ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը համադրել է փաստերն ու եզրակացրել՝ պահման լավ պայմանների վերաբերյալ ադրբեջանական դատարանի առջև հայտնված հայերի հայտարարությունները նրանց ազատ կամարտահայտությունը չեն։
«Ադրբեջանը ճանաչված է որպես երկիր, որտեղ խոշտանգումները և դաժան վերաբերմունքը վարչական պրակտիկայի մաս են: Հայրենդարձվածների վկայությունները համադրված են բժշկական արդյունքների, փորձաքննությունների հետ, և վկայում են, որ հայերի նկատմամբ կա վատ վերաբերմունք, նաև ստորացման դրսևորումներն են պարբերական բույթ կրում», - ասաց նա:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախկին նախագահ ու նախկին արտգործնախարար Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Բաբայանը երեկվա դատական նիստում հերքել են իրենց ու ազատազրկված մյուս հայերի նկատմամբ ճնշումները, Արայիկ Հարությունյանը՝ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հետախուզական տեղեկություններ ունեն, որ Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ «հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից»։
Փաստաբան Սիրանուշ Սահակյանի տեղեկություններով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները նույն խցում երբևէ միասին չեն պահվել. «Չունենք որևէ տեղեկատվություն, որ երբևէ Արայիկ Հարությունյանը պահվել է Ռուբեն Վարդանյանի հետ կամ այլ բարձրաստիճան ղեկավարների հետ: Հստակ ունենք տվյալներ, թե ում հետ երբևէ չի պահվել մի խցում, և այս առումով առնվազն տարօրինակ է, որ մյուս պատանդների հետ խցում չլինելով, նրանց հետ շփում չունենալով՝ կարելի է կատեգորիկ հայտարարություն կատարել այլ պատանդների պահման պայմանների և վատ վերաբերմունքի բացակայության վերաբերյալ: Մենք այստեղ հակասություն ենք տեսնում, քանի որ Ռուբեն Վարդանյանը նաև հրապարակային ներկայացրել է իր նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումներ»:
Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը մյուս 15 հայերի, այդ թվում՝ Արցախի 7 նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից առանձնացված է քննվում։ Երեկ նրա դատն էլ է շարունակվել։
Ընտանիքին Վարդանյանի ադրբեջանցի փաստաբանն է որոշ մանրամասներ փոխանցել, նրանք էլ՝ Սիրանուշ Սահակյանին։ Ներկայացվել է մեղադրական եզրակացությունը, որի ընթացքում բացահայտվել են ոչ պատշաճ թարգմանչական խնդիրներ։ Վարդանյանը բացարկ է ներկայացրել թարգմանչին, որը մերժվել է։ Բացի այդ, ըստ Սահակյանի, մերժվել են պաշտպանական կողմի մյուս բոլոր միջնորդությունները՝ փաստաթղթերի պատճենները ստանալու, վկայակոչվող տեսանյութերը դիտելու, ինտերնետ հասանելություն ունենալու մասին։ Նույն թարգմանչին դատարանը կարգադրել է ապահովել թարգմանեության պատշաճ որակ։
Ահա թե ինչպես է բացահայտվել սխալը. «Արանքի որակումներին առնչվող մասերում հղում են կատարել Բելառուսի օրենսդրության վրա»:
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ նաև մեղադրական եզրակացությանն էին հղում անում, որտեղ Լեռնային Ղարաբաղի ստեղծումը ներկայացվում է որպես «Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու քայլ», իսկ դրա հետևում Հայաստանի ու Արցախի մի շարք նախկին ղեկավարներին են տեսնում՝ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, նախկին վարչապետեր ու ՊՆ նախկին նախարարներ Վազգեն Սարգսյանին ու Վազգեն Մանուկյանին, ՊԲ-ի նախկին հրամանատարներ Սամվել Բաբայանին ու Սեյրան Օհանյանին, արցախյան պատերազմի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանին ու այլոց:
Ադրբեջանական դատարանի առջև հայտնված Արցախի ղեկավարներին էլ առաջադրվել են ցեղասպանության, ահաբեկչության ու ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու մեղադրանքներ: Նկարագրված ծանր հանցանքների շարքը, ըստ Բաքվի, «Հայաստանի քաղաքական, ռազմական ու նյութական օժանդակությամբ է տեղի ունեցել»։
Այդ մեղադրանքը Հայաստանի դեմ է՝ ագրեսոր ներկայացնելու համար, կարծում է իրավապաշտպանը. «Ադրբեջանական կողմը, Հայաստանի տարբեր ժամանակահատվածների ղեկավարների անունները ամրագրելով, մի խնդիր է փորձում լուծել, որ «Արցախի վարչակազմը հրահանգավորումներ է ստացել Հայաստանի իշխանությունների կողմից, և այն եղել է խամաճիկային վարչակազմ»: Քանի որ Ադրբեջանը չունի ապացույցներ, փորձում է այստեղ ևս ապացույցներ ստեղծել ներպետական դատարանների գործունեության միջոցով, որոնք հետագայում հրամցնելու են միջազգային դատական ատյաններին: Թեև արհեստական հիմքեր ստեղծվում են, սակայն այդ ապացույցները վիճարկելի են, և միջազգային իրավունքում արգելված է ճնշումների, խոշտանգումների ներքո ձեռք բերված ապացույցների օգտագործումը»:
Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը փետրվարի 10-ին է, Բաքվի զինվորական դատարանի առջև հայտնված մյուս 15 ամբաստանյալների դատն այսօր պետք է շարունակվեր, բայց ոչ մի լուր մինչև այս պահը ադրբեջանական լրատվամիջոցները չեն հրապարակել։ Ուղիղ հեռարձակում չկա, իսկ հրապարակվող առանձին դրվագների ու հայտարարությունների իսկությունը ստուգել այլ աղբյուրից հնարավոր չէ, պետական «Ազերթաջ»-ն է հրապարակումներ անում, այն էլ՝ ուշ երեկոյան։