Բաքվում պահվող հայ գերիների դեմ՝ նրանցից տարբեր ցուցմունքներ կորզելու համար, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ Բաքուն փորձում է նման ցուցմունքների միջոցով հետագայում առևտրի հիմքեր ստեղծել։

«Եվ ինչո՞ւ ոչ ևս մի հայց ներկայացնելու, ևս մի մեղադրանք ներկայացնելու հայկական կողմին, ինչ-որ հետագա առևտրի հիմքեր: Լրացուցիչ լծակ և լրացուցիչ ինչ-որ կետ ունենալ, որը քննարկման ենթակա ...: Հայաստանի Հանրապետությունը գիտակցում է այդ մարտավարությունը և թույլ չի տալու, չի ներքաշվելու նման սադրանքների մեջ», - այսօր ասաց ԱԺ նախագահը:

Ճնշման, կյանքի սպառնալիքի ներքո Ադրբեջանի իշխանությունները ինչ ուզեն, կարող են գրել տալ գերիներին. Աբրահամյան

Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ իշխանությունը շատ ավելի վաղ պետք է բարձրաձայներ Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից կեղծ ցուցմունքներ կորզելու և շինծու դատավարություն կազմակերպելու մասին։ Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ ճնշման, ընդհուպ կյանքի սպառնալիքի ներքո Ադրբեջանի իշխանությունները ինչ ուզեն, կարող են գրել տալ գերիներին, և դա նաև ապացուցվում է Ռուբեն Վարդանյանի հայտարարությամբ, համաձայն որի՝ իր փաստաբանի և թարգմանչի վրա «ճնշում է գործադրվել, որպեսզի ստիպեն ստորագրել տեղի չունեցած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ»:

«Դատավարության տարբեր հանգամանքները օգտագործվում են Հայաստանի դեմ նոր քաղաքական և, չի բացառվում, նաև ռազմական հարվածի հնարավորություն ստեղծելու համար», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանը պատահական չի համարում, որ Ալիևի ռեժիմը կենտրոնացել է 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի օդակայանի ռմբակոծության վրա՝ փորձելով ներկայացնել, թե օդակայանին հիմնական հարվածներ հասցնելու որոշումը կայացվել է ոչ թե Արցախում, այլ Հայաստանում. - «Ադրբեջանում չեն էլ թաքցնում դա՝ նշում են, որ եթե ապացուցվի, որ իրականում Հայաստանից է եղել որոշումը, կամ Հայաստանից է հարված հասցվել Գյանջայի ռազմական օդականավակայանին, իրենք ներկայացնում են, որ տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, ապա ըստ իրենց՝ դա լեգիտիմ հիմք է ստեղծելու Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը ևս չի բացառում, որ դատավարության ընթացքում ձեռք բերված կեղծ ցուցմունքները կօգտագործվեն նաև բանակցային գործընթացում՝ Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու համար. - «Առանց այդ էլ բանակցային դիրքավորման ծանր վիճակում է Հայաստանը, և հավելյալ այդպիսի փաթեթների կիրառումը կարող է ավելի ծանր իրավիճակի հասցնել», - նշեց նա:

Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ ինչպես շատ սպառնալիքների դեպքում, այս անգամ էլ Հայաստանի իշխանության արձագանքը խիստ ուշացած է, և ցավոք, միայն վերջին օրերին է հասկացել, որ Հայաստանի դեմ Բաքուն մեծ արկածախնդրություն է պատրաստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG