Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանում շարունակվեց Ռուբեն Վարդանյանի դեմ դատավարությունը


Ադրբեջանական լրատվամիջոցներն առավոտյան միայն հաղորդեցին, որ շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ դատավարությունը։ Բաքվի զինվորական դատարանի առջև հայտնված ևս 15 ամբաստանյալների՝ նրանց թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական մյուս ղեկավարների դատավարությունը նույնպես այսօր էր նշանակված, բայց արդյոք կայացե՞լ է, ի՞նչ փուլի է հասել, ողջ օրվա ընթացքում տեղեկություն չհրապարակվեց:

Ռուբեն Վարդանյանի գործը 422 հատորանոց է՝ շուրջ 45 մեղադրանքներով՝ ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու, ագրեսիվ պատերազմ ծրագրելու ու վարելու մեղադրանքներից մինչև խոշտանգումներ ու Ադրբեջանի սահմանն ապօրինի հատել։

Նախկին պետնախարարի դատավարությունից ադրբեջանական պետական լրատվամիջոցները ողջ օրվա ընթացքում զուտ տեխնիկական մանրամասներ են փոխանցում, թե Վարդանյանին իր իրավունքներն են պարզաբանել։ Հատուկ շեշտեցին են, թե նա ունի պաշտպան։

Իսկ դատավարության նախօրեին Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով ահազանգել էր իր նկատմամբ ճնշումների մասին, որ չի մասնակցել հարցաքննություններին և քննիչներին իր անուն-ազգանունից բացի այլ բան չի ասել, սակայն իրեն և իր փաստաբանին ստիպել են, որպեսզի ստորագրեն չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրությունները։

Արցախի մյուս ղեկավարներին ևս ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ ցեղասպանություն, ահաբեկչություն ու ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Վարդանյանի գործը մյուսներից առանձնացված է քննվում, բայց նույն դատավորի՝ Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Ադրբեջանական բանտերում պաշտոնական տվյալներով 23 հայ գերի է պահվում, ինչպես Վարդանյանը, Արցախի ռազմաքաղաքական մյուս 7 ղեկավարները ևս կալանավորվել են 2023-ի սեպտեմբերին, երբ հարձակման արդյունքում Ադրբեջանին հաջողվեց ամբողջական վերահսկողություն սահմանել Արցախի վրա։

Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստն ընթանում է հունվարի 17-ից: Day.az-ի հաղորդմամբ՝ նրանց տրամադրվել են հայերենի թարգմանիչներ և փաստաբաններ։ Բայց այս պնդումը հնարավոր չէ ճշտել. նախ ուղիղ հեռարձակումներ այդ դատավարություններից չկան, հրապարակվում են պատառիկներ՝ հիմնականում պետական լրատվամիջոցներում և ուշ երեկոյան միայն։

Բացի այդ ադրբեջանական պաշտոնական տեղեկություններն ու նույն Ռուբեն Վարդանյանի հայտարարությունները, որ ընտանիքի ու փաստաբանների միջոցով են հրապարակվում, խիստ տարբեր են: Նրա օտարերկրացի փաստաբանները Բաքու մեկնել չեն կարողանում, նրան ու մյուս հայերին պաշտպանում են Ադրբեջանի նշանակած փաստաբանները: Իսկ քրեական գործերով ավելի քան կես միլիոն տուժող ու տուժողի ներկայացուցիչ կա։

Ադրբեջանում պահվող հայ գերիների դատավարության շուրջ Հայաստանի իշխանության լռությունը խախտվեց Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո, երբ ադրբեջանական լրատվամիջոցները պնդեցին, իբրև նա ասել է, թե «զղջում է 44-օրյա պատերազմում Գյանջան հրթիռակոծելու հայտարարության համար, այդ որոշումն էլ ինքը չի կայացրել»:

Օրեր անց վարչապետ Փաշինյանը, հետախուզական տվյալներին հղում անելով, չբացառեց, որ ադրբեջանցիները հոգեներգործուն արգելված միջոցներով ցուցմունքներ կորզվեն Բաքվում պահվող հայերից՝ հետագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար: Հայաստանի վարչապետն ասում է, թե գերիների խնդրին հետամուտ են։ Բայց չի ասում՝ կոնկրետ ի՞նչ է անում ու առաջարկում պաշտոնական Երևանը:

«Գրավոր մենք մեր առաջարկները փոխանցել ենք, արդյոք էդ թեմաների մեջ կա՞ անդրադարձ գերեվարված, պահվող անձանց, գերիների, պատանդների և այլ պահվող անձանց մասին թեմային, իհարկե, կա, աներկբա կա, անընդհատ կա, չի կարող չլինել», - հայտարարել է Փաշինյանը:

Ըստ իշխանականների, Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում գերիների հարցը ներառված չէ, բայց նախագծի 2 չհամաձայնեցված կետերից մեկը իրավական վեճերի բացառմանն է վերաբերում։

Շուտով 3-րդ ամիսը կլրանա, որ Հայաստանն Ադրբեջանին չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ առաջարկներ է արել, բայց պատասխան չի ստացել։ Ընդ որում, հայտի չէ՝ կոնկրետ ի՞նչ լուծումներ են առաջարկվել հենց միմյանց դեմ միջազգային հայցերի մասով ու այդ դեպքում ինչպես է լուծվելու գերիների հարցը: Ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի միջազգային 5 հայցերից մեկը հենց տարբեր փուլերում հայաստանցիների ապօրինի բանտարկություններին ու նրանց դատավարություններին է վերաբերում։

«Եթե քաղաքական լուծումները չաշխատեն, այս անձինք հայտնվելու են անպաշտպան իրավիճակում, և նրանց կյանքը բացառապես կախված է լինելու Բաքվի իշխանությունների քմահաճույքից», - ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Սցենարը, որ Հայաստանն առանց գերիների վերադարձի հետ կանչի գործերը, Եվրոպական դատարանում գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը վտանգավոր է համարում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG