Մատչելիության հղումներ

«Ազերթաջ». Բանտերում պահվող հայերը ցուցմունք են տվել


Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, իբր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Բաքվի դատարանում հերքել է իր ու ազատազրկված մյուս հայերի նկատմամբ ճնշումների և հոգեներգործուն միջոցների կիրառումը:

Պետական «Ազերթաջ» գործակալության հաղորդմամբ, ադրբեջանական բանտում գտնվող Հարությունյանը գոհունակություն է հայտնել ազատազրկման վայրի պայմաններից ու իրենց նկատմամբ վերաբերմունքից։ Այս մասին Հարությունյանը հայտարարել է ավտորիտար երկրի իրավապահների ու պաշտոնյաների հսկողության տակ։

Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն էլ է, ըստ ադրբեջանական պետական աղբյուրների, դատարանում վստահեցրել, որ իրենց նկատմամբ ոչ մի ճնշում չի եղել, և իրենց հետ հարգալից են վերաբերվում:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատավարության նախօրեին ընտանիքի միջոցով ահազանգել էր իր նկատմամբ ճնշումների մասին, որ չի մասնակցել հարցաքննություններին, սակայն իրեն և իր փաստաբանին ստիպել են, որպեսզի ստորագրեն չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրությունները։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս տված հարցազրույցում հայտարարեց՝ հետախուզական տեղեկություններ ունեն, որ Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ «հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից»։

Հայաստանյան ու միջազգային իրավապաշտպանները ևս մտահոգ են Բաքվում պահվող հայերի նկատմամբ հավանական ճնշումների առնչությամբ, ընդգծելով, որ Իլհամ Ալիևի վարչակազմը անգամ սեփական քաղաքացիներին է բազմիցս անմարդկային վերաբերմունքի արժանացրել ու կտտանքների ենթարկել։

Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը Բաքվում մեկնարկել է հունվարի 17-ին: Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները: Նրանց ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

XS
SM
MD
LG